Հեռավոր, հատկապես սահմանամերձ գյուղերում, արդեն շատ վաղուց է` հուշարձաններ չեն կանգնեցնում: Գնացեք Սեւանից մինչեւ Նոյեմբերյան: Միակ հուշարձանը, որը կա անխտիր բոլոր, անգամ մոռացված ու գրեթե անմարդաբնակ գյուղերում, Անհայտ զինվորին նվիրված արձանն է` զինվորը` գրկին փոքրիկ երեխա: Հասկանալու համար, թե երբ կանգնեցված կլինեն այդ հուշարձանները, բավական է հիշել, որ Անհայտ զինվորը խորհրդանշում է Հայրենական Մեծ պատերազմը (1941-45թթ.): Այս հուշարձաններին արդեն երկար տարիներ ունիվերսալ դեր է վերապահված. գյուղացիներն այդ հուշարձանի մոտ են հավաքվում` մայիսի 9-ին, 88-ի երկրաշարժի տարելիցին: Այդ հուշարձանին ծաղիկներ են դնում նորապսակները` նրան վերագրելով նաեւ սիրո բարեխոս Ս. Սարգիսի հնարավորությունները… Մայրաքաղաքում հուշարձանները շատ են: Եվ նման առատությունն աչք չէր ծակի, եթե դրանք տեղադրված չլինեին այդքան խտությամբ: Միայն Օպերայի շենքի անմիջական հարեւանությամբ հուշարձանների թիվը գրոտեսկային է` Հովհաննես Թումանյան-Ալեքսանդր Սպենդիարյան զույգը բոլոր կողմերից շրջապատված է` Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Կոմիտաս, Առնո Բաբաջանյան: Ակնհայտորեն որեւէ մեկը հաշվի չի առել, որ մայրաքաղաքի կենտրոնում ազատ տեղ չթողնելով` սահմանափակվում է նոր ծնված կամ դեռեւս չծնված մեծերի` մայրաքաղաքի կենտրոնում հուշարձան ունենալու հնարավորությունը:
Մարտիրոս Սարյանի հարեւանությամբ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներն են: Ֆրանսիայի հրապարակում Օգյուստ Ռոդենի` նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի` թերեւս, միայն արձանի գլխին հանգրվանող թռչունների համար տեսանելի քանդակը դնելը նույնքան ոչ տեղին էր, որքան նախագահական նստավայրի բակում Նոյի արձանը դնելը: Հետաքրքիր կլիներ լսել հիմնավորումը: Սակայն Նոյի քանդակը` ջրհեղեղի պատմությունից ոչ պակաս մի այլ պատմության սկիզբն է. ամիսներ առաջ էր` ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդում լրջորեն քննարկվում էր Նոյին` իր ընտանիքի եւ ֆաունայի այլ ներկայացուցիչների հետ աստվածաշնչյան տապանում տեսնելու խնդիրը: Իսկ տապանը սովորական տապան չէ` երկարությունն, ըստ Հին Ուխտի հայկական մեկնաբանների` 133 մ է, լայնությունը` 23 մ, բարձրությունը` 14 մ: Հանրային խորհուրդը նպատակ է դրել Տապանը տեղադրել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: Այն կզբաղեցնի 100.000 քմ տարածք: Թե որքան գումար է ծախսել Նոյն` իր տապանը կառուցելու համար, «Աստվածաշունչը» խոհեմաբար լռում է: Սակայն Հանրային խորհրդում հաշվել են նաեւ դա. մասնավորապես` մեր Տապանի համար անհրաժեշտ կլինի մի ինչ-որ երեք միլիոն դոլար: Իսկ ինչո՞ւ Հանրային խորհրդում չքննարկել մայրաքաղաքի որեւէ գողտրիկ անկյունում սեփական Մասիսը` բնական չափերով կառուցելու եւ հենց այնտեղ էլ Տապանը տեղադրելու գաղափարը` սկզբնաղբյուրից շատ չհեռանալու համար: Սա արդեն ձեզ համար Լեյլա Սարիբեկյանի երգի տակ Արագածի շուրջ շուրջպար չէ. կլուծվի Գինեսի ռեկորդների գրքում տեղ զբաղեցնելու խնդիրը: «Աշխարհի ամենաանհեթեթ նախագիծ» անվանակարգում:
Ինչ վերաբերում է մեր մեծերի արձաններին, ազգի ընտրյալներն այնքան շատ չեն, որ մեզ թույլ տանք չնկատել նրանցից ոմանց: Սակայն, համաձայնեք, բոլորի արձանները, կիսանդրիներն ու հուշակոթողները մայրաքաղաքում տեղավորելը, ընդ որում, համապատասխան միջավայր ապահովելու դեպքում, գրեթե անհնար է: Նույնիսկ` անիմաստ: Թեեւ, կան արվեստագետներ, ում արձանները տեսնելու ցանկություն մեր համաքաղաքացիներն, այդուհանդերձ, ունեն: Օրինակ` Լուսինե Զաքարյանի հուշարձանը: Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը հետեւողականորեն պնդում է Գոհար Գասպարյանի արձանի անհրաժեշտության մասին: Մայրաքաղաքում չկա բանաստեղծ Համո Սահյանի արձանը, ինչի մասին ահազանգում է մեծ բանաստեղծի որդին: Արժանի՛ մարդիկ են, ոչինչ չես ասի: Երեւանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովն օրերս կայացած իր հերթական նիստում որոշել է մայրաքաղաքը հարստացնել եւս երկու քանդակով` «Երեք դուդուկահարներ» (Ջիվան Գասպարյան, Վաչե Հովսեփյան եւ Լեւոն Մադոյան), իսկ «Երեւան 2012. գրքի մայրաքաղաք» տարին պարտավորեցրել է ունենալ քանդակ, որը կվկայի գրքի հանդեպ մեր վերաբերմունքի մասին: Քանդակն, ի դեպ, ունի բավականին խորհրդանշական, անգամ տխուր անվանում` «Հուշարձան ընթերցողին»: Թեեւ ընկալվում է` որպես «Հուշարձան` գրքից անժամանակ հեռացած ընթերցողին»: Արման Դավթյանի հեղինակած քանդակն ավելի շուտ կոմպոզիցիա է` բաղկացած աթոռից, լուսամփոփից եւ գրքից: Հեղինակը հավանաբար ակնկալում է, թե դատարկ աթոռը մշտապես զբաղված կլինի որեւէ ընթերցասերի կողմից: Թեեւ չի բացառվում, որ այն զբաղեցնողը դա անի լրիվ այլ` ընթերցանության հետ կապ չունեցող նպատակով:
Որքան անտրամաբանական է մեր որոշ մեծերի արձանները չունենալը, նույնքան անհասկանալի է նույն մարդու անունով մի քանի շինություն կոչելը, նույն մարդու արձանը ունենալը մայրաքաղաքում եւ նաեւ պարտադիր` բոլոր մարզկենտրոններում: Այս դեպքում անուններ չեմ տա` հարգելով նրանց հարազատների զգացմունքները: Թեեւ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում հարազատներն իրենք կդիմեին քաղաքային իշխանություններին` հարգված գործչի անունը թողնել միայն մեկ փողոցի կամ մեկ շինության վրա: Հիշատակը հարգելու շատ այլ միջոցներ կան: Իսկ հուշարձանների ավելցուկն այս դեպքում անգամ հակառակ ազդեցությունը կարող է ունենալ:
Ոմանց վերաբերմունքը հուշարձանների հանդեպ ավելի շուտ սպառողական է: Որքան ժամանակ է` Մաշտոցի պողոտայում գտնվող Հրաչյա Աճառյանի հուշակոթողից անհետացել է մեծ լեզվաբանի գլուխը: Աճառյանն ինչ-որ մեկին առավելապես հետաքրքիր է ոչ թե որպես աշխարհահռչակ լեզվաբան, այլ որպես մետաղի ջարդոն: Ի դեպ, պարբերաբար թռցնում են նաեւ Այվազովսկու արձանի վրձինը. այն բրոնզաձույլ է: Փլուզման եզրին է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը: Այս մասին ահազանգում է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը:
Կան արձաններ, որոնք հարմար տեղ չունեն: Օրինակ` «Դվին» հյուրանոցի բակում կար հրաշալի արձան` «Լեռնցիների պարը» (քանդակագործ` Տիգրան Արզումանյան): Հյուրանոցը սեփականաշնորհվել է, եւ լեռնցիներն` իրենց պարով, այնտեղ այլեւս պահանջված չեն:
Հուշարձաններն, ինչ խոսք, անհրաժեշտություն են: Սակայն մայրաքաղաքում առավել հետաքրքիր է ունենալ խորհրդանշական արձաններ` «Ջուր ծախող տղան», Կարաբալայի արձանը: Վաղուց հասունացած է մայրաքաղաքի կենտրոնում ունենալ երկրի ղեկավարների եւ մի քանի օլիգարխների մտերմիկ զրույցը հավերժացնող քանդակը: Դա կլինի ինտերակտիվ կոթող. մարդկային հերթը դեպի այդ հուշակոթող կձգվի ոչ թե օրացույցի այս կամ այն օրը: Այն տարվա 365 օրը պատված կլինի թարմ ծաղիկներով…