Ավելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում է, բացի թուրքերից: Թուրքը Մհերի համար ոչ թե մարդ է, այլ` պատկերացում: Ասում է` դպրոցում սովորեցրել են, որ թուրքերը մեր թշնամիներն են, քանի որ հայերին մորթել, կոտորել են: Դպրոցում մեկ էլ սովորեցրել են, որ հայերը լավն են, ու Մհերը անվերապահորեն հավատացել է դրան: Հայերին սիրող ու թուրքերին ատող Մհերն ինձ ուղեկցում է իր «տուն», որն անհասցե է ու ոչ քաղաք է, ոչ գյուղ: Ձորի բերանի երկայնքով մղոններով գնում ենք, որտեղ քայլելու տարածքը գնացքի ռելսերի մեջտեղով է: Իմ ու Մհերի ետեւից գալիս է մայրը` Ալմաստը, Ալմաստի ետեւից` ավագ որդին` Ավետիսը, Ավետիսի ետեւից` փոքր որդին` Արմանը, Արմանի ետեւից` նրանց պապը` Երվանդը, Երվանդի ետեւից` նրանց հորեղբայրը: Ու բոլորս գնացքի ռելսերի մեջտեղի քարքարոտ ու փոշոտ, ամայի տարածքով գնում ենք Մհերենց անհասցե «տուն»:
Մհերը շաբաթ-կիրակի օրերին ամեն անգամ նույն տարածությունը հաղթահարելիս մնում է նույն կարծիքին, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` մարդասպաններ: Քայլելու հետ մեկտեղ` քթի տակ մտմտում է. «Շատ եմ ուզում բանակ գնալ: Պիտի մեր հայրենիքը պաշտպանեմ: Երբ որ թուրքերը հայերին կոտորել են, ես ծնված չեմ եղել, բայց ես հիմա կամ ու կպաշտպանեմ մեր հայերին»: Մայրը` Ալմաստը, անտարբեր, հայացքի անշարժ սառնությամբ` բնազդաբար, անմտածել քայլում է: Յոթ հոգով իրար հետեւից գնացքի ռելսերի արանքով քայլում-քայլում ենք, բայց խոսում է միայն Մհերը, ընդ որում` միայն ազգային թեմաներից: Ու, Մհերի հայրենասիրական խրոխտ արտահայտություններից տպավորված, մտքումս արդեն պատկերացնում եմ այն տունը, որտեղ «անդարդ» ապրող տղայի միակ դարդը հայերին թուրքերից պաշտպանելն է: Ճանապարհին Մհերն իր կյանքի մասին շատ բան է պատմում, մասնավորապես նշում է, որ ինքը ոչ մի հոգս չունի, շուտով ծննդյան օրն են նշելու, որի առիթով մայրը տորթ է թխելու, իրեն նվերներ են տալու, ու ինքը, ինչպես միշտ` իրեն երջանիկ է զգալու: Բայց նույնիսկ այդ օրն էլ ինքը թուրքերին ներելու բարդույթից չի ազատվելու, քանի որ թուրքերի անմարդկային գործողությունները մոռանալու չեն անգամ իր համար ամենամեծ տոնի ընթացքում: «Պապիկ, դու գնա շներին պահի, որ չվախենա,- մեծավարի պապին հրահանգում է Մհերն ու ինձ մխիթարելով` ասում է,- Ուր որ ա` հասնում ենք»: Քարուքանդ եղած կիսափուլ պատնեշի արանքով անցնում ենք, որը ճողոպրելուց հետո մեզ դիմավորում է մի գամփռ ալարկոտ շուն, հետո էլի մի կատաղած շուն, իսկ մի քանի քայլ այն կողմ` շան ձագերի մի ողջ գերդաստան: «Էս էլ մեր տունը»,- ասում է Մհերն ու շվարած նայում է ուղիղ աչքերիս մեջ` հասկանալու համար` ինչո՞ւ եմ պապանձված կանգնել իրենց «տան» ու մեր ոտքով կտրած մի ամբողջ թաղամաս տարածության արանքում: «Էս տուն ա՞»,- կարկամելով հարցնում եմ` հույս ունենալով, որ կասեն` չէ, էս շների կացարանն ա, իսկ տունն էն կողմում ա:
«Հա, էս մեր տունն ա, ներս եկեք, մի վախեցեք»,- ասում է Մհերի մայրը` Ալմաստը, ում երեք երեխաները հավանաբար չգիտեն, որ Հայաստանում 21-րդ դար է, մարդիկ հյուղակներում ապրելու փոխարեն` արձաններով պալատներում են ապրում:
Մհերի տունն անասնագոմ չէ, նկուղ չէ, հավաբուն չէ, չգիտեմ ինչ էգ Ինչ-որ բան է, որն անուն չունի: Ներսում սոսկալի մութ ու տոթ է, որտեղ առնետները պարբերաբար երեխաներին գրոհի են ենթարկում: «Ես ստեղ եմ քնում, Արմանը` կողքս, Ավետիսն էլ` մեր մեջտեղում»,- ասում է Մհերը` մատնացույց անելով կեղտակորույս անկողինը, որն անգամ որպես հատակի փալաս պիտանի չէ:
Ավետիսն ու Արմանը մտավոր հետամնացություն ունեն: Նույն հիվանդությամբ տառապում են նաեւ երեխաների հայրն ու հորեղբայրը: Հորեղբայրն ինձ խնդրում է օգնել հաշմանդամության թոշակ ստանալու հարցում, հակառակ դեպքում` սովամահ կլինեն: Ասում է` «Ինձ ասում են` պիտի գժանոցում պառկես, որ թոշակավորենք: Ախր, ես գիժ չեմ, հա, մտավոր հետամնաց եմ, բայց դա հոգեկան հիվանդություն հո չի՞»: Ալմաստն իրենց կենցաղի համար Աստծուն փառք է տալիս, որովհետեւ մի երկու տարի առաջ բաց երկնքի տակ են գիշերել: Անձրեւաջրերն ու ձյան հալոցքն օր ու գիշեր լցվել է դրսում ապրող ընտանիքի գլխին:
«Հիմա, փառք Աստծո, էս գոմի համար»,- ասում է երեք անչափահաս երեխաների մայրը, ում խոսքերից հետո շվարած նայում եմ շուրջս, որտեղ անասնական կյանքով ապրում ու մեծանում է Հայաստանի Հանրապետության ապագան` Արմանը, Մհերն ու Ավետիսը: Մի քանի մետրանոց անասնագոմում ապրում են վեց հոգով, որտեղ աշխատուժը երեխաների հայրն ու հորեղբայրն են, ովքեր բանվորություն անելով` օրական ստանում են 1000 դրամ: Ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված չեն` գրանցում չունենալու պատճառով, եւ պետությունից որեւէ աջակցություն չեն ստանում: Երեխաների մայրն ասում է` տարիներով անլույս են ապրում` «Էս տարածքի էլեկտրիկի հետ խոսացինք, ասեց` հոսանքալար քաշելու համար հեչի պես մի 2000 դոլար պետք ա: Սկի հացի փող չունենք, էլ ուր մնաց` լույսի հարց լուծենք»: Դպրոցական երեխաները տանն ընդհանրապես գիրք չեն բացում, անհնար է, քանի որ անգամ ցերեկվա լույսի ժամանակ ներսում մութ է:
Մհերը առողջ, խելացի եւ լուսավոր մարդ է, բայց սովորում է հատուկ, գիշերօթիկ դպրոցում, որտեղ նաեւ մտավոր հետամնաց եղբայրն է սովորում: Ներսի անտանելի խոնավությունից անգամ շորերն են բորբոսնում, իսկ անասնագոմում ապրողների հատակը սովորական հող է: Քարերի օգնությամբ հատակից կտրված մահճակալի կողմից շան հաչոց է լսվում: Մհերը մոտենում, ծնկի է իջնում ու մահճակալի տակից դուրս է հանում շան մի քանի ձագերի: «Չեմ թողի էս ձագերին փողոցում շպրտեն: Իրանց ապրելու տեղ ա պետք»,- ասում է Մհերը, ով հաստատ ավելի վատ վիճակում է, քան փողոցում հայտնված շունը: Երեխաների պապիկը` Երվանդը, ասում է, որ նախկինում աղջիկը ամուսնու ու երեխաների հետ նույնիսկ նկուղում է ապրել, փողոցներում քնելով են լուսացրել: «Իմ ձեռքերով էս քարերը հավաքել, բերել իրար վրա եմ շարել, վրան էլ ստից փայտե կռիշ եմ դրել, որ ծածկ լինի: Սա նկարագրելու բան չի, աղջիկ ջան»:
Մհերը սողալով մտնում է մոր թեւի տակ, համբուրում է թեւերը, այտը ու պինդ գրկելով` ասում է. «Մամա, քեզ շատ, անսահման եմ սիրում»: Ալմաստը չի կարողանում Մհերին պատասխանել ճիշտ նույն մեծ ու անսահման սիրով, այլ անտարբեր ու հոգնած, որդուն համբուրելով, կրկին հայացքը գամում է մի կետի: Բոլորն իրար նայում են, բայց չեն տեսնում իրար: Բոլորը անասնագոմից ամեն օր դուրս են գալիս, նայում են օր օրի գունավոր դարձող քաղաքին, բայց չեն տեսնում գույները: Մհերն ինձ ճանապարհում է իր «անհասցե տնից»` դեպի ամեն տարի տնտեսական աճ արձանագրող քաղաք: Ճիշտ նույն ռելսերի մեջտեղով, որտեղ Մհերի ետեւից անձայն քայլում է Ալմաստը, Ալմաստի ետեւից` Ավետիսը, Ավետիսի ետեւից` Արմանը, Արմանի ետեւից` Երվանդը, Երվանդի ետեւից` երեխաների հորեղբայրը, ով հաստատ մի օր կգնա «գժանոց»` հաշմանդամության կարգ ստանալու համար: Հակառակ դեպքում` սովամահ կլինի: Բոլորը լուռ քայլում են, կարծես ոչինչ չի եղել, ու Աստծուն փառք են տալիս` անասնագոմում ապրելու համար: Միայն Մհերն է մտքում ատում թուրքերին եւ ուսուցչուհու խոսքերն անգիր արած` նույնիսկ իր ծննդյան օրը չի մոռանում, որ թուրքերը վատն են: Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անհասցե, անասնագոմի բնակիչ, էլեկտրական լույսի մասին հիշողություն չունեցող Մհերն անդադար կրկնում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ուսուցչուհին է այդպես սովորեցրել: