Անվերնագիր

03/07/2012

Երեկ տեղի ունեցավ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի արդյունքում մահացած ռազմական բժիշկ, հայկական բանակի 35-ամյա սպա Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը: Գուցե համեմատությունն այնքան էլ պատեհ չէ, բայց հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ երեկվա սգո երթը, թերեւս, վերջին մի քանի տարիների ամենաազդեցիկ հասարակական, քաղաքացիական ակցիան էր: Լուռ, բայց շատ ավելի ազդեցիկ ու խոսուն, քան որեւէ հանրահավաք, որեւէ երթ կամ բոցաշունչ ելույթ: Որովհետեւ երեկվա ակցիան ոչ միայն քաղաքական չէր, այլեւ նույնիսկ քաղաքացիական չէր. այն մարդկային, մարդու ակցիա էր` ընդդեմ բարբարոսության ու այլանդակության, ընդդեմ հակամարդու… Իշխանությունների մասնակցությամբ ու թողտվությամբ ձեւավորված անպատժելիության, ամենաթողության մթնոլորտը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ իշխանությունն անմարդկային նման դաժանությանը համարժեք գնահատական տալու փոխարեն` թաքնվում է «օրենքի ողջ խստությամբ պատժվելու» մասին լղոզված ձեւակերպումների ետեւում: Վահե Ավետյանի մահը ու դրա վերաբերյալ իշխանության, ողջ իշխանության գրեթե կրավորական կեցվածքը հերթական անգամ ու վերջնականապես վկայում է այն մասին, թե Հայաստանի իշխանությունը որքան է հեռու մարդկային ու բարոյական արժեքներից: Իսկ այնտեղ, որտեղ չկա բարոյականություն, որեւէ օրենք` անգամ «ողջ խստությամբ», չի կարող ծառայել որպես արդարության հաստատման միջոց: Հասարակական ընդվզումը մեղմելու համար իշխանությունը կարող է նույնիսկ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին «բարոյական պատասխանատվության» ենթարկելու ցուցադրական քայլեր անել, ընդհուպ զրկելով նրան պատգամավորական մանդատից: Դրանով գուցե հասարակության մեջ կոնկրետ այս ոճրագործության առիթով առաջացած ալիքը կարող է հանդարտվել: Սակայն այս ոճրագործությունը ծնած մթնոլորտը վերացնելու համար մանդատներից, պաշտոններից ու սոցիալական կարգավիճակից պետք է զրկվի իշխանական բուրգի անդամների գերակշիռ մեծամասնությունը, բոլոր նրանք, ովքեր Վահե Ավետյանի դեմ կատարված բարբարոսությունից հետո իրենց լռությամբ կամ լղոզվածությամբ ապացուցեցին, որ տեսակով պատկանում են մարդասպանների եւ բարբարոսների տեսակին: