Ընդդեմ ընտրովի արդարադատության

03/07/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ Երեւանի Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցը մարդաշատ էր: Տպավորություն էր, թե այնտեղ հավաքվածներից յուրաքանչյուրը կորցրել է իր հարազատին: Մարդիկ գնացել էին իրենց վերջին հրաժեշտը տալու ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր, 33-ամյա Վահե Ավետյանին:

Հիշեցնենք, որ Վ. Ավետյանը մահացել է հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելու հետեւանքով: Հիշեցնենք նաեւ, որ նույն միջադեպի ժամանակ դաժան ծեծի էին ենթարկվել նաեւ ռազմական հոսպիտալի եւս երկու բժիշկներ: Միջադեպից հետո Վ. Ավետյանն անգիտակից վիճակում էր, նրան երկու անգամ ենթարկեցին գլխուղեղի վիրահատության` ուղեղի այտուցումը կանխելու համար, սակայն նրա կյանքն այդպես էլ փրկել չհաջողվեց: Նշենք նաեւ, որ Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում կալանավորվել են «Հարսնաքար» ռեստորանի 6 աշխատակիցներ, որոնց մի մասը եղել են ռեստորանի անվտանգության աշխատակիցներ: Կատարված ողբերգությանը հաջորդած 12 օրերին մեզանից յուրաքանչյուրը հույս ուներ, որ բժիշկներին կհաջողվեր փրկել Վ. Ավետյանի կյանքը, որը, սակայն, մարեց հունիսի 29-ին: Դաժան ծեծի ենթարկված երիտասարդ բժիշկը ավելի քան 10 օր կոմայի մեջ էր գտնվում: Այս դեպքը ցնցեց բոլորին. յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ ամեն վայրկյան ինքը կամ իր զավակը կարող է հայտնվել Վահե Ավետյանի վիճակում: Քաղաքացիների ցասումն անմիջապես արտահայտվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ շատ արագ ձեւավորվեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը: Երեկ ժամը 12:30-ին Զեյթունի շուկայի մոտ հավաքվել էին նշյալ խմբի անդամները, ինչպես նաեւ մտավորականներ, քաղաքական գործիչներ, որոնք երթով շարժվեցին դեպի Վ. Ավետյանի տուն: Նշենք, որ հուղարկավորության արարողությանը մասնակցում էին Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն», ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում էր նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Հուղարկավորության արարողությանը, սակայն, այդպես էլ չերեւացին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ: Մտավորականներից ներկա էին դերասաններ Սոս Սարգսյանն ու Երվանդ Մանարյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը եւ այլք: Վ. Ավետյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ Զեյթունի քաղաքացիական գերեզմանատանը: Հանգուցյալի հարազատները չէին ընդունել Պաշտպանության նախարարության առաջարկը` հուղարկավորությունը անցկացնել «Եռաբլուրում»: Հուղարկավորության արարողությունից հետո շարունակվեց սգո, ցասման եւ իրավատիրության ակցիան: Երթի մասնակիցներն անցան Կոմիտաս-Բաղրամյան-Սայաթ-Նովա-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ երթուղով, իսկ երթի վերջին կանգառը ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ էր: Ոստիկանները կոչ էին անում ակցիայի մասնակիցներին` երթեւեկությանը չխանգարել կամ քայլել մայթով: Զավեշտալին այն էր, որ այդ պահին նրանց նշած մայթին շինարարություն էր ընթանում, եւ այդտեղով քայլել հնարավոր չէր: Ոստիկանների հիշյալ հորդորը որոշակի աժիոտաժ առաջացրեց ակցիայի մասնակիցների շրջանում: Երթի ընթացքում փոքր բախում եղավ ակտիվիստ Վարդգես Գասպարիի եւ ոստիկանների միջեւ, բայց միջադեպն արագ հարթվեց: Գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիայի մասնակիցները նշեցին, որ թեեւ նշյալ շենքն այլեւս սիմվոլիկ է, բայցեւ իրենք հետամուտ են լինելու օրենքի արդարացի կիրառմանը, եւ հունիսի 17-ին տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Քաղաքագետ Նվարդ Մանասյանի խոսքով` կատարված ողբերգության համատեքստը միանշանակ քաղաքական բնույթ ունի: «Եթե մի խումբ մարդիկ կան, ովքեր կարողացել են սեփական հարստությամբ առեւանգել պետական համակարգը, ապա խոսում ենք քաղաքականության մասին: Մարդը, ում թիկնազորային ծառայության աշխատակիցը եւ նաեւ` սեփականատիրոջ անձնակազմը մասնակցել է նման դաժան ծեծի, մարդ են սպանել, ինչ-որ առումով, դա նաեւ ոտնձգություն է… Այստեղ կա մի քանի շերտ` անձնական դժբախտ կորցրած կյանքից մինչեւ պետության բարձր մակարդակ, եւ այստեղ նաեւ մենք ենք` որպես քաղաքացիներ: Սա այն դեպքն է, որ մենք չպետք է լռենք: Պահանջելու ենք, որ պատժվեն բոլոր մեղավորները, եւ «Հարսնաքարը» պետք է սնանկանա: Այդ մարդը պետք է սնանկանա: Նա գրպանով մտածող մարդ է: Եթե մի մարդ մականունավոր է, եւ հայտնվել է Ազգային ժողովում, առեւանգել է պետական համակարգը, պետք է խփել նրա գրպանին, որպեսզի հասկանա, որ այլեւս չի շարունակվելու իր տեսակը»,- նշեց Ն. Մանասյանը: Նրա դիտարկմամբ` մի օր բոլորը կհասկանան, որ այլեւս լինելու են օրենքի ստրուկները, հակառակ դեպքում պետությունը կարող է կորցնել իր քաղաքացիներին: Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Մանդատից զրկե՛ք Նեմեց Ռուբոյին» էջը, որտեղ նշվում է, որ հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին Ազգային ժողովի մոտ տեղի է ունենալու ակցիա` Ռ. Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմնական պահանջով: «Այդ օրը ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպի Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպեյը»,- ասված է նշյալ էջում: «Հասարակությունը գիտակցեց, որ այլեւս չի կարելի այսպես ապրել ընտրովի արդարադատության իրականության մեջ, եւ այդ գիտակցումը հանգեցրել է նրան, որ այսօր քաղաքական ուժերի միջեւ բաժանումներ չկան, որովհետեւ հասարակությունը միավորված ձեւով չի ցանկանում ընդունել եւ պատասխանատվություն է պահանջում իշխանություններից»,- նշեց արվեստաբան Նազարեթ Կարոյանը: Իսկ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ վատ է զգում կատարվածի համար, ապա ասաց. «Վերջին անգամ եմ զգուշացնում` բանակին մատով չկպնեք, ովքեր ախրաննիկներ ունեն, զինված մարդիկ ունեն` թող լավ պահեն իրենց»: Իսկ այս օրերին շարունակվում է սուգը, քաղաքացիական հասարակության մի մասը պահանջում է վաճառել «Հարսնաքարն» ու դրա գումարը տրամադրել Ավետյանների ընտանիքին: Այս ամենից, սակայն, անհաղորդ է Վ. Ավետյանի փոքրիկ ընտանիքը, որի երկու երեխաները` մեկը` 3 տարեկան, մյուսը` 5 տարեկան, այս օրերին հետաքրքրվում են իրենց հարազատներից, թե ինչո՞ւ իրենց հայրիկը տուն չի գնում… Այս հարցի պատասխանը, թերեւս, ամենադժվարն է գտնել…