Պարզվում է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ ավելի թանկ արժեն, քան Հայաստանում: Օրինակ` բենզինը: Երեւանում այսօր 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 480 դրամով, իսկ Ստեփանակերտում` 510 դրամով:
Գների այս տարբերության պատճառները մեր թղթակիցը փորձել է պարզել տեղական բենզին ներմուծող եւ վաճառող ընկերություններից: «Ռան Օյլ» ՍՊԸ-ի ֆինանսական բաժնի աշխատակիցը մեր թղթակից հետ հեռախոսազրույցում նշել է. «Քանի որ Ստեփանակերտում կոնկրետ ներմուծող ընկերություններ չկան, իսկ բենզինի ներմուծումն իրականացվում է երեւանյան ընկերությունների շնորհիվ, որի մեջ մտնում են նաեւ բոլոր տրանսպորտային ծախսերը, արդյունքում գինը փոփոխման է ենթարկվում: Բացի դրանից, տարբեր են նաեւ ներմուծման հարկերը եւ տուրքերը, որոնց արդյունքում ձեւավորված գինը կազմում է վաճառքի գին` տվյալ դեպքում 510 դրամ»: Իսկ «Ֆլեշ» ընկերության տնօրինության հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: