ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպին։ «Շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում եւ պահանջում է, բայց եկեք օրենքը համարենք օրենք»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Նախաքննության ընթացքում չեմ բացառում, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն: Կլինեն, հնարավոր է, բայց, որ կլինեն արդար, ազնիվ եւ թափանցիկ` դա անկասկած»:
Հարցին, թե` երաշխավորո՞ւմ եք գործի արդար քննությունը, Վլ. Գասպարյանը պատասխանել է. «Ես, իհարկե, երաշխավորում եմ` բոլոր պարագաներում, իսկ այս պարագայում` նաեւ հիշեցնում, որ իմ ամբողջ կենսագրությունը բանակում եմ անցկացրել եւ սպա եմ»:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ որեւէ խնդիր չի տեսնում, որ հարուցված քրեական գործը առաջին իսկ օրը վերադարձվեց ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Սկզբնական հայտարարություն եղել է «Հարսնաքարի» վարչակազմի կողմից, որ նրանց մոտ խուլիգանություն է տեղի ունեցել, պարզվել է, որ զինվորականներ են, եւ գործն ուղարկվել է Պաշտպանության նախարարություն: ՀՀ գլխավոր դատախազի հետ եկանք ընդհանուր հայտարարի, հասկացանք, ինչ է կատարվել` ո՞վ է սկսել, ո՞վ վերջացրել, եւ, բնական է, վերադարձվեց ըստ ընթացակարգի»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում որքանո՞վ է պատասխանատու ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, նա ասել է. «Կարծիքս օրենքի հետ համահունչ է: Նախաքննության պրոցես է ընթանում. այն բոլոր հարցերին կպատասխանի: Բնական է, որ նախաքննությունը լինելու է բացարձակապես թափանցիկ»:
Անդրադառնալով հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքարում» պայթուցիկ նյութերով զինված զինվորականի ձերբակալությանը, Վ.Գասպարյանը նշել է, որ դրդապատճառների բացահայտման ուղղությամբ այժմ նախաքննություն է ընթանում: «Ոչ ոք չի կարող ուղղորդել, ոչ ոք չի կարող ներգործել: Ավելին ասեմ. մենք այս հարցով ավելի սկզբունքային ենք, դա անկասկած»,- ասել է Վլ. Գասպարյանը: