«Ցանկացածի հիմնարկում կարող ա նման բան տեղի ունենալ»

03/07/2012

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ հայտարարել է, թե հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքին, ինչի հետեւանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մասնակից չի եղել: Նրա խոսքով` այդ միջադեպի ժամանակ Ռ. Հայրապետյանը «տանը պառկած է եղել»: Նա անդրադարձել է նաեւ հասարակության կողմից բարձրացված աղմուկին, այն որակելով` որպես «վայնասուն»: «Չէ, ես հարց եմ տալիս, եթե ռեստորանի տերը չլիներ Ազգային ժողովի պատգամավոր, ազգանունն էլ ուրիշ լիներ, արձագանքը նո՞ւյնը կլիներ հասարակության կողմից… Ինքը մասնակիցը չի այդ ծեծկռտուքի, ինքը տանը պառկած ա եղել, հիմնարկում ինչ-որ բան ա տեղի ունեցել, ցանկացածի հիմնարկում կարող ա նման բան տեղի ունենալ… Ես չեմ ուզում արդարացնել, որովհետեւ իր մեղքի բաժինը Ռուբեն Հայրապետյանն ունի: Բայց այս վայնասունը, որ բարձրացրել են` վա՜յ, եկեք «Հարսնաքարը» փակենք… ոնց որ շենքը մեղավոր է, կամ վա՜յ, եկեք Ռուբեն Հայրապետյանին գնդակահարենք, ոնց որ ինքն ա մասնակից եղել…»,- ասել է Մ.Բադեյանը: Նրա դիտարկմամբ` այդ միջադեպին Ռ.Հայրապետյանի մեղավորությունն այն է, որ նա օգտվում է անվտանգության աշխատակիցների ծառայություններից, իսկ այդ դեպքում, ըստ Բադեյանի` պետք է նախեւառաջ խաղի կանոններ հստակեցնել ու պահանջներ ներկայացնել: «Ես չեմ կարծում, որ Ռ.Հայրապետյանը պահանջ չի դրել մարդկանց առաջ, որովհետեւ պահանջներ բոլորի առաջ դրել է նաեւ պետությունը, որոնք չեն կատարվել այնպես, ինչպես չեն կատարվել Ռ.Հայրապետյանի պահանջները,- ասել է նա` հավելելով,- Անվտանգության աշխատակիցները, այո, վտանգավոր են դարձել հասարակության համար»:

Դիտարկմանը, թե ամենաթողությունը հենց թիկնապահներ պահող անհատներն են ստեղծում, Մ. Բադեյանն այսպես է արձագանքել. «Դուք ներկա՞ եք եղել այն խոսակցությանը, որ Ռուբեն Հայրապետյանն իր «ախրաննիկին» ասել ա` ինչ ուզում ես արա, ներկա՞ եք եղել: Ես չեմ կարծում, որ ինքն ասել ա` գնացեք մարդ ծեծեք. դա ձեր ենթադրություններն են… Այ քեզ բա՜ն, մարդասպանը ո՞ւմ հույսով ա մարդ սպանում: Մարդասպանը կարող էր լինել Աբովյան փողոցում եւ մարդ սպաներ…»:

Անդրադառնալով Վահե Ավետյանի հիշատակի համար կազմակերպված մոմավառության ժամանակ «Հարսնաքարում» տեղի ունեցող հարսանյաց արարողությանը, ինչը նույնպես հասարակության մոտ ցասում էր առաջացրել, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, թե հասարակությունն է մեղավոր նման անհանդուրժողական մթնոլորտի համար: «Հարսանիքները Ռ.Հայրապետյանը չի անում, դրանք պատվիրվում են 7-8 ամիս առաջ: Յոթ-ութ ամիս առաջ պատվիրած հարս ու փեսան ի՞նչ մեղք ունեն… Էս ի՜նչ անհանդուրժող եք, էս ի՜նչ ագրեսիվ եք եւ ուզում եք էս անհանդուրժող հասարակությունը հարս ու փեսա դնի մի կողմ` ինչ ա թե` Ռուբեն Հայրապետյանի հանդեպ մի քիչ ավելի բարձր խոսի: Ու էս հասարակությունում դուք ուզում եք, որ մարդ մարդու չսպանի՞: Իհարկե` կսպանի, իսկ արժեհամակարգը հանդուրժողականության մեջ է ձեւավորվում»,- ասել է Բադեյանը:

Ի դեպ, Մանվել Բադեյանը երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ում դեռեւս այս միջադեպը չի քննարկվել: