«Հիմա Հայաստանի ժողովրդավարական առողջությունը լավ վիճակում չէ»

03/07/2012

Մոտ երկու շաբաթ առաջ բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական-վերլուծական կենտրոնը զեկույց էր հրապարակել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ («Տեւական հրաժեշտը. Ռուսաստանի թուլացող ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում» վերնագրով), որտեղ մանրամասն անդրադարձ էր կատարվել նաեւ Հայաստանին եւ Ռուսաստանի հետ նրա քաղաքական, տնտեսական եւ այլ կապերին: Հայկական մամուլում ու քաղաքական շրջանակներում լայն արձագանքի արժանացած այդ զեկույցի եւ Հայաստանին վերաբերող այլ հարցերի մասին է մեր հարցազրույցը զեկույցի հեղինակի` Ջեյմս Նիքսիի հետ: Վերջինս «Chatham House»-ի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ղեկավարն է եւ գիտաշխատողը, ուսումնասիրություններ է կատարում Ռուսաստանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ:

– Պրն Նիքսի, Դուք Ձեր հեղինակած վերջին զեկույցն անվանել եք «Տեւական հրաժեշտը. Ռուսաստանի թուլացող ազդեցությունը Հարավային Կովկասում…»: Դուք իսկապե՞ս գտնում եք, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, Հայաստանում:

– Այո, «Տեւական հրաժեշտը» նշանակում է, որ Ռուսաստանը հեռանում է, սակայն այդ հրաժեշտը շա՜տ երկար է տեւում: Կարծում եմ, եթե մենք հաշվի առնենք սերնդափոխությունն այս երկրներում, ապա պետք է ասենք, որ ռուսական ազդեցությունը, ռուսական գերիշխանությունը, ռուսական գաղափարն ու հայեցակարգը դանդաղ կերպով լքում են Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան: Սակայն Հայաստանն այս օրինաչափության մեջ ավելի շատ բացառություն է կազմում: Եվ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը Հայաստանում, ավելի քան հետխորհրդային տարածաշրջանի որեւէ այլ երկրում, շատ բարձր աստիճանի վերահսկողություն է սահմանել` պետական ենթակառուցվածքների, պետական ռեսուրսների եւ, նույնիսկ, որոշ քաղաքական գործիչների գնելու իր կարողության շնորհիվ: Եվ սա շատ զարմանալի է ու ապշեցուցիչ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման: Սակայն աշխարհագրական գործոնն այստեղ այնքան էլ կարեւոր չէ: Ավելի կարեւոր է ֆինանսական ասպեկտը եւ դրա հետեւանքով` վերջինիս ու քաղաքական ասպեկտի միջեւ կապը:

– Այսինքն, ուզում եք ասել, որ Հայաստանը տնտեսական կախվածությո՞ւն ունի Ռուսաստանից:

– Այո, իհարկե ունի:

– Իսկ այդ կախվածությունն այժմ ուժե՞ղ է, թե՞ թուլանում է, ինչպես մյուս երկրների պարագայում:

– Այն ուժեղ է եւ շարունակում է ուժեղանալ: Ո՞վ է վերահսկում Հայաստանի երկաթուղիները, ավիաուղիները, ազգային լեռնամետալուրգիական ընկերությունը, հեռահաղորդակցության ոլորտը եւ այլն: Այս հարցերի պատասխանը հստակ է` հիմնականում Ռուսաստանը կամ մասամբ Ռուսաստանը կամ էլ մեծամասամբ Ռուսաստանը: Հարկ է նշել, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրներ ուներ 7-8 տարի առաջ, ֆինանսական միջոցների կարիք ուներ, եւ երբ այս բոլոր ներդրումները ձախողվեցին, Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց ավելի մեծ միջոցներով օգնել Հայաստանին, եւ Հայաստանն ընդունեց այդ առաջարկը:

– Իսկ, Ձեր կարծիքով, Հայաստանը պետք է ազատվի՞ այդ կախվածությունից:

– Իհարկե ցանկալի կլիներ, եթե Հայաստանն ազատվեր Ռուսաստանի տնտեսական կախվածությունից, սակայն դա շատ դժվար կլինի անել: Հայաստանը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ վաճառված օբյեկտները հետ գնելու եւ Ռուսաստանին դուրս մղելու համար. Հայաստանի տնտեսությունը մոտ 60 անգամ փոքր է Ռուսաստանի տնտեսությունից, այդ իսկ պատճառով գործնականում անհնար է վերադարձնել կորցրածը, առավել եւս, եթե հաշվի առնենք Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայիս ֆինանսական վիճակը եւ գլոբալ ֆինանսական իրավիճակն աշխարհում: Բայց մյուս կողմից` պետք է ասել, որ այդ կախվածությունը չի կարելի համեմատել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հետ, որտեղ ֆինանսական հոսքերը գալիս են միայն Ռուսաստանից:

– Բայց չէ՞ որ Հայաստանը ֆինանսական օգնություն է ստանում նաեւ Արեւմուտքից:

– Եվրամիությունը գրեթե չի ֆինանսավորում Հարավային Կովկասը, բացառություն են կազմում միայն մի քանի մեխանիզմներ, ինչպիսին է, օրինակ, «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը»: Հայաստանը ֆինանսական միջոցներ ստանում է Միացյալ Նահանգներից, սակայն այն մեծամասնությամբ գալիս է ԱՄՆ-ի հայկական համայնքից, իսկ այն օգնությունը, որը հատկացնում է ԱՄՆ-ը Հայաստանին, պետք է հավասարեցված լինի Ադրբեջանին տրվող օգնությանը:

– Բացի տնտեսական խնդիրներից, զեկույցում Դուք անդրադարձել եք նաեւ քաղաքական հարցերի: Մասնավորապես, գրել եք. «Ռոբերտ Քոչարյանը` 1998-2008թթ. ՀՀ նախագահը, Հայաստանն արդյունավետ կերպով վաճառեց Չուբայսին եւ այլ ռուսական քաղաքական եւ առեւտրային շահերին», այսինքն` Ռուսաստանին, եւ այնուհետեւ շարունակում եք, որ Քոչարյանին հաջորդած նախագահ «Սերժ Սարգսյանը, ըստ երեւույթին, ավելի քիչ ռուսամետ է, քանի որ մինչ նրա նախագահ ընտրվելը` 2008թ., Հայաստանի մեծ մասն արդեն վաճառված էր»: Ինչո՞վ է նախագահ Սարգսյանն ավելի քիչ ռուսամետ:

– Ամեն ինչ շատ պարզ է: Ճշմարտությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի տնտեսությունն ավելի ծանր վիճակում էր գտնվում, եւ վերջինս ստիպված էր այդ ամենը վաճառել (նկատի է առնվում Ռուսաստանի վերահսկողության սահմանումը Հայաստանի էներգետիկ համակարգի 80 տոկոսի նկատմամբ` ներառյալ Իրան-Հայաստան գազամուղի գերակշիռ մասը, Հայաստանի հիդրոէլեկտրակայաններից մի քանիսի եւ ատոմակայանի վաճառքը Ռուսաստանին` Հայաստանի պարտքի դիմաց եւ այլն.- Ա.Ս.): Ռոբերտ Քոչարյանը միշտ ավելի շատ է ունեցել ռուսական կողմնորոշում, քան Սերժ Սարգսյանը: Ինչեւէ, պրն Սարգսյանը ստիպված է վերականգնել իրեն թողնված ժառանգությունը այնպես, ինչպես եւ բոլոր նախագահներն են ստիպված լինում հաշվի նստել իրենց նախորդների թողած հետեւանքների հետ: Ռոբերտ Քոչարյանն արեց այն, ինչ արեց: Սակայն հարցն այստեղ այն է, թե այս տնտեսական ձեռքբերումները որքանով ուժեղացրեցին Ռուսաստանի քաղաքական լծակները Հայաստանում: Եվ այս առումով կան մի քանի բնորոշող օրինակներ, երբ հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ սկսեցին ֆինանսավորվել Կրեմլի կողմից, որից հետո ստիպված էին աշխատել Կրեմլի բիզնեսի համար: Այսպիսով, ես կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը տնտեսական ազդեցության հետեւանք է: Այս հարցը պահանջում է որոշակի ֆունդամենտալ հետազոտություն` պարզելու, թե արդյոք կա՞ ուղիղ կապ այս երկու գործոնների միջեւ: Եվ պետք է ասեմ, որ ես այդ հետազոտությունը կատարել եմ եւ կարող եմ ասել, որ կա կապ այդ ֆինանսական ներդրումների եւ Ռուսաստանի համար ցանկալի քաղաքական ելքերի միջեւ:

– Բայց, կարծես թե, ռուսական ազդեցությունն այժմ նույնքան հզոր է Հայաստանում, որքան Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Այդ դեպքում ինչո՞ւ է նախագահ Սարգսյանն ավելի քիչ ռուսամետ: Միգուցե Եվրոպայում նրան ընկալում են որպես ավելի արեւմտամե՞տ գործիչ: Ձեր կարծիքով, նախագահ Սարգսյանը ցանկանո՞ւմ է ավելի սերտ հարաբերություններ ունենալ Արեւմուտքի հետ:

– Ես չեմ կարծում, որ եվրոպացիները պրն Սարգսյանին համարում են ավելի արեւմտամետ, միայն այն բանի համար, որ նա քիչ ռուսամետ է: Արեւմուտքում ավելի շատ մտածում են Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների, քան Հայաստանի նախագահների մասին. Վրաստանի ներկայիս նախագահը արեւմտամետ է, իսկ Ռուսաստանի ներկայիս նախագահը, բնականաբար, արեւմտամետ չէ, նրանց ավելի շատ այս հարցերն են հետաքրքրում: Ինչ վերաբերում է հարցին` Ս. Սարգսյանը Արեւմուտքի հետ սերտ հարաբերություններ ունենալու ցանկություն ունի՞, ապա կարծում եմ` այո: Սակայն, միայն այն նպատակով, որպեսզի սատարի Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին: Նա ուզում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Արեւմուտքի հետ, քանի որ ունի վերջինիս աջակցության կարիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ Ղարաբաղյան հիմնահարցում: Ուստի նախագահ Սարգսյանը միայն այս իմաստով կարող է համարվել արեւմտամետ: Նա արեւմտամետ չէ այն իմաստով, որ ցանկանում է Հայաստանն ընդգրկել ՆԱՏՕ-ի կամ այլ արեւմտյան կառույցների մեջ: Սակայն նա մասնավորապես հավատացած է, որ Հայաստանը պետք է բարձրացնի իր ժողովրդավարության մակարդակը, հատկապես, եթե հիշենք Հայաստանում վերջին` բավական թույլ անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնք ցույց տվեցին, որ նախագահ Սարգսյանը միանշանակ կվերընտրվի իր պաշտոնում գալիք նախագահական ընտրություններին:

– Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Արեւմուտքի վերաբերմունքն այսքան ջերմացել նախագահ Սարգսյանի վարչակարգի նկատմամբ (հիշենք, օրինակ, վերջերս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցի ժամանակ նրա` Ս.Սարգսյանին տրված բնութագիրը` «հիանալի առաջնորդ» կամ Հ. Քլինթոնի բարձր գնահատականը ՀՀ վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, իսկ մինչ այդ էլ` մի շարք եվրոպական դիտորդների հիացական գնահատականները նույն ընտրությունների վերաբերյալ): Այս ամենի մեջ կա՞ ինչ-որ կապ:

– Ես չեմ համաձայնվի այն կարծիքի հետ, որ Եվրոպական մոնիտորինգը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատել է ազատ եւ արդար, ամենեւին, դա չէ ընտրությունների իրական պատկերը: Իսկ եթե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման գնահատական է տալիս որեւէ նախագահի վերաբերյալ, ապա, կարծում եմ, դա հենց այն է, ինչ պետք է ասեն պետքարտուղարները, երբ պաշտոնական այցելություն են կատարում ինչ-որ մի երկիր: Բայց փաստն այն է, որ Հայաստանի ժողովրդավարական առողջությունը լավ վիճակում չէ հիմա, եւ ԱՄՆ-ին դա իրականում չի էլ հետաքրքրում: Նա այժմ ավելի կարեւոր խնդիրներ ունի. ԱՄՆ-ը մեծ հիասթափություն ապրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, եւ չեմ կարծում, թե նրան հետաքրքրում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումը:

– Ուզում եք ասել, որ այդ գնահատականները որոշակի քաղաքական «մեսիջնե՞ր» էին:

– Այո, ճիշտ այդպես: Պետք է ասեմ, որ Եվրամիությունն իրականում տարբեր ու անհամաչափ քաղաքական «մեսիջներ» է ուղարկում: Նա ունի ժողովրդավարական հռետորաբանություն եւ հավատում է իր ընդլայնմանը, սակայն միաժամանակ կարծում եմ, որ Արեւմուտքը կարող է մեղադրվել իր այդ «մեսիջներում» անհամաչափ լինելու համար: Անկեղծ ասած` Արեւմուտքն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի վրա, քանի որ Վրաստանն ունի ավելի զորեղ աշխարհաքաղաքական ձայն, եւ Ադրբեջանի վրա, քանի որ նա ունի էներգետիկ պաշարներ եւ ակնհայտորեն հարուստ է Հայաստանի համեմատ: Եվ այս առումով, Հայաստանը, ցավոք, ավելի արհամարհված է:

– Իսկ այս բոլոր արտաքին գործոնները կարո՞ղ են ազդել Հայաստանի ներքին քաղաքական իրադրության վրա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2013թ. Հայաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

– Կարծում եմ` այո, արտաքին գործոնները կարող են վատ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Սա անհանգստության լուրջ առիթ է, քանի որ Հայաստանն ունի փողոցային ցույցերի եւ հետընտրական ելույթների պատմություն: Ուստի ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր բողոքները, քաղաքական գործիչների վերաբերմունքը դրանց նկատմամբ եւ երկրի տնտեսական վիճակը խոսում են այն մասին, որ հարկավոր է լուրջ անհանգստություն տածել նախագահական ընտրություններից հետո երկրի կայունության նկատմամբ, քանի որ մենք հիշում ենք, որ 10 հոգի զոհվեցին վերջին նախագահական ընտրությունների արդյունքում: Այդ իսկ պատճառով ընտրությունները մեծ վտանգի տակ կարող են դնել Հայաստանի կայունությունը, հատկապես, եթե այս ամենը դիտենք ավելի լայն աշխարհում տեղի ունեցող պարբերական հեղափոխությունների համատեքստում:

– Դուք տիրապետում եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Որքանո՞վ եք հավանական համարում մոտակա քաղաքական հեռանկարում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

– Ցավոք, կարծում եմ, որ դա հնարավոր չէ մոտ ապագայում: Ինձ նույնիսկ շատ անհավանական է թվում այն, որ Հայաստանի նախագահ Սարգսյանը կամ Ադրբեջանի նախագահ Ալիեւը կարող են քաղաքական կամք դրսեւորել որոշ փոխզիջման գնալու համար: Այդ փոխզիջումը, կոպիտ հաշվարկի դեպքում, կարող է լինել այսպիսին. Հայաստանը պահպանում է Լեռնային Ղարաբաղը, սակայն հանձնում է նրա, այսպես կոչված, շրջակա տարածքները: Սակայն նման տարբերակ այժմ չկա բանակցությունների սեղանին: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի ներկայիս դիրքը Լեռնային Ղարաբաղում նրան առավելություն է տալիս: Հետեւաբար` ես այժմ չեմ տեսնում մի իրավիճակ, որտեղ պատրաստակամություն կա կարգավորելու այս հիմնահարցը:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ