2005թ. հայտարարվել էր որպես Հայաստանում Ռուսաստանի տարի: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի այցով պաշտոնապես ամփոփվեց Հայաստանում Ռուսաստանի տարին: Ինչո՞ւ պաշտոնապես։ Որովհետեւ Հայաստանում տասնյակ տարիներ եղել ու դեռ լինելու է Ռուսաստանի ներկայությունը:
Ոմանք այս երկրի հետ մեր սերտ համագործակցությունը որակում են որպես օտարերկրյա ներդրումների միջոցով տնտեսական զարգացման խթանում, իսկ ոմանք էլ՝ մեկ երկրից մեծապես կախվածություն, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի տնտեսական անվտանգության համար: Այսօր արտաքին ապրանքաշրջանառության ծավալներով Ռուսաստանը Հայաստանի երկրորդ գործընկերն է Բելգիայից հետո, իսկ ներդրումների ցուցանիշով՝ երրորդը (զիջում է միայն Հունաստանին ու Լիբանանին): Այդ իսկ պատճառով հայ-ռուսական տնտեսական փոխհամագործակցությունը մեր երկրի համար կարելի է անվանել ստրատեգիական:
Ինչո՞ւ ոչ: ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովը երեւանյան այցելության ժամանակ նշեց, որ ռուսական կողմն՝ ի դեմս «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի, կշարունակի հայ գործընկերների հետ համագործակցությունը: Խոսքը վերաբերում էր Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկում հայ-ռուսական համատեղ ձեռնարկության ստեղծմանը: Հիշեցնենք, որ 4 էներգաբլոկները հանդիսանում են ՌԴ սեփականությունը: Էներգետիկ կարեւոր նշանակություն ունեցող մեկ այլ ձեռնարկություն՝ «Հրազդանի էներգետիկ ընկերություն» ԲԲԸ-ն, Ռուսաստանին հարստացնելու նոր ուղիներ է փնտրում: Էլեկտրաէներգիայի իրացման հիմնական շուկան այսօր Վրաստանն է, սակայն հեռանկարում ուսումնասիրվում է նաեւ Իրանին ու Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու հարցը: Հայաստանում Ռուսաստանի տարվա խոշորագույն ձեռքբերումը համարում են «Ռուսալ» ընկերությանը պատկանող նրբաթիթեղի արտադրության «Արմենալ» ձեռնարկության համալիր արդիականացումը: Գործարանը տարեկան կարտադրի մինչեւ 25 հազար տոննա նրբաթիթեղ, որի մոտ 97%-ը կարտահանվի բացառապես Եվրոպա: Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար Հայաստանը ներդրումային տեսանկյունից նախընտրելի շուկա է, սակայն ի՞նչ է մեր երկրին տալիս հզորագույն մեր գործընկերը: Գազ: Բայց արի ու տես, որ նույն Ռուսաստանն իր գնային քաղաքականությունը ձեւավորելիս մեր սերտ հարաբերություններն անտեսում է: Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման առումով ՌԴ վարչապետն ըստ էության ոչինչ չասաց՝ համենայնդեպս չհերքելով թանկացման հավանականությունը:
Այնուամենայնիվ, հայաստանյան կողմը ողջունում է երկու երկրների միջեւ առկա տնտեսական սերտ հարաբերությունները: Ռուսական ազգային ցուցահանդեսի ու Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ նաեւ երկկողմանի համագործակցության հիմնախնդիրներին առնչվող տնտեսական համաժողով, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Զարմանալի կլիներ, եթե վերջինս միանգամից չսկսեր հայաստանյան տնտեսության գովաբանությունը: Փոխնախարարն այն անվանեց «լիովին շուկայական» եւ սկսեց ռուս գործընկերներին ներկայացնել տնտեսական «կայուն» աճի երկնիշ թվերը, այն, որ պլանավորված 7%-ի փոխարեն այս տարի հասնում ենք 12%-անոց աճի, վերջին տարիներին միջին տարեկան գնաճը չի գերազանցել 3%-ը եւ այլն: Տ. Դավթյանի խոսքերով, Հայաստանը վարում է արտահանման խրախուսման քաղաքականություն, արտահանման բոլոր մաքսերը հանված են: Տնտեսությունը «վառ գույներով» ներկայացնելուց հետո փոխնախարարը բնական համարեց, որ երկիրը վարում է ներդրումների համար յուրովի «բաց դռների քաղաքականություն»: Վերջինիս արդյունքում` այսօր Հայաստանում գործում են արտասահմանյան կապիտալով գործող մոտ 3000 ձեռնարկություններ, որոնցից շուրջ 600-ը ռուսական են: Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը մեր երկրում իրականացրել է ավելի քան 400 մլն դոլարի ներդրումներ: Իր ելույթում Ռուսաստանի Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կաուլբարսը նշեց, որ մեր երկրների միջեւ միջպետական ավելի քան 160 համաձայնագրեր են գործում: Ռուսաստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները 2004թ. կազմել են 208 մլն դոլար: Սակայն Ա. Կաուլբարսի հավաստմամբ՝ երկրներն իրենց առեւտրային պոտենցիալը լրիվ չեն օգտագործում, որի համար մեծ խոչընդոտ է հանդիսանում տրանսպորտի խնդիրը: Վերջինիս կարեւորությունն ընդգծեց նաեւ Տ. Դավթյանը: Նա անդրադարձավ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի հնարավոր անդամակցությանը՝ նշելով, որ դրանից կօգտվի նաեւ Հայաստանը, քանի որ այդ դեպքում միջազգային տնտեսական հզորագույն կառույցում «ԱՊՀ երկրների շահերն առավել արդյունավետ կպաշտպանվեն»:
Ի դեպ, միջոցառումների շրջանակներում նկատվեց հետաքրքիր ու «նուրբ» օրինաչափություն: Ռուսական պատվիրակության անդամները Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները դիտարկում էին որպես Ռուսաստան-ԱՊՀ երկրներ համագործակցության մի մաս՝ դրանով իսկ ցույց տալով, որ չնայած որոշակի առավելություններին՝ Հայաստանն իրենց համար մնում է նախկին սոցիալիստական երկրներից մեկը, որոնց վրա ՌԴ-ն կարող է «խաղադրույք կատարել»: Իսկ հայաստանյան կողմի ներկայացուցիչները շարունակում են ֆետիշացնել հայ-ռուսական փոխհամագործակցությունը: