Ավստրալիայի կառավարության աշխատակից, Հայ դատի հանձնախմբի ատենապետ Վարանդ Մկրտիչեանի խոսքով` վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից միայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է այցելել Ավստրալիա, այն էլ՝ Սինգապուրի եկեղեցու նորոգման եւ հիմնադրման 185-ամյակը տոնելու առիթով:
Այլ պաշտոնյա Հայաստանից այնտեղ ոտք չի դրել:
Վարանդ Մկրտիչեանը Հայաստան է եկել ամուսնանալու նպատակով, սակայն բաց չի թողել նաեւ աշխատանքային մի քանի հանդիպումներ ունենալու հնարավորությունը: Նրա հանդիպումները հիմնականում կապված են եղել Հայոց ցեղասպանության ճանաչման ու Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հետ: Նա բավականին երիտասարդ տարիքում է դարձել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ, եւ ասում է, որ 3-4 հոգով գաղութում մեծ փոփոխություններ են արել: 6 տարվա ընթացքում հանձնախմբի բյուջեն 5000-ից դարձել է 200.000 դոլար: Միայն 2011թ. 20 ավստրալացի պաշտոնյաներ կոչ են արել ընդունել Հայոց ցեղասպանությունը: Երկրի 6 նահանգներից 2-ում այն արդեն ընդունվել է: Սակայն ավստրալահայ քաղաքական գործչին առավել մտահոգում է, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի Ավստրալիայում: Թեեւ բազմաթիվ քայլեր են արվել այդ ուղղությամբ, բայց այդպես էլ արդյունք չի ունեցել: «20 տարուց ավելի Հայաստանն անկախ է եւ 50.000-անոց համայնքի համար դեսպանատուն չի հիմնել: Միայն վերջերս Սփյուռքի նախարարը ներկայացուցիչ է նշանակել, ով բոլորովին ժողովրդականություն չունի, այսինքն` ո՛չ մի Դաշնակցական, ո՛չ մի Ռամկավար, ո՛չ մի եկեղեցական, ո՛չ մի Հնչակյան, դժբախտաբար որեւէ մեկը նրան չի ճանաչել եւ չի ընդունում որպես ներկայացուցիչ: Ճիշտ է` հեռու է գտնվում, միջոցներ չկան դեսպանատուն հիմնելու համար, բայց պետությունը պետք է տեր լինի իր ժողովրդին: Այս ժողովուրդը, որ 70 տարի երկրից դուրս է ապրել, հովանու կարիք ունի, պետք է իմանա, որ տեր ունի: Միայն վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է այցելել, այն էլ՝ Սինգապուրի եկեղեցու նորոգման եւ հիմնադրման 185-ամյակը տոնելու առիթով, քանի որ Սինգապուրն ու Սիդնեյը մոտ են, դրա համար 3 օրով այցելության եկավ»,- ասում է Վ.Մկրտիչեանը:
Նրա խոսքով` հայերն Ավստրալիայում քաղաքականությամբ քիչ են զբաղվում, ավելի շատ այնտեղ զբաղվում են բիզնեսով եւ ճարտարապետությամբ, սակայն 10-15 հայ կա, ովքեր քաղաքականության մեջ ներգրավված են, ոմանք` հայությանը օգտակար լինելու նպատակով: Սիդնեյի հայկական համայնքում 4000 հայ է բնակվում: Մոտ 300 երեխա հայկական ճեմարան է գնում ամեն օր, իսկ 700 երեխա՝ շաբաթը մեկ անգամ: «Դպրոցը գաղութից հեռու է գտնվում: Բայց այն մարդը, ով ուզում է, որ իր զավակը հայ լինի, մինչեւ Լուսին կուղարկի, որ հայերեն սովորի»,- ասում է նա՝ նշելով, որ երկրորդ սերունդը դեռ խոսում է հայերեն, սակայն նրանցից հետո գուցե չկարողանան պահպանել լեզուն: Իսկ Հայաստանը որեւէ կերպ չի օժանդակել դպրոցին՝ ոչ նյութապես, ոչ ուսուցիչ ուղարկելով: Նշում է նաեւ, որ Ավստրալիայի հայկական եկեղեցին ժողովրդականություն չունի: Իսկ վերջին տարիներին Ավստրալիա գաղթած հայերը հոգեւոր ներկայություն չունեն համայնքի կյանքում, սակայն նրանց էլ են ընդգրկում ընդհանուր թվի մեջ, որպեսզի շատ լինեն: Հարցին, թե արդյո՞ք կցանկանար ապրել Հայաստանում, նա միանշանակ պատասխան չտվեց. «Ես իբրեւ հայ, պետք է ազգիս առավելագույնը տամ, եթե կարող եմ դա անել Ավստրալիայում ապրելով, ապա կուզեմ այնտեղ մնալ: Իսկ եթե առիթ բացվի աշխատելու, որ կարողանամ մասնակից դառնալ այս երկրի բարելավմանը, անպայման այստեղ պիտի լինեմ: Սա է իմ հայրենիքը»,- ասաց Վ.Մկրտիչեանը:
Գ.ԼԱԼԱՅԱՆ