Հանրայի՞ն, թե քաղաքաշինական խորհուրդ

28/06/2012

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 Ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերը այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային խորհրդի նախագահի փեսան այդ ակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարն է: Այդ երիտասարդը ագրեսիվ կերպով, շատ դեպքերում սխալ ուղղորդված, իմ դեմ գործողություններ է կատարում` բոլոր հարցերն անմիջապես տեղափոխելով ՀՀ Հանրային խորհուրդ: Ցանկացած նախաձեռնություն` Հրապարակի մետրոյի հարեւանությամբ հյուրանոցի կառուցում, Տոնավաճառի հետ կապված նախագիծ կամ այլ ծրագիր, արձագանք է ստացել եւ քննարկման դրվել Հանրային խորհրդում: Կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը վերածվել է քաղաքաշինական խորհրդի: Տպավորությունն այնպիսին է, որ նման կազմակերպություններն ուղղակի կերպով ազդում են Հանրային խորհրդի վրա»: Ի դեպ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր ամուսինը` Սարհատ Պետրոսյանը, ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում` հանդես գալով քաղաքաշինական խնդիրների, եւ մասնավորապես` Երեւանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի դեմ: