Մառախուղը կշարունակվի

07/12/2005

Արդեն մի քանի օր է, ինչ խառնաշփոթ է ստեղծվել Երեւանի «Արմենիա» միջազգային օդանավակայանում: Շատերը, թռիչքի բացակայության պատճառով, 3 օր է, ինչ հնարավորություն չունեն Մոսկվայից վերադառնալ: Պատճառը մառախլապատ եղանակն է: Ինչպես տեղեկացանք Հայաստանի պետական հիդրոօդերեւութաբանական եւ մոնիտորինգի ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից, մոտակա օրերին մառախուղը կշարունակվի հանրապետության լեռնանցքներում եւ ցածրադիր գոտիներում: Քանի որ «Արմենիա» օդանավակայանը տեղակայված է Երեւանի ցածրադիր վայրում, ուստի վատ եղանակն այստեղ նման խնդիրներ է առաջացնում: Օդանավակայանից մեզ հաղորդեցին, որ, չնայած մառախուղին, այնուամենայնիվ, եղանակի ժամանակավոր լավացման ժամերին թռիչքներ ու վայրէջքներ ուշացումով գրանցվում են: Թեեւ օդերեւութաբանները տեղեկացնում են, որ հանրապետության լեռնային շրջաններում մառախուղը չի խանգարում չվերթերին, այնուամենայնիվ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից տեղեկացանք, որ վատ եղանակի պատճառով դեկտեմբերի 3-ին նախատեսված Մոսկվայի թռիչքը հետաձգվել է 1 օրով: Ի դեպ, «Հայհիդրոմետ» ծառայությունից մեզ հաղորդեցին, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը հանրապետությունում կպահպանվի օդի ջերմաստիճանի բարձր մակարդակը, եւ մթնոլորտային տեղումներ չեն գրանցվի: