Պարզագույն շանտաժ

28/06/2012

«Այն, որ ներկայացվում է, թե ԲՀԿ-ն Քոչարյանից հեռու է, դա նրանց համար է, ովքեր ուզում են դրան հավատալ: Իսկ այն դիտարկումը, թե նման տեսակետը չպաշտպանողները պաշտպանում են Ս.Սարգսյանին, պարզագույն շանտաժ է քաղաքական դաշտի նկատմամբ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ-ի հետեւում տեսնելը հետապնդում է Սերժ Սարգսյանին չարյաց փոքրագույնը ներկայացնելու նպատակը: «Ես ՀՀ հետագա զարգացումը դիտում եմ այս երեք նախագահների տիրույթից դուրս, ինչը, ցավոք սրտի, չի լինում: Չեմ ուզում կտրուկ գնահատականներ տալ, նրանք ծանր ժամանակներում են ղեկավարել եւ ունեն լավ գործեր, կարելի է դրական գնահատականներ տալ, կան նաեւ թերություններ: Բայց արդյունքում մենք ունենք այն ՀՀ-ն, որն այսօր հայաթափվում եւ ավելի է աղքատացվում: Իսկ ՀԱԿ-ը գտնում է, որ Հայաստանի փրկությունն այս երեք նախագահներից երկուսի միավորումն է մեկի դեմ, կարեւոր չէ, թե ով է լինելու իրենց հետ»,- ավելացրել է Ռ.Հակոբյանը: