Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ գործերով է պարտվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): ՀՀ-ից ՄԻԵԴ ուղարկվող դիմումները հիմնականում վերաբերում են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտմանը: Այս գործերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դիմումատուները հիմնականում իրենց արդար դատաքննության իրավունքի խախտման մեջ մեղադրում են նախաքննության մարմիններին: Օրինակ, ՄԻԵԴ ուղարկվող դեպքերի մեծ մասը վերաբերում է նրան, որ քննության ընթացքում անձին անհիմն կերպով 6, 8, 10 ամիս պահել են կալանքի տակ, եւ հետագայում` առանց բարոյական վնասի փոխհատուցման, ազատ են արձակել: Մասնավորապես, օրերս ՄԻԵԴ-ը բավարարել է եւս երկու` ՀՀ քաղաքացիներ Կամո Փիրուզյանի եւ Վարդան Մալխասյանի դիմումները:
Կամո Փիրուզյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը 9 ամիս տեւած դատավարության` 21 դատական նիստերի ընթացքում ընտանիքի եւ ընկերների ներկայությամբ իր պաշտպանյալին անազատության մեջ պահելը բնութագրել է` որպես նվաստացնող վերաբերմունք դատարանի կողմից: Բողոքում անդրադարձ է եղել Փիրուզյանի գործի շրջանակներում ամբաստանյալի` երաշխավորությամբ ազատ արձակվելու իրավունքի ոտնահարման եւ ապօրինի կալանավորման հարցին: ՄԻԵԴ-ը բողոքը բավարարել է` համարելով, որ այստեղ առկա է Կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածների խախտում (խոշտանգումների արգելում, Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք): ՄԻԵԴ-ի վճռով բավարարվել է նաեւ քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի բողոքը: Վերջինիս դեպքում ՄԻԵԴ-ը գտել է, որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության իրավունք) խախտում է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Վ. Մալխասյանը 2006թ. դեկտեմբերին մեղադրվել էր Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու համար» առաջադրված մեղադրանքով ձերբակալվել էր եւ այնուհետեւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Փիրուզյանի դեպքում ՄԻԵԴ-ը 8000 եվրո բարոյական փոխհատուցում է պահանջել ՀՀ կառավարությունից, իսկ Մալխասյանի դեպքում պահանջել է որպես բարոյական փոխհատուցում` ՀՀ կառավարությունից գանձել 4500 եվրո:
ՄԻԵԴ որոշումներից ակնհայտ է դառնում, որ գրեթե բոլոր դեպքերում դիմումատուները տուժել են նախաքննության մարմինների ապօրինի գործողություններից: Մեզ հետ զրույցում նախկին դատավոր, «Պրեզումցիա» իրավաբանական գրասենյակի տնօրեն եւ դասախոս Պարգեւ Օհանյանն այս խնդրի առնչությամբ նշեց, թե իր կարծիքն ու գնահատականը նախաքննության մարմնի առնչությամբ «իդեալական կերպով կապվում է այս դեպքերի հետ»: Ըստ նրա` ՀՀ արդարադատության համակարգի խնդիրների մեծ մասը գալիս է նախնական քննության փուլ համարվող նախաքննության առկայությունից եւ նախաքննության մարմինների գործունեությունից: «Բանն այն է, որ նախաքննության փուլում փաստաբանը շատ անգամ զրկված է լինում նույնիսկ իր պաշտպանյալին տեսնելու, նրա հետ խոսելու հնարավորությունից: Ավելորդ է նշել, որ մինչեւ նախաքննության ավարտը նա իրավունք չունի ներկայացնելու առարկություններ: Այսինքն, մեղադրական եզրակացությունն արդեն կազմված է լինում, երբ փաստաբանը սկսում է իրականացնել իր գործունեությունը, ինչը նշանակում է, որ կա լուրջ խնդիր: Ու թեեւ փաստաբանը կարող է առարկություն ներկայացնել նախքան դատաքննության փուլի սկսելը, միեւնույն է` նրա կողմից իր աշխատանքի ոչ լիարժեք իրականացումը եւ քննիչի ամենաթողությունն ու ինքնուրույնությունը, դատախազի «քավորությամբ» նրա գործելակերպը, զրկում են այս փուլն իր գործնական արդյունավետությունից»,- ասում է նա:
Պ.Օհանյանի խոսքով` բոլոր այն գործողությունները, որոնք կատարում են հետաքննության մարմինները, լիովին բավական են գործի համակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար: Եվ, ըստ նրա` եթե նախաքննության մարմինների լիազորություններից վերցվի մեղադրական եզրակացություն կազմելու եւ վկաներին հարցաքննելու իրավունքը, առաջինը վերապահելով հետաքննության մարմիններին, երկրորդը` դատարանին ու դատաքննության փուլին, ապա խնդիրը լիովին կկարգավորվի: «Ի՞նչն է, ի վերջո, խանգարում մեզ ներդնել Վրաստանի մոդելը, որը գործնական մեծ արդյունավետություն է հաղորդում դատա-իրավական համակարգի աշխատանքին: Այսօր քննիչն անգամ իրավունք ունի կարճելու գործը ինչ-ինչ պատճառաբանություններով, ինչը պետք է վերապահված լինի միայն դատարանին, քանի որ միայն վերջինս է իրականացնում արդարադատություն, եւ միայն նա կարող է մարդուն որակել որպես «մեղավոր» կամ «անմեղ», կամ «արդարացված»»,- նշում է Պ. Օհանյանը: Նաեւ հավելում է. «Այսօր, սակայն, նախաքննության մարմինը ցանկացած կասկածյալի անվանում է «հանցագործ»` մոռանալով անմեղության կանխավարկածի մասին: Եվ շատ այլ խնդիրներ, որոնք առաջանում են կողմերի միջեւ նախաքննության ընթացքում, ստիպում են համոզվել, որ դրա առկայությունը նման է դատական համակարգում այն հոռաշիվին, որը փչացնում է դրա էությունն ու բովանդակությունը: Ես խորապես համոզված եմ, որ նախաքննությունը պետք է վերացվի` որպես քննության փուլ»:
Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ