Մեկ տղամարդը կարող է 10 կնոջ դոնոր լինել

07/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արհեստական բեղմնավորման եղանակով երեխա ունենալն այլեւս ոչ մեկին չի զարմացնի: Պարզապես այն համարվում է թանկ հաճույք: Հայաստանում նույնպես արհեստական ճանապարհով երեխա ունենալը որոշ ընտանիքների համար փրկություն է դարձել: Չամուսնացած հայ կանայք էլ մեծամասամբ առանց բարդույթների արդեն կարողանում են այս եղանակով երեխա ունենալ: Իսկ արհեստական բեղմնավորումից հետո հղիանալու հավանականությունը բժիշկները համեմատում են բնական եղանակով հղիանալու հետ:

«Միշտ չի պատահում, չէ՞, որ ընտանիքը որոշի երեխա ունենալ ու այդ պահին էլ հղիությունը ստացվի,- ասում է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» լաբորատոր կենտրոնի վարիչ Կարեն Ջինանյանը: -Նույնն էլ այս դեպքում է՝ կարող է առաջին փորձից ստացվի, կարող է՝ երկրորդ, երրորդ փորձից, կարող է` եւ ընդհանրապես չստացվի»: Արհեստական բեղմնավորմամբ զբաղվող կենտրոններն իրենց ձեռքբերումը համարում են արտամարմնական բեղմնավորման հղիություն ստանալու բարձր ցուցանիշների ապահովումը: Սա այն դեպքն է, երբ սաղմը ստանում են լաբորատոր պայմաններում, հետո նոր տեղադրում են կնոջ արգանդի խոռոչում: Եվ կիրառվում է այն դեպքերում, երբ կինն ի վիճակի է հղիության ինն ամիսները տանել, բայց ֆիզիկական ինչ-ինչ պատճառներով չի կարողանում հղիանալ: Կ. Ջինանյանն ասում է, որ իրենց կենտրոնն ապահովել է մինչեւ 38 տոկոսանոց դրական արդյունք: «Շատ կենտրոններ հազիվ 10-15 տոկոս են ապահովում,- ասում է պարոն Ջինանյանը: -Իհարկե, խոսքը զարգացած երկրների այն կենտրոնների մասին չէ, որոնք ունեն ֆինանսական ու տեխնիկական մեծ հնարավորություններ եւ կարող են մինչեւ 50 տոկոս դրական արդյունք ստանալ: Մեր կենտրոնն Անդրկովկասում ամենալավն է»:

Մեր զրույցից հետո Կ. Ջինանյանն իր գործընկերների հետ պատրաստվում էր լաբորատոր պայմաններում ստացած հերթական սաղմը «կյանքի կոչել»: Այս արդյունքին հասնելու համար նրանք դժվար ճանապարհ են անցել: Փորձել են, չի ստացվել, հետո վերապատրաստվելու համար գնացել են Ֆրանսիա, նորից չի ստացվել: Բայց, ի վերջո, հաջողվել է: Արտամարմնական հղիության առաջին ծնունդը Հայաստանում եղել է 2003թ.՝ վրացահայ Կարինեն միանգամից 3 երեխա է ունեցել: Այս կենտրոնում արտամարմնական հղիությամբ մոտ 20 կին են մայրացել, բայց ծնվել են 20-ից ավելի երեխաներ, որովհետեւ նման դեպքերում շատ հաճախ ունենում են 2-3 երեխաներ: Կ. Ջինանյանն ասում է, որ սովորաբար տեղադրում են 3 սաղմ եւ հնարավոր է, որ երեքն էլ «կպնեն»: Տասը կանայք էլ արդեն ծննդաբերության են սպասում: Նա ցավում է, որ մեր պետությունը չի կարողանում արհեստական բեղմնավորման համար պետպատվերով որոշ միջոցներ տրամադրել, եւ շատ կանայք հնարավորություններ չունենալու պատճառով չեն կարողանում մայրանալ: Արհեստական բեղմնավորումը երեխա ունենալ ցանկացողից կարող է հազարավոր դոլարներ պահանջել: Ճիշտ է, երեխա ունենալու համար ամուսինները կամ միայնակ մայրերը ոչինչ չեն խնայի, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ եղած տեղից է պետք ծախսել: Արհեստական հղիություն ունենալու մեկ փորձն այս կենտրոնում արժե մոտ 500 դոլար: Եթե բախտը ժպտաց, եւ հենց առաջին փորձից հղիությունը ստացվեց, հետագա ինն ամիսներին էլ որոշակի ծախսեր անհրաժեշտ են, որը յուրաքանչյուրի համար տարբեր է լինում՝ կախված օրգանիզմի հնարավորություններից: Հղիություն, սակայն, հենց առաջին փորձից քիչ է պատահում, եւ մայրանալ ցանկացողներին մեծ ծախսեր են սպառնում՝ երկրորդ, չորրորդ, վեցերորդ, նույնիսկ տասը եւ տասնհինգերորդ փորձերը: Զարգացած Ֆրանսիայում, օրինակ, առաջին չորս փորձերն անվճար են, պետությունն է հոգում այդ ծախսերը: Մեզ մոտ այս պարագայում պետության մասնակցությունը հավասարեցված է զրոյի: Իբրեւ թե անվճար է ծննդաբերությունը, բայց սա միայն գրված է «թղթի վրա»: Եթե ամուսնական զույգը կամ կինը տղամարդ դոնորի կարիք է զգում, դա էլ իր հերթին մի լրացուցիչ խնդիր է ավելացնում: Տղամարդ դոնոր գտնելը շատ դժվար է, հայերը դժվար են համաձայնում հայր դառնալ եւ հետո չիմանալ, թե իրենց շնորհիվ իրականում քանի երեխա է ծնվել: Դոնոր դառնալու համար նրանց շատ քիչ է վճարվում, հետեւաբար առանձնապես շահագրգիռ չեն:

«Շատ քիչ է պատահում, որ մեզ դիմեն,- ասում է Կ. Ջինանյանը: -Հիմնականում մենք ենք գտնում: Ասենք՝ գալիս են, ստուգվում են` իմանալու համար, թե կարո՞ղ են առողջ երեխաներ ունենալ: Մենք էլ առողջներին առաջարկում ենք դոնոր դառնալ: Իհարկե, մինչ այդ դոնորը պետք է երեխա ունեցած լինի, 30 տարեկանից մեծ չլինի եւ այլն: Բայց հայի մենթալիտետը թույլ չի տալիս իր սերմը վաճառել, ու դոնոր գտնելը պրոբլեմ է դառնում»: Կ. Ջինանյանն ասում է, որ իրենց կենտրոնն այժմ ընդամենը 6 տղամարդ դոնոր ունի: Նրանց պարբերաբար փոխում են: Ընդունված է, որ մոտ 1 մլն բնակչություն ունեցող քաղաքում մեկ տղամարդը կարող է 10 կնոջ դոնոր լինել: Հակառակ դեպքում` իրար չճանաչող քույր-եղբայրների ամուսնության հավանականությունը մեծ է լինում, չնայած տասի դեպքում էլ չի բացառվում:

Հետաքրքիր, բայց քիչ կիրառելի ձեւ է նաեւ այսպես կոչված՝ սուռոգատ մայրերի միջոցով երեխա ունենալը: Սա այն դեպքն է, երբ զույգից ստացած սաղմը տեղադրում են բոլորովին այլ կնոջ մոտ: Այս եղանակը հիմնականում արտասահմանում է կիրառելի, օգտագործվում է այն դեպքերում, երբ կինը հղիանալու պատճառով չի ուզում իր անթերի կազմվածքը փչացնել: Նման դեպքերում գտնում են մի ուրիշ կնոջ, որը կոչվում է «սուռոգատ մայր» ու նրա մոտ տեղադրում են լաբորատոր պայմաններում ստացած սաղմը: Սուռոգատ մայրը ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձնի իսկական ծնողներին եւ, պայմանավորվածության համաձայն, որոշակի փոխհատուցում ստանա: Բացառված է, որ հղիության ինն ամիսների ընթացքում նրա որեւէ հատկանիշ փոխանցվի այդ երեխային: Չէ՞ որ նմանությունը կամ ժառանգությունը գենային հատկանիշներ են: Սուռոգատ մայրերի օգնությանն են դիմում հիմնականում դերասանները, երգչուհիները: Լինում են դեպքեր, երբ կինը գործարար է լինում եւ չի ուզում այդ 9 ամիսներին կաշկանդված լինել: Իր երեխան ունենալու համար նա դիմում է «սուռոգատ մոր» օգնությանը: Կ. Ջինանյանն ասում է, որ իրենց մոտ գրանցվել է «սուռոգատ մոր» միջոցով երեխա ունենալու 3 դեպք: «Բայց այդ դեպքերը «հոլիվուդյան շքեղության» պատճառով չեն եղել,- ասում է պարոն Ջինանյանը: -Ուղղակի այդ կանանց արգանդը հեռացված է եղել, բայց ձվարանները պահպանված էին: Նրանցից մեկն այդ նպատակով գյուղից մի կին էր վարձել: Այդ կնոջը պահում էին իրենց մոտ, ծնունդից հետո երեխային վերցրել են եւ նրան, ըստ պայմանավորվածության, վճարել: Երկրորդի դեպքում` սուռոգատ մայր է դարձել կնոջ քույրը: Դեպք է եղել, երբ մայրը երիտասարդ է եղել եւ դստեր փոխարեն երեխա է ունեցել»: