Մեծ գրող Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող տան ճակատագիրը վերջապես լուծված է: Այսօրվանից Թումանյանի տան բանալիները կգտնվեն Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռքին: Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի` Թիֆլիսում գտնվող տան չորս սենյակները Վրաստանի կառավարության կողմից դեռեւս 1990-ական թթ. որպես սեփականություն հանձնվել էին վրացի խոշոր գործարար Լեժավային: Վերջինիս որդին` Արչիլ Լեժավան, վերջերս որոշել էր գրողի դեռեւս անփոփոխ պահպանված տունը վաճառել «Ջորջիա Թուրան» ընկերությանը` հոր վիրահատության ծախսերը հոգալու համար: Ա. Լեժավան Թումանյանի թոռնուհուն առաջարկել էր գնել այդ բնակարանը` 25.000 ԱՄՆ դոլարով: Թումանյանի թոռնուհին փորձել էր ինքնուրույն հայթայթել պահանջվելիք գումարը, ինչը նրան չէր հաջողվել: Հարցը Թումանյանի թոռնուհու, ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի եւ ԶԼՄ-ների միջոցով հրապարակային մեծ քննարկումներ ունեցավ: Արդյունքում` ՀՀ իշխանությունների միջամտությամբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տրամադրեց մեծ գրողի բնակարանի ձեռքբերման գումարը:
Թումանյանի բնակարանը որպես մշակութային կենտրոն վերագործարկելու կապակցությամբ մենք զրուցեցինք Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: Ըստ հոգեւորականի` մոտ ժամանակներս նախատեսվում է Վերնատան ավանդույթը վերստին կյանքի կոչելու ծրագիրը: Սրբազանի խոսքով` «Այն հնարավորություն կտա Վրաստանի հայ մտավորականներին` համախմբվել ոչ միայն մի տանիքի, այլեւ վրացահայությանը հայեցի պահպանելու սուրբ գործի ներքո»: Շենքի բարեկարգումից հետո, չի բացառվում, որ Վիրահայոց թեմի հոգածության տակ գտնվող կիրակնօրյա 2 դպրոցներից մեկը կտեղափոխվի Վրաստան: Ծրագրվում է նաեւ Բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղ համարվող հայագիտական փոքրիկ հաստատության տեղափոխումը Վրաստան: Ֆինանսական աջակցության լուծման դեպքում հետագայում ձեռք կբերվի նաեւ Հովհաննես Թումանյանի ծոռնուհու հոգածության տակ գտնվող շենքը, եւ ավարտին կհասցվեն Թումանյանի տան կիսատ թողնված բարեկարգման աշխատանքները: Վ. եպիսկոպոս Միրզախանյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ մինչ Թարգմանչաց տոնը շենքը լիովին պատրաստ կլինի եւ արդեն հնարավոր կլինի կատարել բացման արարողությունը։ «Որ մի բարի գործ անկեղծ սրտով ես անում` Աստված միշտ օրհնում է, միշտ մի լույս բացվում է: Մենք էլ այդ լույսով ու հավատով ենք, որ կստացվի»,- ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: