«Ի վերջո, խորհրդարանը մեր ապրելու վայրն է, չէ՞ որ ամեն օր հանդիպում ենք այնտեղ: Եվ ավելի լավ է ոչ կոշտ ձեւակերպումներով խոսքը տեղ հասցնենք, հանգիստ իրար բարեւենք»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` այդպես բացատրելով իր այն կարծիքը, թե ինչու է սխալ իշխանություններին քննադատել ոչ շատ կոշտ ձեւակերպումներով: Թերեւս, նաեւ այդ դիրքորոշմամբ պայմանավորված, Ռ. Հակոբյանն ակնկալում է, որ ընդդիմությունը պետք է ինչ-որ ձեւով ներկայացված լինի իշխանության մեջ: «Պիտի որեւէ հանձնաժողով ունենանք եւ ներխուժենք իշխանական խոհանոց: Վարչապետը պիտի որ տեղյակ լինի, որ ընդդիմությունը որեւէ հանձնաժողովում պիտի իշխանություն ունենա»,- ասել է Ռ. Հակոբյանը, ով նաեւ հայտարարել է, թե «Ժառանգությունը» դեմ է ոչ թե կառավարությանը, այլ նրա ներկայացրած ծրագրին: «Իշխանական խոհանոց» ձեւակերպումն այս դեպքում շատ խորհրդանշական է այն իմաստով, որ ավանդաբար իշխանական լծակներից օգտվելու հնարավորությունը մեր քաղաքական բառապաշարում ներկայացվում է «կերակրատաշտ» արտահայտությամբ: