Գյումրեցի 20-ամյա Ռազմիկ Սարգսյանը 4 տարեկանում մնացել է երկրաշարժի փլատակների տակ: Հիվանդանոցում այն ժամանակ նրա կյանքը մի կերպ փրկել են, սակայն այսօր այն դարձյալ վտանգի տակ է: Բայց այս անգամ պատճառը ոչ թե երկրաշարժն է, այլ մեր երկրի վարչակարգը:
Ռ. Սարգսյանի դատապաշտպանները, անկախ բժիշկները եւ հասարակական դիտորդները երեկ ասուլիս էին հրավիրել: Դատապաշտպան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Ռազմիկը հալյուցինացիաներ է ունենում. «Նա ձեռքերով գլուխը բռնում էր ու ասում էր՝ «Էս ես չեմ, էս ես չեմ»: 30 րոպեի ընթացքում նրա վիճակն անհասկանալի ձեւով փոփոխվում էր: Շատ տարօրինակ երեւույթներ էր լինում նրա մոտ»: Զ. Փոստանջյանի կարծիքով՝ տղայի հետ վարվում են ամենաանասնական ձեւով, եւ չի բացառվում, որ ինչ-որ դեղամիջոցների անվան տակ նրան թմրանյութեր են ներարկում: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում՝ պահանջելով նրան անհապաղ տեղափոխել հիվանդանոց: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը, սակայն, Ռ. Սարգսյանի առողջական վիճակը բավարար է գնահատում: Ռ. Սարգսյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասում է, որ մտավոր կարողությունը ստուգելու համար Ռազմիկից հարցրել է ծնողների անունները, սակայն տղան շատ երկար մտածելուց հետո նոր միայն հիշել է: Նրանք պնդում են, որ տղային դիտավորյալ սպանում են: Ի դեպ, Քրեակատարողական հիմնարկի պետը Զ. Փոստանջյանին ասել է՝ «Ես գիտեմ, որ տղաներն անմեղ են, բայց…»: Բժիշկների եւ դատապաշտպանների ցանկացած խնդրանք, պահանջ կամ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունք նա մերժում է, ասելով՝ «Թող ինձ վերեւից հրահանգեն, նոր թույլ կտամ»: Դատապաշտպանները պնդում են, որ Քրեակատարողական հիմնարկի պետը, դատավորները, դատախազները բոլորն էլ կատարում են զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պատվերը: Մեկուսարանի պետը նույնիսկ օրեր առաջ փաստաբաններին տեղեկացրել է, որ եթե երիտասարդը մահանա՝ ինքը որեւէ պատասխանատվություն չի կրելու, քանի որ Ռազմիկն է ընտրել այդ ճանապարհը: «Եթե Ռազմիկը ողջ մնա՝ Զինվորական դատախազության քննիչները խոշտանգումների համար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ռազմիկն առաջին ատյանի դատարանում պատմեց, թե ինչպես են իրեն խոշտանգել, նա ասաց, որ կեղծ ցուցմունքը տեսագրելիս ամբողջ հատակն իր արյունով ծածկված է եղել, սպանությունն իր վրա վերցնել հրաժարվելուց նրան ստիպել են հատակի իր արյունը լեզվով մաքրել: Մենք հետքաբանական փորձաքննություն անելու միջնորդություն ներկայացրինք, բայց մերժեցին, որովհետեւ հատակը մանրահատակից էր, արյունը պահպանված կլիներ եւ կբացահայտվեր ամեն ինչ»,- ասաց Ստեփան Ոսկանյանը: Ի դեպ, դատապաշտպանները Ռազմիկի նամակները, որոնք նա գրել էր ծառայության ընթացքում, ներկայացրել են հոգեբան Էլդա Գրինին: Ծանոթանալով այդ նամակներին, հոգեբանը միանշանակ ասել է, որ այդ նամակները գրող մարդն ընդունակ չէ սպանություն կատարելու: Իսկ ի՞նչ է մտածում հացադուլի ճանապարհն ընտրած Ռազմիկը: Այս հարցին Զ. Փոստանջյանը պատասխանեց: «Ես երկար նրա հետ զրուցում եմ, բայց նա արդեն ի վիճակի չէ խոսելու, մտածելու, միակ բանը որ ասում է՝ «Ես ետդարձի ճանապարհ չունեմ»: Նա չի հավատում արդար դատավարությանը, իր վիճակն ընդհանրապես իրեն չի հետաքրքրում, բայց մեծ տառապանքների մեջ է իր երկու ընկերների համար, քանի որ ինքն է կեղծ ցուցմունք տվել»: