Փախստականների թիվը ճշգրտվում է

07/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Կովկասի ողջ տարածաշրջանում բախումների հետեւանքով տեղահանվածների թիվը հասնում է 1,5 մլն-ի: 2005թ. Սոչիում ստեղծված հ/կ-ների CRINGO Կովկասյան ցանցը, որ զբաղվում է փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդիրներով, միավորում է 75 անկախ, ոչ առեւտրային, ապաքաղաքական կազմակերպություններ: Անցած շաբաթ Կովկասի ողջ տարածքում այս 75 կազմակերպությունները հանդիպումներ են անցկացրել որոշումներ ընդունող ավելի քան 400 անձանց հետ՝ նպատակ ունենալով վերջիններիս իրազեկել տեղահանված բնակչության հիմնախնդիրներին: CRINGO-ի Երեւանի համակարգող կետը շուրջ 120 հանդիպում է ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ ԱԺ-ի, Վճռաբեկ եւ Առաջին ատյանի դատարանների, քաղաքապետարանների եւ թաղապետարանների, միջազգային կառույցների, ՄԱԿ-ի, ԶԼՄ-ների, գիտնականների եւ մշակութային գործիչների հետ: Փախստականների եւ տեղահանվածների հիմնախնդիրները տարբեր տարիների տարբեր բնույթ են կրել: CRINGO-ի Երեւանյան կետը ՀՀ-ում եւ ԼՂ-ում հատուկ ընդգծում է փախստականների սոցիալական եւ իրավապաշտպանական հիմնախնդիրները: ՀՀ-ում փախստականների մեծ մասը շարունակում են համարվել հասարակության ամենախոցելի խմբերից: Նրանց մեծ մասի համար բնակության վայր են շարունակում հանդիսանալ ժամանակավոր կացարանները՝ ավելի քան 8000 փախստականներ շարունակում են ապրել կենցաղային տարրական պայմաններից զուրկ տարբեր ադմինիստրատիվ շենքերում, հանրակացարաններում, հյուրանոցներում, նկուղներում: «Բացի այդ, ՀՀ-ում տիրող գործազրկության բարձր մակարդակը ստիպել է այս ընտանիքների տղամարդկանց մեկնել արտագնա աշխատանքի՝ ստեղծելով եւ նպաստելով կանանցով ղեկավարվող ոչ լիարժեք ընտանիքների կտրուկ աճին, առանձնահատուկ վիճակում են գտնվում միայնակ տարեցները, որոնք իրենց տարիքին բնորոշ սահմանափակումների պատճառով չեն կարողանում հոգալ իրենց տարրական կարիքները»,- նշում է CRINGO ցանցի անդամ «Առաքելություն Հայաստան» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Հարությունյանը: Փախստականների վերաբերյալ ՀՀ-ում թեեւ ստեղծվել է համապատասխան օրենսդրական դաշտ, սակայն այն իրեն չի արդարացնում: «Օրենքներ ընդունելուց հետո մենք չենք ստեղծել համապատասխան ենթաօրենսդրական դաշտ եւ օրենքները կյանքի կոչող մեխանիզմներ, կամ էլ այդ օրենքները ընդունման պահից արդեն հնացած են՝ իրականությանը չեն համապատասխանում, մինչեւ հիմա ՀՀ-ում հստակ քաղաքականություն չունի փախստականների ինտեգրման վերաբերյալ»,- նշում է Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: ԼՂՀ հակամարտության արդյունքում Ադրբեջանից տեղահանված կես միլիոն հայերից 360 հազարը բնակության վայր են ընտրել Հայաստանը: 1997թ. տվյալներով` նրանցից 311.000-ը շարունակել են բնակվել ՀՀ-ում: Հաշվառման փորձ հաջորդ տարիներին արվել է 2000, ապա 2001թ. մարդահամարի ժամանակ: Քանի որ արդյունքները ճշգրիտ չեն եղել, այս տարի ՀՀ կառավարությանն առընթեր Փախստականների եւ միգրացիայի վարչությունը նախաձեռնել է փախստականների նոր հաշվառում: