Չար մոլախոտի բուժիչ հատկությունները
«Աստվածամոր գավաթներ». այսպես են անվանել պատուտակի ծաղիկները Գրիմմ եղբայրներն իրենց լեգենդներից մեկում` ծաղկաբաժակի մեջ լցրած գինով նա հագեցրել է ծարավը։
Աշխարհի բարեխառն գոտիների ցանքատարածքները եւ այգիները աղբոտող պատուտակը բոլոր ժամանակներում մեծ չարչարանքներ է տվել հողի մշակին։ Այնուամենայնիվ, զարմացնում է այդ բույսի` միջավայրին հարմարվելու ունակությունը` վերջին աստիճանի կենսունակ եւ համառ բույս է։
Գրականության մեջ կա պատուտակի նկարագրությունը, սակայն, ինչպես ասում են. «Լավ է մեկ անգամ տեսնել»:
Հողամասի մի անկյունում տարիներ շարունակ լցված էր ավազի բավականին լայն եւ հաստ շերտ։ Առաջացած բլրակի վրա Սեւանից հոսող ջրի հետ եկել եւ հիմնավորվել էին բազմազան բույսեր, որոնք շատ լավ համատեղվում էին իրար հետ։ Որոշ ժամանակ անց դրանց շրջապատում սկսեց գերիշխել պատուտակը։ Երբ հարց առաջացավ տարածքը մաքրելու, ապա ակնհայտ դարձավ պատուտակի գերիշխող դիրքը նաեւ հողի տակ` բույսի արմատները կատարելով ամենաաներեւակայելի շրջադարձները` տարածված էին բոլոր ուղղություններով։ Նման ստորգետնյա «խճանկարը» առաջացել էր ընդամենը 3-4 տարում։
Convolvulus arvensis պատուտակ դաշտայինը փաթաթվող ցողունով եւ արմատով բազմամյա խոտաբույս է։ Տերեւը գեղեցիկ է` կոթունավոր, նիզականման։ Ծաղկում է ողջ ամռան ընթացքում։ Ծաղկաբաժակը եւ ծաղկեպսակը` ձուլաթերթ-ձագարաձեւ, ծաղկաթերթերը սպիտակ կամ վարդագույն են։ Պտուղը սուր գնդաձեւ երկփեղկ տուփիկ է, որի մեջ կա երկու կլորավուն սերմ։ Սերմը նույնպես կենսունակ է, այն պահպանում է իր ծլունակությունը` առնվազն երկու տասնամյակ։
Բնության մեջ հանդիպում են պատուտակի (այլ անվանումը` պատատուկ) մոտ 250 ենթատեսակներ։ Այգեգործության մեջ լայն տարածում ունի պատուտակազգիների հարավեվրոպական ծագում ունցող Convolvulus tricolor ենթատեսակը։ Միամյա բույս է, բազմանում է սերմերով։ Բաց արեւոտ վայրում կարող է բազմանալ ինքնացան եղանակով։ Արագ աճի եւ ծաղկման շրջանի երկարատեւության շնորհիվ օգտագործվում է պատշգամբների եւ կենդանի ցանկապատերի ձեւավորման նպատակով։
Բույսը մեղրատու է, մեկ ծաղիկն օրվա ընթացքում մոտ 2 մգ շաքար է արտադրում։
Հնագույն ժամանակներից կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ։ Ավիցենան իր «Բժշկական գիտության կանոնները» գրքում խորհուրդ է տալիս կիրառել թոքերի, լյարդի, փայծաղի հիվանդությունների բուժման համար։
Բույսից պատրաստել են մոգական թուրմեր, որոնք ի զորու են եղել ազդել մարդու հոգեվիճակի վրա։
Պատուտակը դասվում է խիստ թունավոր բույսերի շարքին։ Արմատը եւ վերգետնյա մասը ամբողջովին պարունակում են թունավոր կոնվալվուլին գլիկոզիդ, որն առավել շատ է սերմերում։
Չափաբաժինների խախտումը կամ պատահական թունավորումը սերմերից (երեխաները երբեմն ուտում են դրանք) ազդում է բերանի խոռոչի եւ աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթների վրա։ Արդյունքում առաջանում են սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնում։ Առաջին օգնությունը` խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ եւ ակտիվացրած ածուխ (1 հաբ/10 կգ քաշին), կատարել ստամոքսի լվացում կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով (0,1 տոկոսանոց)։
Սերմերի եւ դրանց պատրաստուկների ընդունումը հակացուցված է թութքի դեպքում, կարող է առաջացնել հղիության արհեստական ընդհատում կամ վաղաժամ ծննդաբերություն։ Խնդիրը նրանում է, որ պատուտակը մագլցելով թփերի վրա` միախառնվում է դրանց, եւ հնարավոր է, որ սխալմամբ ուտեն նաեւ դրանց պտուղները։
Որպես բուժիչ հումք` չորացրեք արմատը եւ ցողունը` չորացումը կատարեք ջեռոցում (փռում)` 45C ջերմաստիճանում։ Ծաղիկը եւ տերեւը մթերեք ոգեթուրմի ձեւով։
Պարունակում է ասկորբինաթթու (C), ենթավիտամին A, տոկոֆերոլներ (E), սապոնիններ, դառը եւ լորձանյութեր, պրոտեինները տրոհող ֆերմենտներ, ալկալոիդներ։
Արմատի փոշին ցանեք վերքերին, կտրվածքներին։ Որպես հակաբորբոքային միջոց` խմեք 1 գ` օրը մեկ անգամ։
Թարմ տրորած տերեւը դրեք միջատների, թունավոր օձերի խայթոցներին ենթարկված հատվածներին` որպես առաջին օգնություն։
Մրսածության դեպքում` որպես քրտնամուղ միջոց, խորհուրդ է տրվում սերմերի թուրմը. 1 թ/գ մանրացրած հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրով փակ տարայի մեջ ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 45 րոպե, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։
Ստոմատիտների, ատամի ցավի դեպքում` որպես հակաբորբոքային եւ ցավամոքիչ միջոց, կատարեք ողողումներ արմատի թուրմով. 1 ճ/գ մանրացրած հումքը կես ժամ թրմեք 200 մլ եռջրով, տարան ծածկեք բարակ անձեռոցիկով։ Քամեք քառատակ ծալած թանզիֆով։
Ոգեթուրմ.
– Խառնեք թարմ ծաղիկը եւ տերեւը (1։1), 50 գ հումքը երկու շաբաթ թրմեք 100 մլ օղու մեջ։ Քամեք, պահեք ապակե սրվակում։ Վերքերին թրջոցներ դնելուհամար 1 թ/գ ոգեթուրմը լուծեք 50 մլ տաք ջրի մեջ։
– 20 գ հումքը թրմեք 100 մլ սպիրտի (70 տոկոսանոց) մեջ։ Քամեք։ Խմեք մեկական թ/գ, օրը 2 անգամ, սնվելուց առաջ` արյունահոսության, դողէրոցքի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում։
Բրոնխիտ. 1 ճ/գ ծաղիկները 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Հյութ. Աղացեք թարմ խոտը, զտեք հյութը, 2 ճ/գ-ն լուծեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Ունի լայն կիրառություն շնչուղիների եւ լյարդի հիվանդությունների, ասթմայի, թոքախտի, ստամոքսաբորբի, մրսածության, սիֆիլիսի բուժման դեպքում։