Մեր թղթակցի հետ զրույցում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «անհեթեթություն» է համարել այն լուրերը, թե իր վերանշանակման գործում մեծ դեր է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, 2007թ. Քաղաքաշինության նախարարի պաշտոնից Բնապահպանության նախարարի պաշտոնին տեղափոխվելու համար Ա. Հարությունյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին 1 մլն դոլար է տվել: Իսկ այս անգամ, որոշ տեղեկությունների համաձայն` վարչապետն է միջնորդել նրա վերանշանակման հարցում, քանի որ Ա.Հարությունյանի հետ միասին հանքային վերահսկման կամ շահագործման ոլորտում ընդհանուր հետաքրքրություններ ունեն: «Առաջին անգամն եմ լսում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ա.Հարությունյանը` այդ լուրերը նույնպես «անհեթեթություն» համարելով: