«Որոշ հարցերում մենք կարող ենք համագործակցել ԲՀԿ-ի հետ: Դա մի կողմից` լավ է, բայց մյուս կողմից քեզ զրկում է ամբողջական միասնական կուրս մշակելու հնարավորությունից: Այսինքն` միասնական քաղաքական կուրս մշակել եւ վստահ լինել, որ ոչ ոք այդ կուրսից չի շեղվելու, ցավոք սրտի, այսօր հնարավոր չէ: Դու պետք է լինես կամ ընդդիմություն, կամ իշխանություն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե իշխանությունների որոշումների վրա ազդելու հարցում ՀՅԴ-ն կարո՞ղ է ապավինել ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն մաս չկազմեց կոալիցիային, սակայն նաեւ չհայտարարեց ընդդիմություն լինելու մասին: «Միջանկյալ վիճակը պահանջում է սիտուացիոն վիճակներ ցանկացած առանձին հարցով: Երեկ դու Կառավարության ծրագրին դեմ էիր, բայց այսօր կառավարության առաջարկած ոչ պոպուլյար օրինագծին (Սեւանա լճից կրկնակի ավելի ջուր բաց թողնելու նախագծին.- Ա.Ա.) կողմ ես քվեարկում: Նման իրավիճակը գործընկերների համար շատ է դժվարացնում համագործակցության ճիշտ մեխանիզմներ գտնելը»,- ավելացրել է Վ.Հովհաննիսյանը: