Պայքար ցինիզմի դեմ

23/06/2012

«Ամենամեծ խնդիրը, որի դեմ այս խորհրդարանում մեզ հարկ կլինի պայքարել, ցինիզմն է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Համոզմունքս խորանում է, որ իշխող քաղաքական վերնախավը ոչ մասնագիտական աշխատաոճով ի վիճակի չէ ճիշտ որոշումներ ընդունել, ճիշտ պետություն կառուցել,- ներկայացնելով նորընտիր ԱԺ-ի գործունեության առաջին երկու օրերից ստացված իր տպավորությունները` ասաց Հ. Բագրատյանը` մասնավորեցնելով,- Օրինակ, հարցնում ենք, ի՞նչ քաղաքականություն եք տանում. մոնետարիստակա՞ն, թե՞ ֆինանսաբյուջետային, հանկարծ վարչապետն ասում է` ինչո՞ւ եք ջղայնանում, ամբողջ աշխարհն ընդլայնողական, ոչ թե կրճատողական քաղաքականություն է վարում: Մինչդեռ ընդլայնողական ու կրճատողական կարող է լինել ինչպես մոնետարիզմը, այնպես էլ քեյնսականությունը»: Գնահատելով կառավարության ծրագիրը, պրն Բագրատյանն ասաց. «Կա պլան, օրինակ, ամուսնացնել տղայիս, մեքենա գնել, սենյակս վերանորոգել, սա պլան է, բայց երբ որ ես այդ ամենի կողքին գրում եմ իմ առաջիկա տարիների եկամուտը ու թե դրանով ինչ կարող եմ անել` դա դառնում է ծրագիր: Ինչ ուզում է անվանեն, իրենք մեզ չհամոզեցին, որ դա ծրագիր է: Ասում ես` այ ընկեր, ինչո՞ւ եք սուբսիդիան տալիս պարարտանյութ ներկրողին, մինչդեռ կարելի էր փողը տալ գյուղացուն, խուսափել անտերությունից ու պարարտանյութի շուկան էլ ազատ թողնել: Դրանից հետո էլ ինչպե՞ս են գրում, որ կոռուպցիայի դեմ են պայքարում: Կոռուպցիայի դեմ պայքարը նախ եւ առաջ ճիշտ տնտեսական քաղաքականությունն է` ճիշտ մեխանիզմներով. տարանջատել պետությունն իշխանությունից, էդ մեզանից սովորել են` սուբսիդավորել սպառողին, էդպես կոռուպցիան ավելի քիչ է, փոքրացնել պետական միջամտությունը»: Մեկնաբանելով հինգշաբթի օրը ԱԺ-ում իր ելույթի հետ կապված մեկ այլ նախկին վարչապետի` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի ռեպլիկը, Հ. Բագրատյանն ասաց. «Խոսրով Հարությունյանին ես վատ բան չեմ ասել, ասել եմ` առաջին երեք վարչապետները հրաժարական են տվել տնտեսական անկման պատճառով: Խոսրով Հարությունյանը, չգիտես ինչու, որոշեց ասել, որ ինքն իմ պատճառով է հրաժարական տվել: Գուցե, բայց գուցե դա իրեն է թվում, գուցե դա միայն առիթն էր: Նրան աշխատանքից ազատել է նախագահը. մասնավորապես 1993 թվականին Խ. Հարությունյանի ներկայացրած բյուջեն պառլամենտում քննարկվեց, ու պարզ դարձավ, որ դա ոչ մի տեղ չի տանում: Այսինքն, իր ասածները իմ ասածների հետ մեծ հաշվով կապ չունեն: Ազգային ժողովում կա մարդկանց խումբ, որ, երբ ՀԱԿ-ից որեւէ մեկը, հատկապես` ձեր խոնարհ ծառան, խոսում են, անմիջապես արտահերթ արտահայտվում են»:

Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ