Երեկ Ազգային ժողովը հայտնվել էր գրեթե արտակարգ իրավիճակում, քանի որ քննարկում էր ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագիրը:
Քննարկումը բավականին բուռն էր ՀԱԿ-ի, «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորների ու ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների խիստ քննադատության շնորհիվ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարության հատկապես ֆինանսական բլոկի նախարարները գլուխները կախ լսում էին իրենց հասցեին ուղղված սուր հայտարարությունները: Դժվար է ներկայացնել բոլոր քննադատությունները, սակայն կարելի է մեջբերել այդ ծրագրին, կառավարությանn ու վարչապետին ուղղված մի քանի որակումներ, որոնք, մեծ հաշվով, արդարացիորեն բնութագրում էին այդ փաստաթղթի բովանդակությունը: Հիշեցնենք, որ կառավարությունն իր այս ծրագրով նախ խոստանում է այս տարվա համար ապահովել 7% տնտեսական աճ, իսկ հաջորդ 4 տարիների համար` տարեկան 5-7% աճ: Եվ այսպես` այս ծրագիրը չի արտահայտում ՀՀ մտավոր ներուժը եւ չի կարող ապահովել 5-7% տնտեսական աճ, անմեկնելի փաստաթուղթ, ժամանակավոր կառավարության ծրագիր, ձմեռը հանելու ծրագիր, այսպես կոչված` ծրագիր, մերկապարանոց հայտարարություններ, կենացների ժողովածու, պատասխանատվությունից խուսափող ծրագիր, ոչ մի կոնկրետություն, նախորդի ծաղրանկար, ձեռքերը լվացողի քաղաքականություն, ընդամենը բարի ցանկություններ արտահայտող ծրագիր, չափից ավելի անհամարձակ, մշուշոտ, լղոզած ծրագիր, եւ այլն, եւ այլն: Սրանք երեկ կառավարության ծրագրին ուղղված բնութագրումների ու քննադատությունների ընդամենը մի չնչին մասն են միայն: Կառավարության անդամները երեկ քննադատության չափազանց մեծ չափաբաժին ընդունեցին: Իհարկե, հարցուպատասխանի ժամանակ Տ.Սարգսյանը փորձեց նրանց մեծ մասին արդարացնող պատասխաններ տալ, սակայն դրանք թույլ էին քննադատության ֆոնի վրա:
Օրինակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մեր երկրի արտաքին պարտքն անցել է 6,5 մլրդ դոլարը (մասնավոր հատվածի պարտքը ներառած) եւ կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 65%-ը: Այդ ցուցանիշով, ՀՀ-ն աշխարհում վերջից 13-րդ տեղում է: Իսկ արտաքին պարտքի սպասարկում/ՀՆԱ 33 % ցուցանիշով վերջից 7-րդն է: «Մի՞թե չեք հասկանում, որ արդեն 2013-ի ամառ-աշուն շրջանում հնարավոր է հունական տարբերակի կրկնությունը Հայաստանում,- հարցնում է Հ.Բագրատյանն ու ավելացնում,- Կառավարությունը կրկին նախատեսում է 100 հազար «աշխատատեղ» ստեղծել: Ինձ թվում է, որ մեր կառավարությանը ժամանակն է հանգիստ թողնել «աշխատատեղ» բառը եւ 100.000 թիվը: Նախ` ինչո՞ւ եք 100.000 աշխատատեղ ստեղծում, եթե պաշտոնապես ընդամենը 33,9 հազար գործազուրկ ունեք: Երկրորդ` Սերժ Սարգսյանը 2008-ին խոստացել էր 100.000 նոր աշխատատեղ, 2008-2011թթ. զբաղվածների թիվն ավելացել է 1100 մարդով: Այսինքն` 4 տարում խնդիրը կատարվել է 1,1 %-ով»:
Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նախ հարց ուղղեց վարչապետին, թե արդյո՞ք ավելի շատ կլիներ 2009թ. տնտեսական անկումը, եթե կառավարությունը սխալ քաղաքականություն վարեր: Նա հիշեցրեց կառավարության հայտարարությունները, թե իրենց ձեռնարկած գործողությունների արդյունքում այդ ժամանակ արձանագրվեց ընդամենը 14% անկում: Վ.Օսկանյանը վարչապետին հիշեցրեց նրա հայտարարությունները, թե նախորդ տարիների տնտեսական աճի կառուցվածքում շինարարության զբաղեցրած գերակշռող դիրքի պատճառով անկումն այդքան մեծ եղավ: Այսինքն` 2008-ից հետո այդ ոլորտը ներդրողների համար այլեւս նախկին հետաքրքրությունը չի ներկայացրել, այդ պատճառով էլ ունեցել է մեծ անկում: Տ.Սարգսյանը դա մեկ անգամ եւս կրկնեց, եւ ավելացրեց, թե 2009-ի 14% անկման կառուցվածքում 10,5%-ը շինարարության բաժինն էր: Եվ ՀՀ-ն կխուսափեր նման մեծ անկումից, եթե տնտեսության մեջ շինարարությանն այդքան մեծ բաժին չհատկացվեր, եւ այդ ոլորտում արված ներդրումների մի մասն ուղղվեր այլ ոլորտների զարգացմանը: Վ.Օսկանյանը նաեւ հիշեցրեց, որ կառավարության այս նոր ծրագրում հաջորդ տարիների համար նախատեսված է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել 0,3-0,4%-ով: Հիշեցնենք, որ սա այն ցուցանիշն է, որով կարելի է գնահատել տնտեսության ստվերայնության աստիճանը: ՀՀ ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը չի հասնում 17%-ի: Այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում այդ ցուցանիշը մոտ 25% է: Իսկ այդ հարաբերակցությունը տարեկան ընդամենը 0,3 կամ 0,4%-ով ավելացնելն, իսկապես, չափազանց ցածր ցուցանիշ է: Նշենք նաեւ, որ այս ցուցանիշի ավելացումը տնտեսական աճի հետ այնքան էլ կապ չունի, պարզապես իշխանությունը պետք է ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու քաղաքական կամք դրսեւորի, ինչը չարեց այս տարի թե տնտեսական գլխավոր փաստաթղթում` բյուջեի մասին օրենքում, թե կառավարության այս ծրագրում: «Ես կարծում եմ, որ նման ցածր ցուցանիշներ դնելով` դուք ձեզ ապահովագրել եք: Մենք պետք է մրցենք Վրաստանի, հարեւան երկրների հետ»,- հայտարարեց Վ.Օսկանյանը:
Իսկ արդեն ելույթի ժամանակ հայտարարեց. «Պարո՛ն վարչապետ, երբ ձեզ հարց տվեցի` հնարավո՞ր էր խուսափել անկումից, ասացիք` այո, եթե շինարարության անկումը չլիներ: Գիտեք, ես կարող եմ վիճարկել Ձեր թվերը, բայց ուզում եմ այլ կտրվածքով պատասխանել: Անկման պատճառը համաշխարհային ճգնաժամն էր, մեր տնտեսության կառուցվածքն է, այո՛, շինարարությունը, իսկ երրորդը` Ձեր վարած քաղաքականությունն է: Իմ կարծիքով` այս երեքի մեջ գերակշռողը եղել է ձեր վարած քաղաքականությունը: Այս ծրագրի մեջ դուք ռիսկերից եք խոսում, բայց ոչ մի բան չեք ասում, թե ռիսկերի կառավարման դեպքում ինչպիսի ազդեցություն կլինի: Մենք հնարավորին չափ արագ պիտի բարեփոխումներն անեինք, որ կարողանայինք նոր ռեսուրս ստեղծել, արագ դիվերսիֆիկացնել: Հյուսիս-հարավից եք խոսում, բայց պետք է արդեն կիսով չափ կառուցած լիներ, նույնիսկ օրը չեք նշում, այս ծրագիրը չի կարող նույնիսկ 7% աճ ունենալ, անկախ նրանից, թե Եվրոպայում ինչ կլինիգ մեզ այսօր աճ է պետք, պարո՛ն վարչապետ, դուք ընդհանրապես աճի գաղափարը լղոզել եք արդեն»:
«Այս երկրում տնտեսության տերը, ժողովրդի համար պատասխանատուն կառավարությո՞ւնն է, թե՞ ինչ-որ ուժեր: Կարծում եմ, մեր կառավարությունը վարագույր է ծառայում` ինչ-որ ուրիշ ուժերի համար, ինչ-որ մարզային մակարդակի ցեղախմբերի առաջնորդների համար` իրենց շրջապատով, ինչ-որ տնտեսական կլանների համար, ինչ-որ խմբերի, որոնց ներկայացուցիչները կան այսօր այս դահլիճում: Դրա մասին պետք է բաց խոսենք: Կառավարությունից չպահանջենք բաներ, որ ինքը չի կարող անել: Եթե հետ քաշեն այս վարագույրը, տեսնեն ինչ է կատարվում այս վարագույրի հետեւում, կկարողանանք ինչ-որ բան անել: Բայց մենք անընդհատ գործ ունենք փաստաթղթերի հետ, որոնք զարմանքով տեսնում են, որ չիրականացան: Իսկ կարո՞ղ էին իրականանալ, ումի՞ց ենք ինչ սպասում: Այս վիճակից դուրս գալու միակ ձեւը անկեղծությունն է, այս դահլիճում այդ անկեղծությունը չի հնչում»,- իր հերթին հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը քննարկվող փաստաթուղթը համարեց ժամանակավոր կառավարության ծրագիր, իսկ կառավարությանը համարեց ձմեռը հանելու կառավարություն: «Բարի ցանկությունների, լավ մտադրությունների հռչակագիր է սա: Վերցնենք ցանկացած մաս եւ նայենք` ինչ բառեր են` պետք է դառնան, պետք է կատարվի, անվճար տրամադրվելու է, ընդլայնվելու է, ընձեռվելու է, բարելավվելու է, ներդրվելու է, ապահովվելու է, ստեղծվելու է, եռապատկվելու է, սահմանվելու է, շարունակել, հիմնանորոգել, ապահովել, ընդլայնել, մշակել, կիրառել, ուժեղացնել, ուշադրության կենտրոնում պահել, եւ այլն: Ու այսպես գնում, գնում, հասնում է վերջին` խրախուսել, շարունակել, զարգացնել: Վաբշե, տարավ տեքստը»,- հայտարարեց Ա.Արզումանյանը:
Երեկ Տ.Սարգսյանին հարցեր ուղղեցին ու ելույթներ ունեցան շատերը: Իհարկե, եղան նաեւ կառավարությանն ու նրա ծրագիրը գնահատող պատգամավորներ: Բայց այդ փաստաթղթին ու կառավարությանը քննադատել ցանկացողներն այնքան շատ էին, որ այսօր ողջ օրը նույնպես ԱԺ-ում նիստ կլինի: Ավելացնենք նաեւ, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու այդ ծրագրին: Այսինքն` Կառավարության ծրագիրը պետք է ընդունվի միայն ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների 75 պատգամավորների կողմ քվեարկությունների արդյունքում, եթե, իհարկե, կարողանան ապահովել դրա համար անհրաժեշտ նվազագույն 66 ձայնը:
Ավելացնենք նաեւ, որ կառավարության ծրագրի քննարկմանը եւ քվեարկությանը մասնակցելու համար կոալիցիոն կուսակցությունները խորհրդարան բերման էին ենթարկել գրեթե բոլոր պատգամավորներին: Երեկ հատկապես ՀՀԿ անդամներն այս իրողության մասին խոսելիս` ասում էին, թե մայիսի 6-ի ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական բոլոր նիստերի ժամանակ խստիվ զգուշացրել է, որ ԱԺ նիստերի օրերին պատգամավորները թողնում են իրենց անձնական գործերը, արտասահմանյան ուղեւորությունները, բիզնես ու այլ բնույթի գործերը եւ ներկայանում են խորհրդարան: Անպայման սեփական ուժերով պետք է ապահովեն քվորումներն ու իրենց ցանկալի օրինագծերը: Եվ երեկ հատկապես գործարար պատգամավորները մի կերպ դիմացան կառավարության ծրագրի երկարատեւ քննարկմանը: Այդ փորձությունը նրանց սպառնում է նաեւ այսօր ողջ օրը: