«Հեղափոխությունը շարունակվում է…»

21/06/2012

– Հունիսի 16-17-ին Եգիպտոսում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եւ, ինչպես երեւում է ստացվող լուրերից, նախնական տվյալներով` ավելի շատ ձայներ է ստացել «Մուսուլման եղբայրության» թեկնածու Մուհամմադ Մուրսին (ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն միայն այս շաբաթվա վերջում): Իսլամիստների թեկնածուի հնարավոր հաղթանակը կարո՞ղ է ազդել երկրում իրավիճակի ապակայունացման վրա, եթե հաշվի առնենք, որ ընտրություններից անմիջապես առաջ Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը (ԶՈՒԲԽ) ստիպեց Սահմանադրական դատարանին որոշում ընդունել երկրի նորընտիր խորհրդարանի Ստորին պալատի լուծարման մասին, որի մեծ մասը կազմում էին իսլամիստները:

– Զինվորականներն ակնհայտորեն վճռականորեն են տրամադրված իրենց իշխանությունը պահպանելու հարցում: Իսկ իսլամիստները` անկախ այն բանից` Մուրսին հաղթե՞լ է, թե՞ ոչ, շարունակելու են փորձերը իշխանական կառույցները գրավելու ուղղությամբ: Հեղափոխությունը շարունակվում է եւ կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի` ալժիրական սցենարով, կամ կարող է ավարտվել նրանով, որ իսլամիստները գրավեն իշխանությունը եւ փորձեն վերացնել բանակը` այն դուրս բերելով Իսրայելի դեմ պատերազմի` 1980-ականների իրանական սցենարով, երբ իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո Իրանը պատերազմ սկսեց Իրաքի դեմ:

– Իսկ այս իրավիճակում իրադարձությունների ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:

– Առայժմ պատրաստ չեմ կանխատեսումներ անել Եգիպտոսի ներքին քաղաքական մանրամասնությունների վերաբերյալ: Խոսքը իշխանության եւ հսկայական ունեցվածքի մասին է, իսկ բանակը դեռեւս վերահսկում է Եգիպտոսի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 25-30 տոկոսը եւ անկասկած կկորցնի այդ կարողությունը իշխանության կորստի դեպքում:

– Կարո՞ղ ենք Մուրսիի հաղթանակը համարել որպես վերջինիս` Մուբարաքի վարչակարգին եւ նրա իշխանության օրոք վերջին եղած վարչապետ ու բանակի կողմից հովանավորվող նախագահի մյուս թեկնածուին` Ահմեդ Շաֆիկին այլընտրանք լինելու հանգամանք:

– Ոչ, բանակը դավաճանեց Մուբարաքին: Եթե ԶՈՒԲԽ-ի նախագահ Թանթաուին չդավաճաներ նրան, նախագահ Մուբարաքը կարող էր ճնշել ապստամբությունը: Սակայն Մուրսին համեմատաբար երիտասարդ է, Շաֆիկը` ծեր, իսկ Եգիպտոսի ընտրողների մեծամասնությունը կազմում է երիտասարդությունը: Բացի այդ` Մուրսին իսլամիստ է, եւ եգիպտացիները սատարում են իսլամիստներին ճնշող մեծամասնությամբ` ավելի շատ, քան մնացած մյուս բոլոր ուժերին միասին վերցրած:

– Բանակը Եգիպտոսում ավանդաբար հզոր ուժ է ներկայացնում, ինչպիսի՞ քայլերի նա կդիմի իսլամիստական թեկնածուի` նախագահ դառնալու դեպքում:

– Բանակը կարող է նրան տապալել, կարող է ոչնչացնել, կարող է նաեւ որոշակի պայմանների դեպքում ենթարկվել նրան: Առայժմ ապագայի սցենարն անորոշ է:

– Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ գեներալները, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելով, ձգտում են պարզապես «թարմացնել» նախկին վարչակարգը: Այսինքն, Զինվորական խորհուրդը փորձում է պահպանել Նասերի ռեժի՞մը:

– Զինվորական խորհուրդը ձգտում է պահպանել իր սեփական իշխանությունն ու սեփականությունը, Նասերը նրանց չի հետաքրքրում ճիշտ այնպես, ինչպես 80-ականներին ԽՍՀՄ Կոմկուսը եւ ՊԱԿ-ը պահպանում էին իրենց իշխանությունը, այլ ոչ թե Լենինի ռեժիմը:

– Ինչպիսի՞ դիրք կգրավի ԱՄՆ-ը այս իրավիճակում, եւ ո՞ւմ է նա սատարում:

– ԱՄՆ-ը լռելյայն համաձայնեց բանակի կողմից կազմակերպված խորհրդարանական հեղաշրջման հետ, եւ ոչ մի խոսք ժողովրդավարության մասին չեղավ:

– Եվգենի Յանովիչ, հունիսի 18-ին Մեքսիկայում` Լոս Կաբոսում, հանդիպեցին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման եւ ՌԴ նախագահ Վ.Պուտինը: Այս հանդիպումից հետո ինչ-որ առաջընթաց կարո՞ղ ենք արձանագրել Սիրիայի հարցում:

– Ճիշտն ասած` ես լիազորված չեմ ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի նախագահի կողմից մեկնաբանել նրանց դիրքորոշումները բանակցություններից հետո:

– Ըստ ամերիկացի պաշտոնյաների` հանդիպման ժամանակ Պուտինն անընդհատ հիշեցրել է Եգիպտոսում եւ Լիբիայում իշխանության փոխանցման անհաջող օրինակների մասին, ինչպես նաեւ հայտնել է ՌԴ-ի անհանգստությունն այն մասին, որ «Արեւմուտքը չունի համոզիչ ծրագիր Սիրիայում պատերազմող մի շարք խմբավորումների եւ համայնքների ճակատագրի վերաբերյալ` Ասադի հնարավոր հրաժարականի դեպքում»: Կարելի՞ է սա նախագահ Պուտինի կողմից համարել ակնարկ այն մասին, որ ՌԴ-ն Ասադի իշխանության փոփոխումը նույնպես անհաջող միտք է համարում:

– ՌԴ-ում ոչ ոք անձամբ Ասադին չի պաշտպանում, սակայն երկրի փլուզումը կամ իրանական սցենարով պատերազմը` բոլորը բոլորի դիմաց, էլ ավելի քիչ է ողջունում: Համարել, որ Պուտինը ակնարկ է արել այս կամ այն հարցում, իմ գործը չէ:

– Այնուամենայնիվ, այժմ` տարածաշրջանի երկու գլխավոր խաղացողների ղեկավարների հանդիպումից հետո, ի՞նչ հավանականություն կա, որ Ասադի իշխանությունը կփոխվի կամ կփոխանցվի` երկրում հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով, թե՞ Ասադի իշխանությունն առայժմ այլընտրանք չունի:

– Ասադին այլընտրանք կա թե չկա` Սիրիայի խնդիրն է, ավելի ճիշտ` հիմնականում ալավիների, ինչպես նաեւ նրանց աջակցող մյուս համայնքների զգալի մասի, այդ թվում` շիաների եւ դրական չեզոքություն պահպանող քրիստոնյաների եւ քրդերի: Ոչ մի կանխատեսում անել այժմ չի կարելի: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում գնալով ավելի է խորանում եւ ավելի անդառնալի է դառնում, ինչպես Իրաքում` շիաները` սուննիների դեմ: Հիշենք, որ մինչ Ասադի կլանի կողմից Սիրիայում իշխանության գրավումը` 1940-ական թթ. վերջից ընդհուպ մինչեւ 1970-ական թթ. սկիզբը, երկրում իրականացվել է ավելի քան 20 ռազմական հեղաշրջում: Ասադի տապալումից հետո, ամենայն հավանականությամբ, շատ բարդ իրավիճակ կստեղծվի, եւ Սիրիան կրկին կբաժանվի ալավիների, սուննիների, դրուզների, քրդերի եւ մյուս համայնքների միջեւ: Ասադին կսպանեն կամ կտապալեն` սա նույնպես կլինի:

– Եթե Ռուսաստանը չի պաշտպանում Իրանի քաղաքականությունը, ինչպես Դուք նշեցիք` պատերազմ բոլորը բոլորի դեմ, ապա, հետեւաբար, Ռուսաստանը միգուցե ա՞յլ տարբերակ ունի հիմնախնդրի լուծման համար:

– Ռուսաստանը ոչ մի տարբերակ չունի այս հարցում` Սիրիային հանգիստ թողնելու եւ այնտեղ քաղաքացիական պատերազմ հրահրող ապստամբներին զենքով եւ ֆինանսներով աջակցելու քաղաքականությանը վերջ տալու առաջարկից բացի, ինչն, իհարկե, չի լինի: Ռուսաստանի միակ առաջարկը սովետական հայտնի մուլտֆիլմի հերոս Լեոպոլդ կատվի դեղատոմսն է. «Ռեբյատա դավայտե ժիտ դռուժնո»:

– Եվ վերջին հարցը` Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման ինչպիսի՞ սցենարներ Դուք կարող եք կանխատեսել, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

– Այդ հարցի լուսաբանումն, իհարկե, բավականին երկար ժամանակ կպահանջի, սակայն համառոտ կերպով` հնարավոր են հետեւյալ սցենարները. պատերազմ Իրանի հետ` Արաբական թերակղզու միապետությունների, ԱՄՆ-ի եւ, հնարավոր է, նաեւ Իսրայելի մասնակցությամբ: Այդ դեպքում դեպի Կովկաս եւ առաջին հերթին` Հայաստան եւ Ադրբեջան կանցնեն իրանցի փախստականները` մոտավորապես մեկից մինչեւ մեկուկես միլիոն հոգու չափով: Թուրքիան վերածվում է տարածաշրջանային գերտերության` նոր Օսմանյան Բարձր Դռան, ինչը մեծ խնդիր կարող է լինել Հայաստանի համար: Իսկ Եգիպտոսում իրադրության վատթարացման դեպքում չի բացառվում այստեղից սփյուռքահայերի ներհոսքը դեպի Հայաստան, նույնը կարելի է ասել նաեւ Սիրիայի եւ Լիբանանի հայերի մասին:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ