– Ռուսաստանում ընդդիմադիրների ցույցերն ինչպիսի՞ ազդեցություն ունեցան: Դրանք կարո՞ղ են փոփոխություն մտցնել քաղաքական դաշտում:
– Այդ ակցիաներն արդեն մի քանի կարեւոր հարց են լուծել: Նախեւառաջ` ի հայտ եկավ եւ իրար տեսավ մի նոր դեմոգրաֆիկ խումբ, որը տարբեր ձեւով են անվանում: Ոմանք այն անվանում են կրեատիվ խավ, ոմանք` զայրացած քաղաքացիներ, մենք (mn.ru-ի խմբագրությունը) նրանց անվանում ենք նոր մտավորականություն: Ի հայտ եկան այդ մարդիկ, նայեցին միմյանց եւ հասկացան, որ իրենք կան, ընդ որում` բավականին շատ են եւ ի վիճակի են ազդել տեղի ունեցող գործընթացների վրա: Այդ բողոքի զանգվածային ակցիաների սկսվելուց հետո օրենքներում արդեն տեղի ունեցավ որոշակի լիբերալացում, որը վերաբերում է քաղաքական գործընթացներին. վերականգնվեց նահանգապետերի ընտրությունը, փոխվեցին կուսակցության գրանցման կանոնները եւ այլն: Ինչն է առավել կարեւոր, որ իրականում այս ակցիաները հասարակության մեջ վեր հանեցին բազում հարցեր` ինչ է տեղի ունենում, ինչը պետք է փոխել, ինչպես դա պետք է փոխել, եւ, որ ամենակարեւորն է, թե ամեն մեկն ինչ կարող է անել, որպեսզի փոխի իրեն շրջապատող կյանքը: Միեւնույն է, մարդիկ սովոր են ապրել հին, սովետական մոդելով, երբ դու այսպես լավն ես եւ քննադատում ես իշխանություններրին: Այժմ ի հայտ են գալիս այլ մարդիկ, ովքեր չեն սպասում, որ իշխանություններն իրենց համար ինչ-որ բան կանեն, որից հետո նրանց կքննադատեն. իրենք են սկսում ինչ-որ բան փոխել: Նրանք իսկապես սկսում են բարելավել իրենց շրջապատող կյանքը: Դրան մեծապես նպաստում է մեդիան եւ տեխնոլոգիաների զարգացումը, որովհետեւ շատ բան մարդիկ սկսում են անել ինտերնետի միջոցով: Իրականում, հասարակությունը տեղից շարժվել է, ընդ որում` խորքից: Ինձ համար դժվար է ասել` արդյոք կհանգեցնե՞ն այս ակցիաները ռեժիմի փոփոխության. դժվար, որովհետեւ հասարակության այն հատվածը, որ բողոքում է, մեծ չէ` համեմատած այն հատվածի հետ, որը գոհ է կյանքից եւ քվեարկում է իշխող կուսակցության, Պուտինի օգտին:
– Իշխանությունների կարծիքով` այդ ընդդիմադիր զանգվածը կարո՞ղ է դառնալ ուժ եւ ինչ-որ բան փոխել:
– Անշուշտ, իշխանությունները հաշվի են առնում նրանց (ընդդիմադիրների) պահանջները: Իշխանությունները պատրաստ են բանակցել: Այլ խնդիր է, որ միշտ չէ, որ կա այն մեկը, ում հետ պետք է բանակցել, որովհետեւ չի կարելի բանակցել 100.000 մարդու հետ: Ընդդիմության առաջնորդները չեն ներկայացնում հասարակության այն ամբողջ հատվածի շահերը, որը բողոքում է հրապարակում: Մյուս կողմից` իշխանությունները չեն ցանկանում ցույց տալ իրենց թույլ լինելը: Չի կարելի ասել, որ միակողմանի քաղաքականություն է տարվում, իշխանությունները տարբեր ձեւով են գործում այս պարագայում:
– Եթե ընդդիմությունը հաղթի, կա՞ այն մեկը, ով կարող է առաջնորդել ժողովրդին եւ երկիրը, կա՞ ընդդիմության նման առաջնորդ:
– Ներկա պահին` ոչ, նման անձ չկա: Կան հեռանկար ունեցող մի շարք քաղաքական գործիչներ: Առաջին հերթին շատերը տեսնում են Ա. Նովալնիին` որպես նախագահի ապագա հնարավոր թեկնածու, ոմանք տեսնում են Ա. Կուդրինին, բայց հիմա ասել, որ սրանք հստակ այն մարդիկ են, ովքեր կարող են ինչ-որ բան գլխավորել, իմ կարծիքով` դեռ չի կարելի:
– Հայաստանում կան ընդդիմադիր տարբեր ուժեր, սակայն նրանք միասնական չեն: Ինչպե՞ս է իրավիճակը ձեզ մոտ:
– Նույն իրավիճակն է: Ընդ որում` այն 100.000 մարդկանց մեջ, ովքեր դուրս են գալիս հրապարակ, 80.000-ը չի գնում ոչ մի առաջնորդի հետեւից: Նրանք գնում են, որովհետեւ իրենց մոտ կուտակվել է դժգոհություն: Բայց գոյություն ունեցող ընդդիմությունն այդ մարդկանց շահերը չի ներկայացնում: Կա դժգոհ հատված, բայց նրանք քաղաքականապես միասնական չեն:
– Իսկ ի՞նչ կարծիք ունեք Մ. Պրոխորովի, նրա կուսակցության ստեղծման գաղափարի մասին:
– Գաղափարը շատ տարօրինակ է: Ես ընդհանրապես չեմ հավատում «Միխայիլ Պրոխորով» նախագծին, որովհետեւ տպավորություն կա, որ նրան խնդրել են կամ ստիպել են գնալ դրան:
– Իշխանություննե՞րը:
– Երեւի, ես չգիտեմ, ես դա չեմ տեսել: Բայց ես խոսում եմ ստեղծված տպավորության մասին: Նրա ծրագիրը, նրա կողմնակիցներըգ Մի սարսափելի խառնուրդ է, չկա հստակ գաղափարախոսություն: Պարզապես նրան շրջապատում են ինչ-որ փիառշչիկներ, քաղտեխնոլոգներ. ամեն ինչը մի տեղ են հավաքել եւ փորձում են ներկայացնել որպես մի արժեքավոր նախագիծ: Պրոխորովը նոր դեմք է: Նա քիչ ձայն չհավաքեց նախագահական ընտրություններին, բայց որեւէ ուժ չներկայացնող անձանց հաշվին: Այդ քվեարկությունն արտահայտում էր ընտրողների բողոքը, կարեւորն այն էր, որ իրենց ձայները չտային կոմունիստներին կամ Պուտինին: Պետք էր մեկին ընտրել, ընտրեցին Պրոխորովին:
– Ինչպե՞ս կգնահատեք այժմյան քաղաքական իրավիճակը Ռուսաստանում:
– Մի կողմից` իրավիճակը կայուն է, մյուս կողմից` կան որոշ անհանգստացնող միտումներ: Ակնհայտ աճում է դժգոհությունը եւ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր դժգոհ են ներկայումս տիրող իրավիճակից: Այնուամենայնիվ, այժմ իշխող կուսակցության դիրքերը շատ ամուր են:
– Հնարավո՞ր է` նոր ցնցումներ լինեն:
– Եթե տնտեսական իրավիճակը մնա նույնը, ապա կարծում եմ` ուժեղ ցնցումներ չեն լինի: Միեւնույն է, բողոքի ակցիաները սահմանափակվում են մեծ քաղաքներով` Մոսկվա, Ս. Պետերբուրգ, ծայրամասերում մարդիկ դուրս չեն գալիս: Հիմա տնտեսությունը կայուն է, մարդիկ աշխատում են, գործազրկության թիվը մեծ չէ, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել` համեմատած անցյալ 10 տարիների հետ: Եթե տնտեսական իրավիճակը փոխվի, պայթյուններ կարելի է սպասել. մարդիկ միանգամից ամեն ինչ կհիշեն:
– Ինչպիսի՞ն է խոսքի ազատության աստիճանը:
– Մեզ մոտ (mn.ru խմբագրություն) չկա գրաքննություն, չկան քաղաքական սահմանափակումներ: Կան ներքին սահմանափակումներ, որոնք արտացոլվում են լրագրողական էթիկական նորմերի վրա: Մենք հանդես չենք գալիս այս կամ այն ուժի կողմից, մենք պարզապես փորձում ենք օբյեկտիվորեն ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Դա բարդ է, քանի որ երկու կողմն էլ դժգոհ է մնում: Բայց, իմ կարծիքով, այս պարագայում սա միակ ճանապարհն է, որը կարող է իրեն թույլ տալ որակյալ լրատվությունը: Բայց կան բազում մարդիկ, ովքեր լրիվ այլ կերպ են մտածում: Կան ԶԼՄ-ներ, որոնք ծայրահեղ ընդդիմադիր են եւ մարդկանց կոչ են անում դուրս գալ հանրահավաքի, կան իշխանամետ ԶԼՄ-ներ, որոնք գրում են, թե հանրահավաքի դուրս են գալիս հիմար երիտասարդներ կամ ԱՄՆ-ի գործակալներ:
– Բայց խոսքի ազատությանն առնչվող միջազգային տարբեր զեկույցներում Ռուսաստանը ցածր հորիզոնականներում է:
– Բնականաբար, սահմանափակումներ կան: Գոյություն ունեն ճնշումներ, ընդ որում` ոչ թե խմբագրության` որպես ԶԼՄ-ի, այլ ԶԼՄ-ի սեփականատիրոջ վրա: Իշխանությունն այս կերպ է փորձում գործել: Առավել եւս, եթե այդ մարդու մոտ մեդիան հիմնական բիզնես չէ, այլ, օրինակ, օլիգարխ է, որը զբաղվում է նավթի կամ մետաղների արդյունաբերությամբ, ով նաեւ ԶԼՄ ունի: Նրան ասում են` չես ուզում խնդիրներ ունենալ հիմնական բիզնեսում, հանգստացրու քո լրագրողներին: Մոտավորապես սխեման այսպիսին է: Դրան գումարած` տեղի է ունենում մի գործընթաց, երբ ավելի շատ ԶԼՄ-ներ գտնվում են կամ պետության, կամ այն բիզնեսմենների ձեռքում, որոնք մոտ են իշխանություններին, եւ որոնց վրա նույնպես ճնշում է գործադրվում: Բայց կա նաեւ ինտերնետ, ոչ ոք չի խանգարում ստեղծել սեփական օնլայն ԶԼՄ կամ բլոգ վարել: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան ահավոր է, ինչպես դա երեւում է միջազգային ռեյտինգներում: Բայց աշխատել պետք է բոլոր պարագաներում:
– Իսկ հեռուստատեսությունները հասանելի՞ են ընդդիմադիրների համար:
– Ոչ: Սակայն հանրահավաքների սկսվելուց հետո ընդդիմության որոշ առաջնորդների սկսեցին հրավիրել որոշ եթերների, այսինքն` նրանք եթեր «ներխուժեցին»: Բայց հիմնականում եթերային հեռուսատեսությունը հեռարձակում է իշխանությունների տեսանկյունը: Կա «Դոժդ» (ԺՏՋՊՖ) հեռուստաընկերությունը, որը կաբելային է, բայց դա հեռուստացույցի վրա կոճակ չէ: Մյուս կողմից` «Դոժդը» կարելի է նայել ինտերնետով:
– Չեմ կարծում, թե խուլ գյուղերում տատիկ-պապիկները նստած «Դոժդ» են դիտում:
– Նրանք արդեն դիտում են, խուլ գյուղերում մարդկանց մոտ տեղադրված են արբանյակային ալեհավաքներ: Մարդիկ նայում են այն, ինչ իրենց դուր է գալիս, ում դուր է գալիս Հանրայինը, դա է նայում կամ այլ բան: Այո, մեծ մասամբ մարդիկ նայում են հիմնական ալիքները, բայց այլընտրանք կա:
Մերի ՄԱՄՅԱՆ
hetq.am
Լուս.` mn.ru կայքից