ՀԱԿ նամակը վարչապետին

21/06/2012

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ պետական կառավարչական հիմնարկների տարածքային ստորաբաժանումներին տարածքներով ապահովելու խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը նպատակահարմար չի համարել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հետ կնքված վարձակալության պայմանագրի վերակնքումը: Այնուհետեւ, հայցադիմումով դիմել է դատարան` կուսակցությանը վտարելու վարձակալած տարածքից: Լ. Զուրաբյանը նամակում մասնավորապես նշել է, թե 1998-ից հիմնված եւ ՀՀ քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցած, ՀԱԿ դաշինքի անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը նման քայլի արդյունքում զրկվում է Սահմանադրությամբ եւ օրենքով բնականոն գործելու հնարավորությունից: Կուսակցության ղեկավարությունը 2011թ. հուլիսի 4-ին դիմել է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը` կուսակցությանը համարժեք այլընտրանքային տարածք տրամադրելու, որին ի պատասխան` ստացել է մերժում: «Համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքի` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները կուսակցություններին «հավասար պայմաններով տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները»: Հաշվի առնելով, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մաս է կազմում ՀԱԿ ընտրական դաշինքին, խմբակցության անունից լիազորված եմ դիմել Ձեզ` այս հարցին շուտափույթ լուծում տալու նպատակով»,- Տ. Սարգսյանին ուղղված նամակում գրել է Լ. Զուրաբյանը: