ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, ԱԺ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները կներգրավվեն խորհրդարանական 12 հանձնաժողովների աշխատանքներին: Այդ նպատակով մշակվել է ԱԺ կանոնակարգ` օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծ: Ըստ այդմ, եթե խմբակցության անդամների ընդհանուր թվի կրկնապատիկը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մինչեւ երեք մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր: «Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է ներկայացված լինել անդամների այնպիսի քանակով, որ չկարողանա մասնակցել ԱԺ բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին, որոնք ստեղծված են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հանձնաժողովների առավելագույն քանակով»,- նշված է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հիմնավորման մեջ: