Դեւիսի գավաթն ուղեւորվեց Խորվաթիա

07/12/2005

Շաբաթվա վերջին Բրատիսլավայում տեղի ունեցավ Դեւիսի գավաթի եզրափակիչը, որտեղ չեմպիոնի կոչումը վիճարկում էին Սլովակիայի եւ Խորվաթիայի հավաքականները։

Առաջին օրը տեղի ունեցան անհատական երկու հանդիպումներ։ Խորվաթական դեսանտի առաջին համարը՝ Իվան Լյուբիչիչը, երեք սեթում 6-3, 6-4, 6-3 հաշվով հաղթանակ տարավ Կարոլ Կուչերայի նկատմամբ։ Սակայն նրա հայրենակից Մարիո Անչիչը նույնքան հաջողակ չգտնվեց եւ զիջեց Դոմինիկ Հրբատիին 7-6, 6-3, 6-7, 6-4 հաշվով։ Այսպիսով, զուգախաղերից առաջ հաշիվը հավասար էր՝ 1-1։

Պետք է նշել, որ Խորվաթիայի մարզիչ Նիկոլա Պիլիչը զուգախաղերում Լյուբիչիչի հետ կարող էր կորտ դուրս բերել թենիսի պատմության ամենախարիզմատիկ դեմքերից մեկին՝ Գորան Իվանիշեւիչին։ Սակայն ընտրությունը կանգ առավ Անչիչի վրա եւ, ինչպես վերջում պիտի պարզվեր, այդ ընտրությունը ճիշտ էր։

Լյուբիչիչ-Անչիչ զույգը վստահ խաղաց եւ 7-6, 6-3, 7-6 հաշվով պարտության մատնեց Հրբատի-Մերտինակ դուետին։

Վերջին օրը սլովակներին անհրաժեշտ էր անհատական երկու խաղերում էլ առավելության հասնել մրցակիցների նկատմամբ։ Սակայն եթե Դոմինիկ Հրբատին կարողացավ ծնկի բերել Լյուբիչիչին, ապա մյուս խորվաթ թենիսիստը՝ Մարիո Անչիչը, անհամեմատ ուժեղ էր Մերտինակից։

Այսպիսով, Դեւիսի պատվավոր գավաթը 1 տարով ուղեւորվեց Խորվաթիա։ Հիշեցնենք, որ այս գավաթի նախորդ «սեփականատերը» Իսպանիայի թիմն էր։