«Ղարաբաղցին ընտրակաշառք չի վերցնի»

16/06/2012

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, թե «Ազատ հայրենիք» կուսակցության պատվերով, մայիսի 26-27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի 6 շրջկենտրոններում, 14 գյուղերի 37 դիտակետերում բնակվող 946 չափահասների շրջանում սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել ԼՂՀ-ում եւ պարզել, որ ԼՂՀ նախագահական առաջիկա ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթելու է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կհավաքի 30% ձայն, Վիտալի Բալասանյանը` 3.5%, Սողոմոնյանը` 1.5%»,- հայտարարել է Ա. Ադիբեկյանը` հավելելով, թե 84.3% կազմող պարտադիր ընտրությունների գնացողների 27.5%-ը չի որոշել, թե ում է ընտրելու, իսկ 28.5%-ը չի պատասխանել հարցմանը: Այս ամենն Ադիբեկյանին թույլ է տալիս ենթադրելու, որ նրանց մի մասը չի գնա ընտրությունների: Հարցին, թե ԼՂՀ-ում նո՞ւյնպես կգործադրվի ընտրակաշառքների մեխանիզմը, Ա. Ադիբեկյանը պատասխանել է. «Եթե Բակո Սահակյանը ձայների մեծամասնություն ունի, ինչո՞ւ պետք է փող բաժանի, իսկ Վիտալի Բալասանյանն էլ հաստատ փողերը չէր հավաքել, պահել, որ էսօր բաժանի: Վ. Բալասանյանի առաջադրվելու մասին հարցման օրերին գիտեին միայն 3 համայնքներում, Ստեփանակերտում դրա մասին ոչ ոք տեղյակ չի եղել: Նախ` նա պետք է տեղեկացնի, որ ինքն առաջադրվել է»: Ավելին, սոցիոլոգը նաեւ համոզված է, որ եթե Բակո Սահակյանն ընտրվի, ապա բոլորը կհավատան, որ նա «հաղթել է առանց կաշառելու կամ ադմինիստրատիվ միջոցներ օգտագործելու»: «Բացառվում է, որ ղարաբաղցին ընտրակաշառք վերցնի: Նախ` այդ երկրում գումար չկա, որ բաժանեն, հետո էլ, որ լինի` չեն տա: Բ.Սահակյանը միայնակ որոշում չի ընդունում: Արցախում այս կարգի որոշումներն ընդունվում են համախորհուրդ: Սա հենց այս երկրի առանձնահատկությունն է, որով տարբերվում է Հայաստանից»,- հայտարարել է նա: