Ուզում են կողմերին պահել «սեղանի մոտ»

16/06/2012

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպման ժամանակ ներկայացնելով մի քանի գաղափարներ, փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորոշումները ղարաբաղյան բանակցություններում: «Մենք ցանկանում ենք շարունակել երկխոսությունը: Ուրախ ենք, որ երկու երկրների արտգործնախարարները ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են, եւ շատ ուրախ ենք, որ նրանք շարունակելու են բանակցել: Մենք ցանկանում ենք բոլոր կողմերին պահել բանակցությունների սեղանի շուրջ. այդ գործընթացը կարեւոր է: Եվ այդ ամենի իմաստն էլ բանակցությունները շարունակելն է` ղարաբաղյան խնդրում խաղաղ լուծումներ փնտրելու համար»,- ասել է Ջոն Հեֆերնը:

Հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ի՞նչ նոր մոտեցումներ են ներկայացվելու Փարիզում, դեսպանը պատասխանել է. «Ես այդ հարցը կուղղեի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ես համանախագահ չեմ: Մենք միշտ փնտրում ենք նոր գաղափարներ, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Վստահ եմ, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն եւ իր ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերները ներկայացնելու են հակամարտության կարգավորման մի քանի գաղափարներ` այդ խնդրում մոտեցնելու Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները»: