Երեկ վերջապես կայացավ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այն նիստը, որին քաղաքական դաշտը սպասում էր կոալիցիա չմտնելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո:
Այսպիսով, երեկ ՀՀԿ Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, Առողջապահության նախարարի պաշտոնում` Երեւանի Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` ներկայիս սոցապ փոխնախարար Արտեմ Ասատրյանին: Ընդ որում, այս նշանակումը երեկ անակնկալ էր, քանի որ մինչ այդ իշխանական կուլիսներում խոսում էին, որ այս նախարարությունը տրամադրվելու էր «Օրինաց Երկիր» կուսակցությանը: Դեռ չի նշանակվել ԲՀԿ-ի վերջին` Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարը: Սակայն երեկ ողջ օրը քաղաքական շրջանակներում խոսակցություն էր շրջանառվում, որ այս պաշտոնը կզբաղեցնի Գ.Ծառուկյանի մտերիմ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս նաեւ ԲՀԿ անդամ է եւ նշանակվելուց առաջ պետք է դուրս գա այդ կուսակցությունից: Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ հաստատել է, որ նա կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն կանի: Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ կուսակցության ԳՄ նիստից հետո թեեւ չհաստատեց, որ հենց Հ.Ռոստոմյանն է նշանակվելու Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, բայց միաժամանակ նաեւ չբացառեց: Է.Շարմազանովը նաեւ ասաց, թե այս նախարարի անունը հայտնի կդառնա նոր կառավարության առաջին նիստի ժամանակ: Իսկ մինչ երեկ այս պաշտոնի համար շրջանառվում էին նույն նախարարության փոխնախարարներ Արսեն Քարամյանի, Խաչիկ Ասրյանի, նույնիսկ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի անունները: Սակայն երեկ անակնկալ կերպով շրջանառության մեջ դրվեց Հ.Ռոստոմյանի անունը: Իսկ սա արդեն անուղղակի կերպով նշանակում է, որ ԲՀԿ-ն Կառավարությունում նախարար ունի եւ փաստացի կոալիցիայի անդամ է: Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ որոշ նախարարություններում կմնան փոխնախարարներ, որոնք հրաժարական չեն տվել: Բացի այդ, տարբեր նախարարություններում ու պետական այլ կառույցներում ԲՀԿ-ն ունի բազմաթիվ վարչության պետեր ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այսինքն, ԲՀԿ-ն թեեւ դե յուրե կոալիցիայի անդամ չէ, բայց դե ֆակտո ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ միասին մաս է կազմել այդ կառույցին: Իսկ այս հանգամանքն, իր հերթին, հաստատում է շրջանառվող այն տեսակետը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Գ.Ծառուկյանը կոալիցիայի շուրջ քննարկումների ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ԲՀԿ-ի գործարարների բիզնեսը կմնա անձեռնմխելի, եւ այդ կուսակցությունը կպահպանի ազդեցությունը իշխանական համակարգում: Փոխարենը` Գ.Ծառուկյանը Ս.Սարգսյանին խոստացել է 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանել նրա թեկնածությունը: Իսկ եթե իսկապես հաստատվի, որ հենց Հ.Ռոստոմյանն է լինելու նախարար, կնշանակի, որ Ս.Սարգսյանի ու Գ.Ծառուկյանի պայմանավորվածությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երաշխավորությամբ գործում է:
ՀՀԿ-ն երեկ նաեւ որոշել է իր բոլոր նախարարներին նորից նշանակել նույն պաշտոններում: ՕԵԿ-ին, ինչպես հայտնի է, բաժին են հասնելու երեք` Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների եւ Քաղաքաշինության նախարարությունները: Առաջին երկու պաշտոններում մնալու են Սերգո Կարապետյանն ու Արմեն Երիցյանը: ՕԵԿ-ը երեկ որոշել է, որ քաղաքաշինության նախարար է նշանակվելու Սամվել Թադեւոսյանը: Վերջինս ՕԵԿ համամասնական ցուցակով դարձել էր պատգամավոր, եւ նրա մանդատը բաժին կհասնի Հովհաննես Մարգարյանին կամ պաշտպանության նախարարի նախկին մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանին: ՕԵԿ նախկին պորտֆելներից` ՏԿ նախարարությունն այս անգամ անցավ ՀՀԿ-ին: ՏԿ նախարարությունը առաջիկայում համարվում է շատ կարեւոր` այն առումով, որ հենց այդ կառույցն է համակարգելու խոշորամասշտաբ մի շարք նախագծեր, առաջին հերթին` «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը` դրա համար նախատեսված մոտ 2 մլրդ դոլարի ծախսման գործընթացը:
Երեկվա ՀՀԿ ԳՄ նիստի հերթական անակնկալներից մեկն այն էր, որ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նախարար չի նշանակվելու, նա մնաց շարքային պատգամավորի կարգավիճակում: Այն դեպքում, երբ մինչ երեկ իշխանական շրջանակներում համոզվածություն կար, թե նա կնշանակվի Քաղաքաշինության կամ ՏԿ նախարար: Ս.Նիկոյանը նիստից հետո շատ արագ լքեց կուսակցությունը, եւ լրագրողները չհասցրեցին նրանից մեկնաբանություն ստանալ: Կա տեսակետ, որ Ս.Նիկոյանը մնացել է ԱԺ-ում` որպես ԱԺ նախագահի պաշտոնում պահեստային տարբերակ` անակնկալ զարգացումների դեպքում: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում իշխող կարծիքների համաձայն` ԱԺ փոխնախագահ եղած ժամանակ նա հակակշռում էր Հ.Աբրահամյանին, եւ, ի վերջո, նրա պաշտոնանկությունից հետո ստանձնեց այդ պաշտոնը: Կա նաեւ տեսակետ, թե Ս.Նիկոյանն ինքը չի ցանկացել նախարար դառնալ, քանի որ, ինչպես հայտնի է, նոր կառավարությունը, ըստ էության, գործելու է մինչեւ նախագահական ընտրությունները` այսինքն` 8-9 ամիս: Նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն է ձեւավորվելու, ամենայն հավանականությամբ` նոր վարչապետի գլխավորությամբ: Եվ որեւէ անկանխատեսելի զարգացում բացառված չէ: Եվ եթե 9 ամիս հետո նոր նշանակված նախարարը չվերանշանակվի, ապա նա «անգործ» կմնա: Իսկ նախարար չնշանակվելով` Ս. Նիկոյանը առայժմ կմնա պատգամավոր` սպասելով հետագա առաջխաղացման հնարավորությանը: Ի դեպ, Գ. Բեգլարյանի` ՏԿ նախարար դառնալուց հետո ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Սահակյանը կդառնա ԱԺ պատգամավոր: Բացառված չէ, որ նա նշանակվի նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար: Համենայնդեպս, ՀՀԿ-ն խորհրդարանի միակ խմբակցությունն է, որը մինչեւ օրս քարտուղար չունի: