Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ

16/06/2012

«Ադրբեջանի պահվածքն ընդհանուր առմամբ կանխատեսելի է. սկզբում հրադադարի խախտման փորձ է արվում, իսկ հետո միջազգային հանրության` իրավիճակի սրումը դադարեցնելու կոչերի ֆոնին Բաքվից հայտարարություններ են հնչում, որոնք հորդորում են «հանդարտեցնել» իրավիճակը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը շփման գծում միջադեպերի հետաքննության վերաբերյալ: Մամեդյարովն ասել էր, որ Բաքուն պատրաստ է նման մեխանիզմի ստեղծմանը` «միայն, երբ հայկական զորքերը սկսեն լքել Ադրբեջանից զավթած տարածքները»: Հիշեցնենք, որ նման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին նշված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հայտարարություններում, որոնք ընդունվել էին 2011 թվականի մարտին եւ 2012 թվականի հունվարին Սոչիում: «Ադրբեջանն այդպիսով մեկ քայլ առաջ է անում, երկուսը` հետ: Խոսում է նման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին եւ հենց այդ պահին էլ պայմաններ է առաջ քաշում: Գիտակից մարդկանց համար նման մոտեցումն անընդունելի է»,- ասել է Դավիթ Բաբայանը, ընդգծելով, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմն անհրաժեշտ է ստեղծել առանց որեւէ պայմանի: «Զոհվում են մարդիկ: Չպետք է արկածախնդրորեն մոտենալ հարցին, այլ որքան հնարավոր է արագ այն դադարեցնել, ուղիներ գտնել խաղաղության եւ կայունության հաստատման համար»,- ասել է Դ. Բաբայանը: Ըստ նրա` միջադեպերը կարող են նոր պատերազմ հրահրել, իսկ նոր պատերազմը խիստ կտարբերվի 90-ականների պատերազմից եւ ավելի շատ վնաս կհասցնի ամբողջ տարածաշրջանին: «Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած պայմանները ոչ միայն անընդունելի են առողջ բանականություն ունեցող մարդու համար, այլեւ վիրավորական: Առավել եւս հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են մի երկրի արտգործնախարարի կողմից, որն այս պահին ՄԱԿ-ի ԱԽ անդամ է: Նման կարգավիճակը ենթադրում է ավելի շատ կառուցողական մոտեցում, որը, դժբախտաբար, նկատելի չէ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարը: