Հարավային Կովկասի «սեւ անցքը»

16/06/2012

«Նեզավիսիմայա գազետա» թերթը` անդրադառնալով հունիսի 11-14-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի Հարավային Կովկաս կատարած այցին, նկատում է, որ այն չնվազեցրեց Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում լարվածությունը: «Փոխհրաձգությունները շարունակվեցին նաեւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին: Երեւանում ու Բաքվում Գիլմորը խոսեց բռնության անթույլատրելիության մասին: Սակայն այս երկրներից ստացվող հաղորդագրությունների համաձայն` ասվածն այդքան էլ արդյունք չտվեց»,- գրում է թերթը` հավելելով, որ այժմ հույսը կապում են հունիսի 18-ին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: «Գիլմորը հակամարտող կողմերին խաղաղության մասին խելոք բաներ էր ասում: Սակայն այս մասին կողմերն առաջին անգամ չէ, որ լսում են»,- նկատում է հոդվածագիր Յուրի Ռոքսը` հավելելով, որ փակուղային իրավիճակում, որում հայտնվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, կողմերն արդեն մեղադրում են միջնորդներին: «Բաքուն դա վաղուց է անում` մեղադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբին անգործության մեջ, եւ պարբերաբար խոսում բանակցային ձեւաչափն ու միջնորդներին փոխարինելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանի իշխանությունները գտնում են, որ ստատուս-քվոն, որին նպաստում է Մինսկի խումբը, անթույլատրելի է: Երեւանի համար սա, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե ընդունելի է ավելի շատ, քան Բաքվի համար»,- գրում է նա: Սակայն, ըստ թերթի, Գիլմորի` Երեւանում արված հայտարարությունը հարցեր է առաջացնում նաեւ հայկական կողմի մոտ: Ըստ հոդվածագրի` Երեւանը չի թաքցնում հիասթափությունը, քանի որ Բաքվի օդանավակայանում Գիլմորը հայտարարել է, որ մտադիր չէ այցելել «չճանաչված» Լեռնային Ղարաբաղ: «Մյուս հարցն այդքան ԵԱՀԿ-ին չէ ուղղված, որքան միջազգային դերակատարներին»,- գրում է թերթը:

Ըստ հոդվածագրի, հայկական կողմին չի կարող չանհանգստացնել բոլորի աչքի առջեւ ծավալվող ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության ամրապնդումը, որի շրջանակում Ադրբեջանը ձեռք է բերել մոտ 2 մլրդ դոլարի սպառազինություն. «Ինչո՞ւ է Արեւմուտքը համառորեն անվանում «ստիպված քայլ` Իրանի շուրջ լարվածության ֆոնին», չնայած, որ Բաքուն պարբերաբար կրկնում է, որ Ադրբեջանը երբեք «հակաիրանական կոալիցիայի անդամ չի դառնա»»,- գրում է նա: Նաեւ ընդգծում է. «Ակնհայտորեն ցանկանալով ինչ-որ ձեւով հավասարեցնել հարաբերությունները` Թել Ավիվն անսպասելիորեն փոխեց Հայոց ցեղասպանության հանդեպ դիրքորոշումը»: Թերթը միաժամանակ հիշեցնում է, որ օրերս Կնեսետում կայացան Ցեղասպանության մասին լսումներ, իսկ խորհրդարանական 7 խմբակցություն կողմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչը, ըստ թերթի` «կանաչ լույս» վառեց Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին. «Սակայն այս քայլով Իսրայելն ավելի շատ ցանկանում է «նեղել» Թուրքիային»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Հեղինակի դիտարկմամբ` Անդրկովկասում լարվածությունը չի կարող աննկատ մնալ նաեւ պաշտոնական Մոսկվայի կողմից` հիշեցնելով, որ Բաքվի ու Թել Ավիվի միջեւ խոշոր ռազմական գործարքին զուգահեռ` «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց ադրբեջանական միրգ ու բանջարեղենի ներկրման արգելքի նախազգուշացման մասին: «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը` «թաքնված» դաշնակիցը: Եվ այն, որ Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան ինտենսիվացրել է կրակային զորավարժությունները եւ զգալիորեն ավելացրել օդաչուների թռիչքային ժամերը, շփման գծում լարվածության ֆոնին պատահական լինել չեն կարող»,- գրում է թերթը: