Համանախագահները շտապում են

04/12/2005

«ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում 2006թ. խոշոր քաղաքական իրադարձություններ եւ ընտրություններ չեն սպասվում, եւ մենք պետք է օգտվենք դրանից,- ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանը` ավելացնելով,- Բանակցային գործընթացն աշխուժացել է եւ հասել է լավ մակարդակի: Ես չեմ բացառում, որ հակամարտությունը կարող է կարգավորվել ցանկացած պահի, սակայն ես հարց եմ տալիս` ինչո՞ւ ոչ հիմա»: Վերջինիս խոսքերով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ներքին քաղաքական պրոցեսների՝ ընտրական գործընթացների պատճառով չէին կարողանում իրենց ողջ էներգիան ներդնել խաղաղ բանակցությունների գործընթացում, երբ ներքին քաղաքական խնդիրներ կային: «Այժմ այդ ամենն անցյալ է, եւ հետեւաբար` համանախագահները կոչ կանեն երկու երկրների նախագահներին` հատուկ հայացքով վերաբերվել բանակցային գործընթացին եւ վերջինս դարձնել ավելի արդյունավետ»,- ասել է Մանը:

Նրա խոսքերով, կողմերը չեն կարող միմյանց ստիպել գալ համաձայնության, քանի որ դա կլինի անկայուն համաձայնություն: «Վստահ եմ, որ կողմերից յուրաքանչյուրը, հեռանալով բանակցային սեղանից, իրավամբ կարող է ասել` ես իմ երկրի համար հասել եմ լավ արդյունքի»,- նկատել է Սթիվեն Մանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնուհետեւ այցելելու են տարածաշրջան: