Հայաստանյան պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Ապակյա տարաներ արտադրող «Սարանիստը» եւ «Գլաս ուորլդ քամփնին» հրաժարվում են տեղական շուկային ապակյա տարաներ վաճառել։ Առաջինը պնդում է, որ ընդհանրապես դադարեցրել է արտադրությունը՝ կապված վերազինման հետ, իսկ երկրորդ ընկերությունը տեղական արտադրողի համար մինչեւ օգոստոս տարաներ չի կարող արտադրել, քանի որ իրենց արտադրանքն արտահանվում է Վրաստան` «Բորժոմիի» պատվերով: Այս հարցով երեկ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը։ Նա հորդորել է քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար` ավելացնելով. «Ինչպես գիտեք, գյուղատնտեսությունը հայտարարված է գերակա ոլորտ, եւ այս առումով այն հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուրս պետք է նպաստենք մթերման գործընթացի ժամանակին ու անկորուստ կազմակերպմանը, որով պայմանավորված է ոլորտի զարգացումը»։ Թե հանդիպումն ու նախագահի անվան հիշատակումն ի՞նչ ազդեցություն կունենան իրավիճակի վրա, ցույց կտա ժամանակը։