Հանդիպել է Գուտերեշին

14/06/2012

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը երեքշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնակատարի գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ուղղությունները եւ ծրագրերը: Ազնավուրը կարեւորել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային պայմանների խնդրի լուծման նպատակով անցած տարի Երեւանում կազմակերպված դոնորների համաժողովին հանձնակատարի մասնակցությունը եւ ընդգծել այդ նախաձեռնության շարունակման ուղղությամբ Հայաստանի հետագա ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը: Գուտերեշը նշել է իր եւ գրասենյակի մշտական ուշադրությունը ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդիրների լուծման հարցում, եւ հաստատել գրասենյակի պատրաստակամությունը` ՀՀ-ին աջակցելու փախստականների հարցը վերջնականապես լուծելուն ուղղված նախաձեռնություններում: