«Եթե շատ գիքր կարդային, գուցե հացի խնդիրն էլ վերանար»

14/06/2012

– Այս տարի Երեւանը հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գրքի «շունչը» զգո՞ւմ եք:

– Անձամբ զգացել եմ այնքանով, որ այս տարի, առանց պետական միջամտության (փառք Աստծո), 3 գիրք եմ տպագրել: Ծիծաղելի է, թե մենք ինչպես ենք այդ տոնը կազմակերպում: Տարվա ընթացքում փուչիկ-միջոցառումներով չէ, որ պետք է նշվի Գրքի մայրաքաղաք լինելը: Ինչպե՞ս կարող է տոն լինել մի քաղաքում, որտեղ գրախանութները հերթով փակում են: Զարգացած երկրներում քաղաքների կենտրոնում գոնե մի մեծ գրախանութ կա: Վերջերս «Զանգակ» գրախանութը բացվեց. ուրախալի է, բայց այն հեռու է կենտրոնից, հետեւապես՝ չի ծառայում իր բուն նպատակին: Իսկ կենտրոնում եթե գրախանութները փակվում են, ուրեմն Երեւանը, որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք, պարզապես ձախողված է: «Սասեր» ու «Սթարեր» են ամենուր, ու երբ մարդիկ մտնում են, հոգեբանական ազդեցություն է գործում: Լիություն է, այնպիսի մթնոլորտ, որ որոշ բաներ մարդն անկախ իրենից է գնում: Սա մշակված հոգեբանական մեթոդ է: Իսկ ինչո՞ւ նույնը չանել գրքի հանդեպ: Գոնե Երեւանի կենտրոնում մի շատ մեծ գրախանութ է պետք: Համալիր մոտեցում է պետք գրքին: Շատ մեթոդներ կան, բայց պետականորեն այդ բանը չի արվում: Կիսագրագետ, անգրագետ իշխանավորների վրա՞ դնել հույսը: Անիմաստ է: Շատ հոռետեսորեն եմ տրամադրված, որովհետեւ, համենայնդեպս` այս իշխանությունները, ատում են գիրքը, ինչպես որ, իմ տպավորությամբ, ատում են ժողովրդին:

– Գուցե նոր տեխնոլոգիանե՞րն են մարդկանց հեռացնում գրքից:

– Գուցե ինչ-որ տեղ հեռացնում են, բայց դա չէ պատճառը: Եթե մեծ, գեղեցիկ գրախանութներ լինեն` լավագույն գրքերով, հարմարավետ միջավայրով, սրճարանով՝ չեն հեռանա: Չեմ կարծում, որ որեւէ մեկը հսկայական գիրքն ինտերնետով կկարդա: Գրքի մշակույթն ուրիշ է: Գիրքը ֆիզիկական «անձ» է, որի հետ շփվում ես: Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, գիրքն իր ձեւով երբեք չի կորչի: Պարզապես մենք ինքներս ենք սպանում այն:

– Գրախանութ փակելո՞վ:

– Իհարկե: Եթե քաղաքում աստիճանաբար հացի խանութներ փակեն, սով կսկսվի, չէ՞:

– Գրքի սով կա՞ հասարակության մեջ:

– Այս հասարակությանն այնքան են հիմարացրել, որ չգիտեմ` ժողովուրդը գրքի, ընթերցանության կարիք զգո՞ւմ է: Անհատների մակարդակով գիտեմ, որ շատերն ունեն լավ գրականության սով: Բայց հասարակությունն ունի՞ գրքի սով՝ չեմ կարծում: Այնքան են բթացրել, խնդիրներ բարդել ժողովրդի գլխին, որ գրքի մասին մտածելը մնացել է անցյալում: Եթե մարդը մտածում է հացի մասին, էլ գիրքը ո՞րն է: Իսկ եթե շատ գիրք կարդային, գուցե հացի խնդիրն էլ վերանար: Խորհրդային ժամանակահատվածում ինչպե՞ս էր` ասում էին` մարդուն պետք է աշխատանքով ապահովել, տալ հանգստի իրավունք, կարդալու հնարավորություն, բայց թույլ չտալ` շատ կարդա, որովհետեւ, եթե շատ կարդա, շատ բան կհասկանա: Շատ բան հասկացավ, արդեն պարզ է, թե ինչ կանի: Հիմա մեղք է ժողովուրդը. այնքան է կքած հոգսերի տակ, որ ինքն էլ չի հասկանում, ինքնաբերաբար ապրում է: Բայց եթե պատասխանատվություն ենք վերցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ աշխարհի առաջ` լինել Գրքի մայրաքաղաք, բարի լինենք նորմալ անցկացնել, մի գրախանութ սարքել մայրաքաղաքի կենտրոնում` իսկապես մշակութային օջախ:

– Իսկ ինչպիսի՞ գրքերի պահանջարկ կա այսօր:

– Մարդ կա` լավ գրականություն է կարդում, մարդ էլ կա` թեթեւ, էժանագին բաներ է կարդում: Գիրք կարդալու մշակույթ պետք է սովորեցնել, աստիճանաբար մարդուն տանել դեպի բարձր գրականություն: Սա համարյա նույն գործընթացն է, ինչ որ հեռուստատեսության հետ կապված: Հեռուստատեսությամբ կամ էժանագին սերիալ են ցույց տալիս, կամ` գովազդ: Կարելի է, չէ՞, լավ բաներ պրոպագանդել: Ասում են` սերիալի պահանջարկ կա, սակայն դա բացարձակապես սուտ է: Ժողովրդին ինչ մատուցես, այն էլ կընդունի: Բարձրարժեք ֆիլմ մատուցիր, եւ աստիճանաբար կընդունի այն, ոչ թե սերիալներով կհասնի երանելի բթացման:

– Առաջարկ կա հեռուստատեսությամբ գրական ստեղծագործությունների ընթերցումներ կազմակերպել, եւ դրանով մարդկանց հաղորդակից դարձնել գրքերի աշխարհին: Ի՞նչ եք կարծում` արժե՞:

– Եթե պիտի արվի այնպես, ինչպես Խորհրդային տարիներին էին անում, ավելի լավ է` չարվի: Իսկ եթե կարող են բարձր մակարդակով մատուցել, անհրաժեշտ տեղեկատվություն տալ, որ հաղորդումից հետո մարդիկ գոնե մի փոքր հարստանան ներքուստ, ուրեմն արժե նման բան անել: Բայց եթե ծիծաղի առարկա են դառնալու, ի՞նչ իմաստ ունի: Ամեն ինչ կախված է կազմակերպումից եւ մատուցման ձեւից: Պարզապես, իմ պատկերացմամբ, այժմ այդ բնագավառում եղած մարդիկ ի վիճակի չեն անել դա, նախադրյալներ չունեն: Օրինակ` ես հարգում եմ կոշկակարներին, բայց ինքս չեմ կարող կոշիկ կարել: Ծիծաղելի կլինի, եթե նման փորձ անեմ: Մարդիկ ոչ միայն չեն ուզում, նաեւ չեն կարողանում: Եթե հայկական հեռուստատեսությունը ողողված է ռաբիս երաժշտությամբ, նշանակում է` տերերը ռաբիս մտածողությամբ ու հոգեբանությամբ, ռաբիսը սիրող մարդիկ են:

– Իսկ հասարակական շարժումներն ի՞նչ դեր կարող են ունենալ գրքի արժեքի բարձրացման գործում:

– Եթե գեղեցիկ ձեւով պրոպագանդվի, շատ մեծ դեր կունենան: Տեղեկատվական միջոցների զարգացման դարում ամեն միջոց կարելի է կիրառել: Գովազդով կարելի է եւ՛ բարձրացնել, եւ՛ հակառակը` փչացնել երեւույթը: Խելացի երիտասարդներ կան, որ կարող են գեղեցիկ ձեւով ներկայացնել: Այդ գեղեցիկ ձեւերից մեկն էլ ֆլեշ-մոբն է, որ ժամանակ առ ժամանակ կարելի է անել: Ինչ-որ բան պետք է կազմակերպվի, հիշեցվի մարդկանց, որ գիրք գոյություն ունի: Ժամանակ առ ժամանակ լավ գրքերը պետք է պրոպագանդվեն, եւ մարդկանց մեջ աստիճանաբար սեր կառաջանա գրքի հանդեպ: Խորհրդային ժամանակներում գրքերը տպագրվում էին 50-70.000 տպաքանակով: Ընդունում եմ, որ մարդիկ հիմնականում չէին կարդում, բայց առնում էին` գուցե սնապարծությունից նաեւ, բայց դրանից կարող էր շահել նրանց երեխան: Սակայն այժմ գրքերը տպագրվում են 500 օրինակով: Դա արդեն աղետ է: Եվ հարց է, թե այդ 500 օրինակը կվաճառվի՞, թե՞ ոչ: Ահա թե ուր ենք իջել:

– Իսկ եթե այսօր գիրքը բավականին թանկ հաճո՞ւյք է դարձել:

– Ամենացավոտ հարցն այն է, որ մեր գրախանութներում գրքի ինքնարժեքին 30-50 տոկոս են ավելացնում, եւ դա ահռելի տարբերություն է տալիս: Դրա համար ես իմ գրքերի ինտերնետային վաճառք եմ իրականացնում, ինչը շատ ավելի էժան է: Մյուս կողմից` իսկական ընթերցողը պետք է պատրաստ լինի որոշակի գումար հատկացնել լավ գրքերին:

– Իսկ եթե մարդիկ հացի խնդի՞ր են լուծում:

– Այդ դեպքում` դժվար է: Գիրքը մեռնում է գրախանութում: Իսկ հացի խնդիր լուծողների մասին իշխանությունն է պարտավոր մտածել:

– Արդյո՞ք վերջին իրադարձությունները հույս են ներշնչում, որ իշխանությունը կմտածի նրանց մասին:

– Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որեւէ բան կփոխվի: Ինձ համար այս ընտրություններն ամենազազրելին էին, իսկ այս իշխանությունները` մեռած, գարշահոտ դիակ: Մինչեւ ընտրությունները մի թեթեւ հույս կար: Չեմ ասում` լիահույս էի, բայց, նույնիսկ, եթե տրամաբանորեն մոտենալով` մտածում ես, որ այս անգամ ամենավատ ընտրություններն են լինելու, բայց մարդու մեջ մի փոքրիկ հույս միշտ մնում է, որ գուցե ինչ-որ բան կփոխվի, դեպի լավը կգնա, բայց ճիշտ հակառակը ստացվեց: Համոզված եմ, որ գալիք նախագահական ընտրությունները լինելու են այդ խայտառակության գագաթնակետը, դրա համար չեմ էլ ուզում մտածել այդ մասին: Բացարձակապես ոչ մի դրական փոփոխություն չեմ տեսնում, ցավոք սրտի: Կարծում եմ, որ պետք է իմ գործը, որով 30 տարի զբաղվում եմ, նորմալ անեմ, որպեսզի իմ եւ ձեր երեխաների առաջ չամաչեմ. չասեն` այս մարդն ապրեց ու ոչ մի բան չարեց, ոչ մի օգուտ չտվեց: Ամենավատ բանն է, եթե մարդը ոչ մի բան չի ստեղծում, օգուտ չի տալիս իր ժամանակակիցներին եւ ոչինչ չի թողնում սերունդներին:

– Իսկ երիտասարդների մեջ ներուժ տեսնո՞ւմ եք:

– Այս երիտասարդներն իսկապես շատ բան են անում, բայց նրանց թիվը փոքր է դեռեւս: Ապագան իրենցն է, համոզված եմ: Հատկապես նոր սերունդը, որ ընդհանրապես Խորհրդային Միություն չի տեսել, անկախության սերունդն է, նրանց մեջքը կոտրել չի լինի: Իրենք կամ իրենց որդիներն են ժառանգելու այս երկիրը, եթե իշխանությունները լրիվ չքայքայեն, ավերակ չդարձնեն այն, եւ ինչ-որ բան մնա, որպեսզի նոր սերունդը կարողանա նորմալ պետություն կառուցել` իսկապես ազատ եւ անկախ: