Ներդրվել է համապարտադիր ուսուցման ծրագիր

14/06/2012

Պետական եկամուտների կոմիտեն` կարեւորելով յուրաքանչյուր հարկային եւ մաքսային ծառայողի դերը, ներդրել է հարկային եւ մաքսային ծառայության անձնակազմի կանոնավոր եւ համապարտադիր ուսուցման մեխանիզմ: Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանը համընթաց, կոմիտեի նախագահի կողմից հստակ խնդիր է դրվել բարձր մակարդակի բերել նաեւ աշխատակիցների մասնագիտական որակը. առանց բարձրակարգ կադրերի հնարավոր չէ որակյալ բարեփոխումներ իրականացնել: «Ինչպես բազմիցս նշել է ՊԵԿ ղեկավարությունը, ուսումնական գործընթացները մշտապես կոմիտեի տեսադաշտում են. Տնտեսագիտական համալսարանի հենքի վրա ներդրվել է եռաստիճան ուսումնական ծրագիր: ՊԵԿ-ՀՊՏՀ համագործակցությամբ բուհում արդեն իսկ հարկային եւ մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացվում: Իսկ համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է ՊԵԿ նորաստեղծ «Ուսումնական կենտրոնին», որը գործում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված նորակառույց շենքում: Ապահովել հարկային եւ մաքսային ծառայողների վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում եւ տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում` կենտրոնի առջեւ դրված հիմնական խնդիրներն են»,- ասված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ: «Ուսումնական կենտրոնի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա ընդգծել է, որ համակարգի բոլոր աշխատակիցները` քաղծառայողներից մինչեւ ստուգող տեսուչներ, մաքսային մարմիններում սահմանային մաքսակետերի տեսուչներից մինչեւ վերադաս մաքսային մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, պետք է մասնակցեն ուսումնական ծրագրերին. «Նպատակը մեկն է` կադրերի հետ տարվող աշխատանքներում ունենալ ճիշտ գնահատականներ եւ կարողանալ ստեղծել կադրային ռեսուրսներ»,- ասել է Գ. Խաչատրյանը: Դասընթացների ավարտին հարկային եւ մաքսային ծառայողների գիտելիքները գնահատվելու են որակավորման հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով նաեւ ուսումնական պրոցեսի ընթացքում ստացված գնահատականները: Կոմիտեի նախագահը կոչ է արել ակտիվ ներգրավվել ուսումնական գործընթացներին, բացառել նախկինում գոյություն ունեցող ձեւական մոտեցումները: «Ուսումնական այս ծրագրերը մեզ համար շատ կարեւոր են, որպեսզի կարողանանք իրականացնել մեր առջեւ դրված խնդիրները, որոնք ընդգրկված են ՀՀ նախագահի կողմից հաստատված մեր ծրագրերում»: Կենտրոնում արդեն մեկնարկել են «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգ» եւ «Հարկային ստուգումներ եւ հսկողություն» թեմաներով դասընթացներ` հարկային(տարածքային) տեսչությունների տեղեկատվության, վերլուծության եւ անձնական հաշվի քարտի վարման գործառույթներն իրականացնող եւ «Ստուգումներ»-ի բաժնի աշխատակիցների համար` նպատակ ունենալով ապահովել ՊԵԿ-ում «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգի համատարած ներդրումը, կիրառումը, ինչպես նաեւ հսկողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ գործնական հմտությունների մակարդակի բարձրացումը: Շենգավիթի ՀՏ տեղեկատվության եւ վերլուծության բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանի խոսքով, ուսումնական գործընթացները ճիշտ ժամանակին են կազմակերպվում. «Նախկինում ավելի փոքր վերապատրաստումներ էին իրականացվում, եւ չնայած տեղերում իրազեկվում էինք համակարգի նորամուծություններին, սակայն այսպիսի դասընթացները շատ ավելի արդյունավետ են»: Նշենք, որ «Ուսումնական կենտրոնը» նաեւ սեփական տպարան ունի, որտեղ եւ հրատարակվում են անհրաժեշտ ուսումնական ձեռնարկները, տեղեկատվական ուղեցույցները: Իսկ ոչ աշխատանքային ժամերին դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ակտիվ հանգիստ անցկացնել հենց կենտրոնի մարզասրահում: Այսպիսով, Երեւանի, շուտով` նաեւ Դիլիջանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցվի ՊԵԿ-ի եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր քայլեր կձեռնարկվեն մասնագետների վերապատրաստման եւ վերլուծական կարողությունների բարձրացման ուղղությամբ` նոր որակ ու մոտեցում ներդնելով ՊԵԿ կադրային քաղաքականությունում եւ ուսումնական գործընթացներում: Ի դեպ, կոմիտեն միաժամանակ քայլեր է ձեռնարկում Դիլիջանի ուսումնական կենտրոնում նաեւ միջազգային փորձագետների միջոցով ուսումնական գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: