Տնտեսական շաբաթը տարօրինակ միապաղաղ էր: Դժվար է ասել` պատճառը շո՞գն է, թե՞ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Թերեւս, երկուսը միասին: Շոգ ամառը ջրավաճառի երազանքն է: Ջուր վաճառողները բարձրացրեցին «Ջերմուկի», «Բջնիի» ու մյուս ջրերի գները: Ազգային դրամը շարունակում է անկանխատեսելի տեմպերով արժեզրկվել: Բայց դա ոչ մեկի հոգսը չէ: Ազգս ֆուտբոլ է ըմբոշխնում: Միայն Գյուղնախարարության ղեկավարությունն է ստեպ-ստեպ հայտարարում, որ ամեն ինչ անում է սպասվող բերքի մթերմանն ու արտահանմանն աջակցելու համար: Եղանակը՝ հորդառատ անձրեւն ու կարկուտը, ամեն ինչ անում է Գյուղնախարարության հոգսը թեթեւացնելու համար: Եթե օդերեւութաբանական պայմանները կտրուկ չփոխվեն` մթերելու շատ բան չի մնա: Բերքից էլ կզրկվենք, արտահանման ու վերամշակման հոգսերից էլ: Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը ձեւացրեց, թե շոգն ու ֆուտբոլն իրեն բոլորովին չեն խանգարում աշխատել: Ձեւացրեց ու նիստ արեց՝ 50 մլն դրամ տուգանելով համար առաջին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: Այս անգամ պատճառը շփոթության աստիճան օղու արտադրությունը չէր: Այլ այն, որ օլիգարխին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը ուրիշներին խանգարում է մտնել դեղորայքի շուկա: Կարծես շաքարավազի, ձեթի, այլուրի ու մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում մոնոպոլիստական դիրք ունեցող ու խանգարող չկա: «Շպիոն Օնոյի» մասին հանրահայտ անեկդոտը յուրօրինակ կիրառում գտավ մեր տնտեսական կյանքում: ՀՀ արբունքահաս ցանկացած քաղաքացի գիտի համարյա բոլոր մոնոպոլիստներին: Գիտի՝ ոլորտ առ ոլորտ: Բացառությամբ, իհարկե, տնտեսական մրցակցության պաշտպանության պատրվակով ստեղծված հանձնաժողովի անդամների: Բայց անցած շաբաթվա տնտեսական մի թեմա իր շարունակությունը գտավ: Հիշո՞ւմ եք` նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն արտերկրի լրագրողների առջեւ խոստացավ, որ «այս տարի լուրջ դեբատներ են սպասվում 500 բարձրագույն պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ»: Երեւի մի բան գիտեր: Բարձրագույն 500 պաշտոնատար անձինք անցած տարվա եկամուտների հայտարարագիր էին լրացրել: Քաղաքական ու ոչ այնքան քաղաքական դեմքերը փորձում էին գլխի ընկնել, թե ասվածն Արեւմուտքի առջեւ հաճոյանալու խո՞սք էր, թե՞ իրական սպառնալիք: Ու հանկարծ պարզվեց, որ մեր իշխանություններն իսկապես մտահոգ են: Ուզում են պարզել, թե որտեղի՞ց այդքան ունեցվածք այդ չարաբաստիկ բարձրագույն 500 պաշտոնատար անձանց: Պատասխանատվության կանչված առաջին անձի անունը շատերի համար անսպասելի էր: Ազգային անվտանգության վարչությունը հայտարարեց, որ հետաքննելու է «Սիվիլիթաս» կազմակերպության ղեկավար, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գործունեությունը: Հայտարարության մեջ նշված էր, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով՝ «Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը)»: Օտար բառով ասած՝ «դեժավյու»: Մեր անվտանգության մարմինների ֆանտազիան 190-րդ հոդվածի վրա լռվել-մնացել է: Օսկանյանը երկրորդ նախկին արտգործնախարարն է, ում մեղսագրվում է այդ նույն հոդվածը: Առաջինն Ալեքսանդր Արզումանյանն էր: Բայց նրան մի քանի տասնյակ դոլար «ապօրինի ճանապարհով ստացված եկամուտ օրինականացնելն» էր մեղսագրվում: Բան դուրս չեկավ: Վ. Օսկանյանի պարագային արդեն խոսքը 2 մլն դոլարի մասին է: Չի կարելի ասել, որ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը կուռ տրամաբանությամբ էր գրված: Փոխարենը, կարելի է ասել, որ համով էր գրված՝ ժողովրդական բանահյուսության լավագույն ավանդույթներով եւ բառուբանով: Քրեական օրենսգրքում «ապօրինի եկամուտ օրինականացնել» արտահայտությունը բացատրվում է փակագծերի մեջ վերցված «լեգալացնել» տերմինով: Իսկ մեր «սառը գլուխ, տաք սիրտ ու ամուր ձեռքեր» ունեցողները գրել էին «փող լվանալ» արտահայտությունը: Օրենսդրությամբ ամրապնդված տերմին չէ: Փոխարենը` ժողովրդին հասկանալի է ու, որ ամենակարեւորն է՝ պատկերավոր: Ցավոք, բարդ չէ գուշակելը, որ այս քրեական գործն էլ դատական հեռանկար չի ունենալու: Նախկին արտգործնախարարին` կանխիկ գումարը ձեռքին, օդանավակայանում ձերբակալեցին: Վարչապետի ասած «500 բարձրագույն պաշտոնատար անձանցից» ոչ ոք նրան չպաշտպանեց: Ներառյալ` նույն Վարդան Օսկանյանը, ով նախկին ղեկավարի ու գործընկերոջ մասին մի «քաղցր» խոսք չասաց: Փոխարենը` հիմա կխոսի: Կխոսի նախ` անարդարության մասին, ապա՝ բարոյականության ու երկրի քաղաքական վարկի: Բայց հայտնի բան է` «մախաթը սրողի մատն է ծակում»: Ահա եւ ձեզ 2012-ի բյուջեի անիրական թվացող լրացուցիչ 100 մլրդ դրամ եկամուտ ապահովելու ճանապարհ: Սակայն ոգեւորվել պետք չէ: Վարդան Օսկանյանը ոչ օլիգարխի չափ ազդեցություն ունի, ոչ էլ հեղինակություն: Իրական օլիգարխների եկամուտների օրինականության հարցի քննարկումը մեր իրավապահ համակարգի համար անհաղթահարելի խնդիր է: Իսկ նման «փող լվանալու» մասին քրական գործ կոչվածը ճիշտ թամաշա է: Նման մեթոդներով հասարակության ուշադրությունը միշտ էլ հնարավոր է շեղել արժեզրկում-գնաճ ու նման այլ տհաճ թեմաներից: