Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին բավական լարված ու անորոշ վիճակում է` կապված հունիսի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ու քվեարկության հետ: ԱԺ նախագահի անհանգստության պատճառն այն է, թե այդ քննարկումների ժամանակ ինչպես իրեն կդսեւորի եւ ինչպես կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հիշեցնենք, որ տարածված կարծիքի համաձայն` Հ.Աբրահամյանը ԱԺ նախագահ է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածությունների արդյունքում եւ պատասխանատվություն է ստանձնել մինչեւ նախագահական ընտրությունները թույլ չտալ, որ ԲՀԿ-ի գործունեությունը դուրս գա վերահսկողությունից: Այդ է պատճառը, որ նա անընդհատ հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ «պառլամենտում շատ համերաշխ իրենց պայմանավորվածությունները պահելու է»: Այնուամենայնիվ, Հ.Աբրահամյանը մտավախություն ունի, որ ԲՀԿ-ն վերջին պահին կորոշի ներկայանալ որպես ընդդիմադիր եւ կոշտ քննադատության ենթարկել կառավարության ծրագիրն ու դեմ քվեարկել: Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ թեեւ քննադատել է Կառավարության 2007-2012թթ. ծրագրի կատարումը եւ թերահավատություն արտահայտել նույն կազմով հաջորդ ծրագրի կատարման հաջողության վերաբերյալ, սակայն չի ասել, թե ինչպես են քվեարկելու Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրին: