Հունիսի 26-ին

12/06/2012

«Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է հանրահավաքային պայքարը»,- երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` տեղեկացնելով, որ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել է հերթական հանրահավաքը անցկացնել հունիսի 26-ին, Ազատության հրապարակում: «Հանրահավաքը նվիրված է լինելու այն զարգացումներին, որ տեղի են ունեցել վերջին շրջանում, իսկ զարգացումները շատ կարեւոր են. մի զարգացում էլ տեղի կունենա մոտ օրերս, դա կառավարության ձեւավորումն է, միջազգային շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Այս ամենի մասին մենք լուրջ ասելիք ունենք ժողովրդին»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Զուրաբյանը` դժվարանալով պատասխանել հարցին` ՀԱԿ-ի հանրահավաքները պարբերական բնույթ կունենա՞ն, թե՞ ոչ: Հարցին էլ, թե ինչո՞ւ խորհրդարան անցած քաղաքական ուժը որոշեց չդադարեցնել հանրահավաքային պայքարը, երբ տեսակետները ներկայացնելու համար նաեւ ԱԺ-ի ամբիոնը կա, ՀԱԿ համակարգողը պատասխանել է. «Ընդհանրապես հանրահավաքներն անցկացվում են ընտրական շրջաններում` դեմոկրատական պետություններում: Ընտրություններից հետո պայքարը տեղափոխվում է խորհրդարան, բայց դա` այն դեպքում, երբ գործ ունենք ազատ եւ արդար ընտրությունների հետ: Իսկ մի պարագայում, երբ ստեղծված խորհրդարանը չի համապատասխանում ժողովրդի իրական տրամադրություններին, որովհետեւ ընտրություններն ամբողջովին կեղծված են, հասարակության մեջ մնում է լարվածություն: Երբ իշխանությունները ամեն ինչ անում են, որ երկրի հիմնական քաղաքական ուժը չկարողանա ստանալ այն մանդատների քանակը, որ նա իսկապես վաստակել է, եւ տալիս են ընդամենը յոթ մանդատ, այդ դեպքում, բնականաբար, դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք պայքարը նաեւ հրապարակներում»: