Հիմա Հայաստանը չկա

12/06/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Մանուչարյան, ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի քաղաքական դաշտում:

– Այն, ինչ կատարվում է, այդ ամենի մեջ մեր երկրի, մեր ժողովրդի կյանքը փոխող երեւույթ չկա: Այդ երեւույթները պայմանավորված են դրսի ուժերի գործողությամբ, եւ դա մեզ պետք է հետաքրքրի, որովհետեւ այդտեղ հավասարակշռությունը, գործողությունները կարող են հնարավորություն ստեղծել, որ գտնենք լուծումներ, երբ Հայաստանը սկսի գոյություն ունենալ: Հիմա Հայաստանը չկա, որովհետեւ մենք թույլ տվեցինք, որ մեզ տիրի դրսից եկող փիլիսոփայությունը, թե մարդը աշխարհ է գալիս փող կուտակելու համար: Մենք բզկտվեցինք որպես հասարակություն, մեզնից ոմանց նշանակեցին կառավարիչներ: Երբ մեզ ասում են, թե ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, եւ դուք մտածում եք, թե այս խայտառակությունն ինչպես կարող է համապատասխանել եվրոպական չափանիշներին, պետք է մտածել, որ եվրոպական չափանիշը հենց դա է: Ասում են, թե` դու ասա, որ հայ-թուրքական, ԼՂՀ հակամարտության հարցերը կտանես առաջ, մենք կասենք, որ ընտրությունները լավն են: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման ընտրությունների համար շնորհավորում է Սերժ Սարգսյանին: Այսպիսի էժանագին առեւտուր է գնում:

– ՀՀ քաղաքական դաշտում ընդունված է կուսակցություններին բաժանել ռուսամետների եւ արեւմտամետների: Ձեր կարծիքով` ՀՀ իշխանությունը, մասնավորապես` նախագահ Ս. Սարգսյանն, ավելի շատ ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան կողմնորոշում ունի:

– ՀՀ քաղաքական ուժերն իրար մեջ բաժանել են այդ կողմերը, բայց դա բացարձակ անընդունելի գործողություն է, որը մեզ դարձնում է խաղալիք ուրիշի ձեռքում: Բայց այսպես է` այսօր իշխող կուսակցությունը եւ նրա դաշնակիցը արեւմտյան ուժ են, սպասարկում են Արեւմուտքի շահերը: «Բարգավաճ Հայաստանը» եւ «Դաշնակցությունն» իրենց ներկայացնում են` որպես ռուսամետ ուժ: Այդպես է ձգտում ներկայանալ նաեւ ՀԱԿ-ը:

– Արեւմուտքի՞ ազդեցության արդյունքն էր, որ ՀԱԿ-ից դուրս եկան մի շարք ուժեր, որոնց մի մասը համագործակցում է «Ժառանգության» հետ, մի մասն էլ դեռ չի հստակեցրել իր անելիքները:

– Իհարկե: ԱՄՆ քաղաքական մշակույթը կայանում է նրանում, որ տվյալ երկրում ունենա երկու ուժ. մեկը` իշխանություն, մյուսը` ընդդիմություն: Նրանք իրար դեմ պայքարում են, իրար փոխարինում են, իսկ թելադրողը մնում է ԱՄՆ-ը: Այդպիսի իրավիճակ երկար ժամանակ տեսնում ենք Վրաստանում, եւ տեսնում ենք, թե այդ երկիրն ինչ ողբերգության առաջ կանգնեց` լրիվ գործիք դառնալու հետեւանքով: Վրաստանին սպասվում է ռազմավարական ողբերգություն, որովհետեւ այն, ինչ կատարվում է վրաց-թուրքական հարաբերություններում, որեւէ կապ չունի վրաց ժողովրդի շահերի, նպատակների, երազանքների հետ: Դա մեծագույն վտանգ է Վրաստանի համար: Վրաստանն այս տարածաշրջանում Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ պետք է ունենար հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի դա նրանցից որեւէ մեկին խանգարեր գերակայող դառնալ: Հիմա Վրաստանը խորը անհավասարակշռության մեջ է, եւ հեռու են նրա հույսերը, թե եվրոպական ու ամերիկյան վեկտորները քաղաքականության մեջ իրեն կփրկեն թուրքական էքսպանսիայից: Թուրքիան շատ մոտ եւ շատ ագրեսիվ քաղաքականություն ունեցող երկիր է ու գերակա դիրքեր է նվաճում Վրաստանում: Եվ այդ հարցում ռազմավարական դաշնակից ունենալով Ադրբեջանին` իմ կարծիքով, Վրաստանի համար անկախության հեռանկարի շանս գրեթե չի մնում, եթե, իհարկե, չվերանայի այդ քաղաքականությունը:

– Շատ խիստ չգնահատեցի՞ք:

– Մի քիչ մեղմ գնահատեցի:

– Այդ տեսակետից կարելի է ասել, որ ՀՀ-ն ավելի՞ հավասարակշիռ քաղաքականություն է վարում:

– Անկասկած: Հավասարակշռությունը մեր դառը եւ սարսափելի պատմությունից ուղղակի ամեն մի` նույնիսկ անհավասարակշիռ կամ անպատրաստ գործչի մեջ էլ նստած է:

– Իսկ եթե Վրաստանում այդքան վտանգավոր իրավիճակ է, ապա մեր քաղաքական գործիչները, ընդհուպ` Ս.Սարգսյանն, ինչո՞ւ են օրինակ բերում այդ երկրի փորձը, նրա ժողովրդավարական ինստիտուտների կայացման մակարդակը:

– Ժողովրդավարական ինստիտուտները չփրկեցին Վրաստանին Օսիայի եւ Աբխազիայի աղետից: Ժողովրդավարական ինստիտուտներն այսօր Վրաստանում նպաստում են թուրքական էքսպանսիային:

– Ասացիք, թե ԲՀԿ-ն իրեն ռուսամետ ուժ է համարում: ՌԴ-ի՞ ազդեցության, թե՞ ինչ-որ ներքին պայմանավորվածության արդյունքում ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ:

– Եթե ՀՀ-ում որեւէ քաղաքական ուժ որեւէ սկզբունքային որոշում է կայացնում, որպես կանոն, դա իր ղեկավարող պատրոնի որոշումն է: Այսօր քաղաքական ուժերն այդ վիճակում են գտնվում, այդ պատճառով էլ քաղաքական չեն: Արտաքին ուժերի ձեռքին ինչ-որ լծակներ են` այստեղ ինչ-որ խնդիրներ լուծելու համար:

– ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն ու հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերը որքանո՞վ են շաղկապված: Կարծիք կա, թե Ադրբեջանն այդպիսով արտահայտեց իր անհամաձայնությունը գոյություն ունեցող ստատուս-քվոյի նկատմամբ: Կա նաեւ այլ տեսակետ, թե դրանք տարբեր կենտրոններից, այդ թվում` նաեւ Արեւմուտքից, նախապատրաստված միջադեպեր էին, կողմերին ու աշխարհին հասկացնելու համար, որ ԼՂՀ հակամարտության շուրջ ներկայիս վիճակն այլեւս պահպանել չի հաջողվում:

– Տարբեր գործոններ, իհարկե, առկա են, բայց հիմնականն այլ է: Ես ասացի, թե ԱՄՆ-ը ինչպիսի վերահսկողության է ձգտում բոլոր տարածքներում, այդ թվում` եւ Ադրբեջանում: Նա չի ուզում, որ այնտեղ լինի մի դիկտատոր անձ կամ խումբ, որոնք բրգաձեւ կառույցով վերահսկում են ամեն ինչ, եւ դրանից դուրս ոչինչ չկա: Եվ եթե այդ բուրգը որոշի այլ բան անել քաղաքականության մեջ, նրա վրա ազդելու լծակ չի մնում: Եվ ԱՄՆ-ը ձգտում է, որ Ադրբեջանում անպայման քաղաքացիական հասարակարգ եւ ընդդիմություն լինի: Իսկ Իլհամ Ալիեւն ու նրա վարչակազմը թույլ չեն տալիս: Այդ պատճառով ԱՄՆ-ը ու նրա զինակիցները վերջերս աննախադեպ հարձակում սկսեցին Ադրբեջանի իշխանությունների վրա: Իսկ Ալիեւը դա չի անում ոչ թե այն պատճառով, որ վատ մարդ է, այլ գիտի` մարդը աշխարհ է գալիս, որ իր ձեռքում կենտրոնացնի իշխանությունը եւ փողը: Դա նա սովորել է ամերիկյան դասագրքերից եւ փորձում է ապրել այդ փիլիսոփայությամբ: Իսկ նրան ասում են, թե` այդ դասագրքային ճշմարտությունները քո վրա 100 տոկոսով չեն տարածվում, որովհետեւ դու ոչ լիարժեք կառավարիչների կաստային ես պատկանում: Ու այդ տեսակետից պարտադիր պետք է ունենաս ընդդիմություն, որ մենք քո վրա լծակներ ունենանք: Եվ Ալիեւը տեսավ, որ իշխանությունը պահելու իր երկու հենարաններից մեկը ոտքի տակից գնում է: Այդ հենարաններից մեկը երկրի ներսում տոտալիտար համակարգն է, մյուսը` ղարաբաղյան կոնֆլիկտը: Եվ այս իրավիճակում, երբ նա տեսավ, որ իր առաջնային գործընկերներ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը (այս երեք երկրները մի բաժնետիրական ընկերություն են կազմակերպել, որի անունը կարելի է դնել «Բաքվի ռեժիմ») իր ձեռքից փորձում են խլել մի կայունության հենարանը` ընդդիմության բացակայությունը, այդպիսով ցույց տվեց, որ պետք է ուժեղացնել մյուս գործիքը: Այս պարագայում նա ընդդիմությանը պետք է մեղադրի ոչ թե ոչ դեմոկրատ լինելու մեջ, այլ հայկական լրտես լինելու համար:

– Իսկ ո՞րն էր տարածաշրջան Հ.Քլինթոնի այցի իրական նպատակը: Ի՞նչ էր ուզում ստանալ կամ պարզել:

– ԱՄՆ քաղաքականության մեջ պարզել, թե ինչ կշիռ ուներ Իրանի կամ Հայաստանի խնդիրն այս այցի ժամանակ, շատ դժվար է: Այսօր, եթե ՀՀ-ին ամբողջությամբ տիրելը իրականություն է դառնում, ԱՄՆ-ը լուծում է կովկասյան միջանցքի հարցը եւ գլոբալ առումով խոշորագույն հաղթանակ է տանում: Հավանական է, որ այս տարածաշրջանում Հ.Քլինթոնի համար առաջին հարցը ՀՀ խնդիրն է: Մենք ընդամենը կարող ենք թվարկել, թե ինչ կարող էր լինել` եւ արդեն հետեւանքներով գնահատել, թե ինչ է եղել: Ասենք` տեսնենք, թե Փարիզում հունիսի 17-ին ինչ է լինելու, եւ ըստ դրա` Քլինթոնի խնդիրների ինչ-որ մի մասը կհասկանանք: Այլ գործընթացների զարգացումից այլ բան կհասկանանք:

– ԼՂՀ հակամարտության կարգավորման դաշտում հարաբերական դադար է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն էլ սառեցված է: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել ՀՀ արտաքին քաղաքականության այս երկու հիմնական ճակատներում:

– ԼՂՀ հարցում ոչ մի զարգացում չի լինի: Հիմա ստատուս-քվոյի վրա ենք կենտրոնացել, բայց պետք է լուծում փնտրել: Ստատուս-քվոն նաեւ թշնամանքն է պաշտպանում, մենք պետք է այդ ամենը վերանայելու տարբերակներ գտնենք: Եթե գոյություն ունենա Հայաստան անունով երկիր, ժողովուրդ, որը կամք ու մտադրություն ունենա, դրանք պետք է ուղղի նրան, որ գոնե թշնամանքը չեզոքացնի: 90-ականներին այդ խնդրով զբաղված ենք եղել: Դրանից հետո մոռացել ենք, որովհետեւ աշխարհի տերերը մեզ ասել են, թե` Ձեզ հետաքրքրում են փողն ու իշխանությունը, դա` ձեզ, մնացած հարցերը թողեք ես կլուծեմ: Մինսկի խմբի գործընթացն իրենց գործիքն է, մեզ հետ կապ չունի:

– Կարծիք կա, թե Մինսկի խմբի գործընթացն իրեն չարդարացրեց:

– Շատ լավ էլ արդարացրել է: Դուք նայում եք մեր տեսակետից, պետք է նայեք առաջարկողների տեսակետից: Նրանց տեսակետից դա կարգավորում էր տարածաշրջանի վիճակը` ըստ անհրաժեշտության: Եթե ԱՄՆ-ը տեսնում էր, որ Մինսկի գործընթացով որեւէ խորամանկություն ավելի նպաստավոր վիճակ կստեղծի իրենց համար, փորձում էին անցկացնել: Բայց իրենց հիմնական ընդդիմախոս ՌԴ-ն դա արդեն սովորել է, եւ հիմա շատ ավելի դժվար կլինի խաբել:

– Մինչեւ ԼՂՀ հակամարտության լուծումը չպե՞տք է հույսեր ունենալ, թե կկարգավորվի հայ-թուրքական հարցը:

– Հայ-թուրքական հարցը կախված է լինելու ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններից, թե ինչ ճնշում պետք է գործադրվի, եւ այլն: ԱՄՆ-ին խիստ պետք է, որ Հայաստանի նկատմամբ թշնամանքը հանվի, որպեսզի վերջնականապես իրականացվի ՀՀ-ի աբսորբցիան արեւմտյան քաղաքակրթական տարածքի մեջ: Նրանք տարբեր հնարքներ կգործադրեն այդ հարցը լուծելու համար: Բայց այդ լուծումը մեզ հետ կապ չունի, որեւէ դրական հեռանկար մեզ համար գրեթե չի պարունակում: Բաց դուռը լավ բան է, բայց բաց դուռը թշնամու նկատմամբ լավ չէ: Այնտեղից մեր նկատմամբ բարյացակամ գործողություններ չեն գալու: Մի բան է գալու, որը մեզ ավելի խեղճ ու ցածր կպահի: Այդ տեսակետից այսօրվա կոնֆրոնտացիոն վիճակը մեր ներկա վիճակի համար իդեալական է:

– ԼՂՀ հակամարտությունը գործո՞ն է դարձնում ՀՀ-ին: Եվ արդյո՞ք ՀՀ-ն կարող է դա օգտագործել:

– Ժամանակին նման քննարկում եղավ, թե` Ղարաբաղը ծանրաքա՞ր է մեր ոտքին կապած, թե՞ հաղթաթուղթ է: Կարծում եմ, որ տրամաբանության մեջ հաղթեց «հաղթաթուղթ» բառը: Եթե մեր նպատակը փող, իշխանություն ունենալն է, դա այլ տրամաբանություն է: Եթե ապահովում ենք ՀՀ զարգացումը, այլ բան է: Մենք այդ գործընթացներում կայինք 88-ից մինչեւ 90-ականների կեսերը: Այդ ընթացքում մենք ունեցել ենք լավագույն պետությունը ՀՀ-ում, ամենաժողովրդավարական, ամենաժողովրդական: