Ոչ պաշտոնական

12/06/2012

«Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հերթական գագաթաժողովին Թուրքիայի` Հայաստանին ուղղված հրավերն ապացուցում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից որոշակի դիվանագիտական հարաբերություններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունն այն հարթակներից է, որտեղ հայկական եւ թուրքական կառավարական մարմինները հանդիպում են միմյանց: Սա նաեւ լրացուցիչ ճնշում է Թուրքիայի վրա` ոչ պաշտոնական հարաբերությունները դարձնել պաշտոնական»,- նշել է նա: Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան, մասնավորապես` Թուրքիա կատարած այցին, Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ թուրքերն ու ամերիկացիները եւս համաձայնեցին այն փաստի հետ, որ ներկայումս տարածաշրջանում առկա է խաղաղությանն ուղղված սպառնալիք, ինչի պատճառն Ադրբեջանն է: «Թուրքիան ուղերձ է հղել Ադրբեջանին, որ այն հարձակումները, որոնք իրականացվում են Հայաստանի նկատմամբ, սխալ քայլեր են: Թուրքիան չի ցանկանում, որ Ադրբեջանը պատերազմ սկսի տարածաշրջանում, քանի որ դա կսահմանափակի Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում: Սա նաեւ նշանակում է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները նախկինի պես ջերմ չեն,- ասել է Կիրակոսյանը` ավելացնելով,- Թուրքիան Ադրբեջանի միակ ռազմավարական համագործակիցը չէ, գիտենք, որ Ադրբեջանին զինում են նաեւ Իսրայելը, Պակիստանը եւ այլ պետություններ»: