«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ, Մատենադարանի հարթակից` դիմելով վերջին շարքերում կանգնած ոստիկաններին, որոնց իշխանությունները զրկել են իրենց իրավունքներից` խառնվելու «կրիմինալ վեճերին», նրանց թողնելով ընդամենը շուկաներում կանաչի վաճառող կանանց վեճերին միջամտելն ու գիշերները դռնեդուռ ընկնելն ու հանրահավաքի մասնակիցներին ձերբակալելը, ասաց. «Եթե դուք, ձեր Քոչարյանն այդքան ուժեղ եք, ձերբակալեք ինձ, ինքը չի միտինգ անում, ես եմ անում»:
Իսկ այդ ընթացքում նույն ոստիկաններն ու կարմիր բերետավորներն Արամ Սարգսյանի կուսակցության դիմացից ձերբակալում էին կուսակցության ակտիվիստներին: Մինչեւ ուշ գիշեր դեռեւս պարզ չէր ձերբակալվածների կոնկրետ թիվն ու գտնվելու վայրը:
Հանրահավաքից մեկ ժամ առաջ ոստիկանները բարձրախոսներով քաղաքի կենտրոնով մեկ հայտարարում էին, որ ընդդիմության հանրահավաքն արտոնված չէ, ու մարդկանց չէին թողնում մոտենալ Մատենադարանի աստիճաններին: Չնայած արգելքներին, երեկվա հանրահավաքը նույնպես բազմամարդ էր: Երեկ «Հանրապետություն» կուսակցության տասն ակտիվիստներ` համաշխարհային հանրության ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինականությունների վրա հրավիրելու համար, հայտարարեցին անժամկետ հացադուլ սկսելու իրենց նախաձեռնության մասին: «Բոյկոտողների փոխարեն քվեարկեցին սոցիալիստ-պոպուլիս օրինացերկրականները, ազգային-պոպուլիստ դաշնակները, ուղղափառ հանրապետականները, օլիգարխն ու իր սափրագլուխը, թաղապետն ու գյուղապետը. զինվորականն ու թաղի խուժանը»,- հայտարարեց Լեւոն Եղիազարյանը: Սակայն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը միասնական ընդդիմության առաջնորդների անունից նրանց կոչ արեց առայժմ ձեռնպահ մնալ. «Դեռ դրա ժամանակը չէ: Երբեմն հարցնում են` ինչո՞ւ վճռական գործողությունների չեք դիմում: Ես էլ եմ զարմանում եւ՛ մեզ վրա, եւ՛ ժողովրդի: Նոյեմբերի 27-ին ապտակ ստացավ ողջ ժողովուրդը, ինչո՞ւ պոռթկում չեղավ: Ինչո՞ւ նոյեմբերի 28-ին բոլորը չգնացին արկղերը ջարդելու, բռնեին հանձնաժողովների նախագահներին ու տանեին դատարան,- դժգոհեց Վ. Մանուկյանը` ավելացնելով,- գալիս ասում են` գնանք Բաղրամյանը փակենք: Փակելու ենք, բայց այսօր այդ օրը չէ: Ամբողջ ժողովուրդը պետք է անհանդուրժողականություն դրսեւորի, պետք է իշխանությունները հալումաշ լինելով դառնան ազգային փոքրամասնություն: Միշտ ասել եմ, որ Մեղրին չեն տալու, բայց հիմա ասում եմ` կարող է եւ տան: Արդեն ամեն ինչ էլ կարող են անել: Չկա 2007թ., չկա 2008թ.: Այստեղից պետք է բռնենք ու այս հարցի վրա պետք է խեղդենք: Չխեղդենք, իրենք են մեզ խեղդելու»:
Ընդդիմության առաջնորդները երեկ հանդիպել էին Եվրամիության երկրների 9 դեսպանների հետ, որոնք, ինչպես վստահեցրեց Ա. Սարգսյանը, զայրացած էին հանրաքվեի արդյունքներից: «Այսօր սկսվել է այդ հանդիպումների առաջին շարքը: Ես բազմաթիվ անգամներ հանդիպել եմ այդ դեսպաններին, բայց երբեք նրանց այդքան զայրացած չեմ տեսել: Բոլորն էլ ընդունում են, որ արդյունքները կեղծվել են»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: Այնուհետեւ «Հանրապետության» նախագահը հիշեցրեց չինական հայտնի` զինվորի երեք հիմնական պարտականությունների մասին ասացվածքը: «Զինվորը պիտի լավ տիրապետի իր զենքին, ճանաչի իր հակառակորդին եւ ամենակարեւորը` պետք է լավ իմանա, թե ինչ է ուզում իր սիրտը: Մենք բոլորս այդ զինվորներն ենք: Մենք պետք է համապատասխան մարմին ստեղծենք, որը ժողովրդին կառաջնորդի առաջիկա քայլերին: Պետք է կազմակերպչական տեսք տա իր գործողություններին ու իր վրա պատասխանատվություն վերցնի»,- հանրահավաքի «զինվորներին» ասաց նա: Ա. Սարգսյանը հայտարարեց, որ ինքն այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պաշտոնյաների հետ, որոնք իրեն հավաստիացրել են, որ հանրաքվեի ընթացքում իրենց մոտ այնպիսի տպավորություն է եղել, թե իրենց առաջնորդողը «մոլագար» է: «Իրենց էլ ձեռնտու չէր 1,5 մլն թիվ նկարելը: Հայաստանից երեք մարդ կարող է փախչել, բայց կան մարդիկ, օրինակ, Անդրանիկ Մարգարյանը կամ Արթուր Բաղդասարյանը, ովքեր փախչելու տեղ չունեն, եւ ուզում են այստեղ ապրել: Իրենք չեն հետեւելու այն մարդուն, որն իրենց տարավ անկանխատեսելի գործընթացների»,- նկատեց Ա. Սարգսյանը` չբացառելով, որ այս ընթացքում իշխանափոխության փորձեր կարող են արվել նաեւ հենց իշխանական բուրգից: «Բայց մենք ձեր հետ միասին դա թույլ չենք տալու: Հայաստանում իշխանափոխություն պետք է անի ժողովուրդը»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: Նա նաեւ հայտարարեց. «Հայաստանի Երրորդ Հանրապետություն գոյություն չունի, որովհետեւ գոյություն չունի նախագահական ինստիտուտ, որը գործող նախագահը վարկաբեկել է իր կեցվածքով, իր գավառամտությամբ ու իր անհեթեթ տղայականությամբ»:
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն` անդրադառնալով այն դժգոհություններին, թե ինչո՞ւ ընդդիմությունը հեղափոխություն չիրականացրեց 2003թ. նախագահական ընտրություններից հետո, երբ հրապարակում 150.000 ժողովուրդ կար, ասաց. «Ցավոք, այն ժամանակ ընդդիմության միաբանման պակաս զգացվեց, եւ չկարողացան իրագործել այս առաքելությունը: Այսօր այդ նույն 150.000-ն է պետք, որովհետեւ այսօր, ինչպես երբեք, ընդդիմությունը միաբանված է եւ մտադիր չէ նահանջելու: Նա վճռական գնալու է մինչեւ հաղթանակ: Բայց դրա համար նա պիտի հավաքի այդ 150.000-ը: Անհույս չէ վիճակը, հիմա իշխանական բուրգը խոր ներքին անհանգստության մեջ է եւ կորցրել է նույնիսկ խոհեմաբար կեղծելու ունակությունը: Մենք նրանց անհանգստությունը պետք է վերածենք տագնապի: Մենք ոչ մի բանի առջեւ կանգ չենք առնի, ընդդիմությունը կգնա ձեր առջեւից, միայն թե եկեք: Ես էլ կգնամ ձեր առջեւից, ձեզ մենակ չեմ թողնի, բայց սատարեք մեզ»:
Իսկ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ հանրաքվեի արդյունքների կեղծումն ընդամենը փաստում է, որ մենք այսօր ապրում ենք «անօրինական, կրիմինալ» պետությունում: «Մեր բոլորի պարտքն է միասին այս ամենին վերջը տալ»,- հայտարարեց նա` կոչ անելով քաղաքացիական արիության, միասնական պայքարելու օրինականության հաստատման համար:
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա առաջիկա ուրբաթ օրը, ժամը 16:00-ին, իսկ մինչ այդ, ինչպես նշեց Արամ Սարգսյանը, միասնական ընդդիմությունը կհավաքվի որեւէ փակ դահլիճում եւ հեղափոխական գործողությունների կազմակերպչական խմբեր կստեղծի, որոնք ժողովրդին կառաջնորդեն դեպի Բաղրամյան փողոց…
Ի դեպ, երեկ Արամ Զ. Սարգսյանը ժողովրդին տեղեկացրեց, որ իշխանությունները «մարդիկ են տեղադրել հանրահավաքի շարքերում, որոնք ընդունակ են ցանկացած պրովոկացիայի»: «Նրանք ժողովրդի մեջ տարածում են, թե` հիմա նորից 2003թ. նման մեզ կուղարկեն տուն, ոչինչ չեն կարող անել եւ այլն: Մենք ստեղծել ենք դրուժինաներ, որոնց մեջ կան բժիշկներ, լրագրողներ ու նախկին ոստիկաններ, կպաշտպանեն ձեզ»,- ասաց նա` վստահեցնելով, որ միասնական ընդդիմության հաղթանակին արդեն սկսել են հավատալ նաեւ իշխանության մի շարք ներկայացուցիչներ:
Հ.Գ. ՀԺԿ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ կոալիցիայի անդամ պատգամավորները, որոնք մասնակցել են հանրաքվեի արդյունքների կեղծման գործընթացին, ԱԺ-ում ամաչում են նայել իրենց աչքերին: «Նրանք ամաչում են մեզ հետ հանդիպել ու ամեն ինչ անում են, որ միջանցքում հանկարծ իրար չհանդիպենք»,- ասաց նա: Իսկ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, որտեղ մարդիկ կեսօրին գնում են «պերերիվ անելու համար»: