Երեւանի փողոցներում, մասնավորապես` Օպերային հարող տարածքում, երեկ երեկոյան մարդաորս էր սկսվել: Ոստիկանությունն ընդդիմության հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հերթական ահաբեկումների շարքն է սկսել: Երբ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցած հանրահավաքից հետո մարդիկ տուն էին վերադառնում, քաղաքացիական հագուստով շուրջ տասը հոգի մարդկանց շարքերում հրահրումներ են սկսել: Այնուհետեւ նրանցից մեկն օգնություն է կանչել մյուս մայթին կանգնած եւ ամեն վայրկյան հարձակման պատրաստ ոստիկաններին ու կարմիր բերետավորներին: Քաղաքացիական հագուստով մարդիկ հանրահավաքին մասնակցածներին հետապնդել են մինչեւ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ եւ բռնությամբ «խցկել» մեքենաները: Ինչպես տեղեկացրին «Հանրապետություն» կուսակցությունից` «Հանրապետության» Մարալիկի տարածքային կառույցի անդամ Կարեն Սաղաթելյանին 18:30-ի սահմաններում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք բռնությամբ խցկել են ավտոմեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ: Բռնությամբ միկրոավտոբուս են խցկել ու անհայտ ուղղությամբ տարել նաեւ մարալիկցիներ` «Հանրապետության» անդամներ Լեւոն Պետրոսյանին, Միշա Սուքիասյանին: Իսկ ԱԺՄ Մալաթիա-Սեբաստիա համայնքի կառույցի ղեկավար Մարգարիտա Մանուկյանին ու նրա ամուսին Վրեժ Երանոսյանին էլ տարել են Ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի բաժանմունք: Այստեղից զանգահարել ու հայտնել են, որ Ոստիկանությունում մի քանի տասնյակ ձերբակալվածներ կան: Ըստ ականատեսների` «մարդկանց որսալ սկսել էին շատ ավելի վաղ», եւ արդեն ոստիկանական գազելները լիքն են եղել ձերբակալվածներով: Ի դեպ, Ոստիկանություն են տարել, ապա, քիչ անց, ազատ արձակել «Հանրապետության» անդամ Արտակ Հակոբյանին: