Առանց Խաչիկի

07/06/2012

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը պաշտոնապես հաստատել է, որ հեռանում է այդ աշխատանքից: Երեկ տարածած հաղորդագրության մեջ Գալստյանը տեղեկացրել է, որ սույն թվականի հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում է իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները:«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն»,- նշված է նրա հաղորդագրության մեջ, որում նա որեւէ կերպ չի մեկնաբանում իր քայլի պատճառները: Հիշեցնենք, որ Գալստյանից Գ. Ծառուկյանի ունեցած դժգոհությունների մասին մամուլը բազմիցս է գրել: Մասնավորապես, տեղեկություններ հրապարակվեցին, որ ԲՀԿ նախագահին զայրացրել են լուրերը, որ Գալստյանն առանց իր իմացության այցելել է նախագահական նստավայր: Ծառուկյանի խոսնակի պաշտոնը, ըստ տարբեր տեղեկությունների, կարող է զբաղեցնել այդ կուսակցության երիտասարդ անդամներից մեկը` պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանը կամ Վահան Բաբայանը: