«Գնացեք ու փոխեք համաեվրոպական կանոնները»,- ասում է «Ընտրական օրենսգրքի» հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանը

07/06/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Հարությունյան, միջազգային դիտորդական խմբերն իրենց զեկույցներում մտահոգություն են հայտնել, որ շատ ընտրողների մոտ անձնագրերում դրվող կնիքը ժամանակից շուտ է օքսիդացել: Իսկ ընդդիմությունը հայտարարում է, թե դա հնարավորություն է ընձեռել, որ մի ընտրողը քվեարկի մեկից ավելի անգամ: Այսինքն` չիրականացավ Ձեր` որպես Ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակի այն պնդումը, թե անձնագրում դրվող կնիքը կսահմանափակի ընտրակեղծիքների հավանականությունը: ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին առաջարկել է միջազգային դիտորդների նշած թերությունները վերացնել մինչեւ 2013թ. նախագահական ընտրությունները: ՀՀ-ն պատրա՞ստ է համապատասխան օրենսդրական փոփոխություններ անել:

– Նախ` պետք է հասկանանք, որ անձնագրերում կնիք դնելը կամ մատների թանաքոտումն ընդամենը լրացուցիչ մեխանիզմ է: Բազմաթիվ երկրներ այդ մեխանիզմը չեն էլ գործադրում եւ սահմանափակվում են ընտրակեղծիքների դեմ պայքարի այլ մեխանիզմներով: Մեզանում եւս սա կրկնակի քվեարկության դեմ պայքարելու միակ ձեւը չէ: Եթե ուշադրություն դարձրել եք, տարբեր երկրներում կրկնակի քվեարկությունը ծագել է այն ժամանակ, երբ ցուցակները կազմվում են առանձնահատուկ ձեւով, երբ նույն անձը հայտնվում է մի քանի տարբեր ցուցակներում կամ տեղամասերում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում ընտրողները նախապես գնում եւ գրանցվում են որպես ընտրող: Եվ, իհարկե, բացառված չէ, որ նույն ընտրողը կարող է գրանցվել մեկից ավելի տեղամասերում: Մեզանում, ի տարբերություն նման երկրների, ստեղծված է միասնական ընտրողների ռեգիստր, որ բացառվեն կրկնությունները: Ավելին` այդ ցուցակները տեղակայվում են համացանցում` տալով ներբեռնելու հնարավորություն: Այսինքն` հնարավոր մեխանիզմ, թե նույն մարդը կհայտնվի տարբեր ցուցակներում, գործնականում բացառված է: Անձնագրերի կնքումը լրացուցիչ մեխանիզմ է, որ մեկ անգամ եւս համոզվենք, թե անձը երկրորդ անգամ չի քվեարկել: Մյուս մեխանիզմն այն է, որ երբ ընտրողը գրանցվում է հանձնաժողովի անդամների մոտ, անդամը պետք է համոզվի, որ նա գտնվում է ցուցակում: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ վստահված անձը հենց այդ պատճառով է նստած հանձնաժողովի 2 անդամների միջեւ, որ վերահսկի, թե իրականում ընտրողը գրանցվե՞ց իր անվանը համապատասխանող տողում:

Իսկ եթե անձնագրերում կնիք դնելու գործընթացը շատ հաջողված չէր, պատճառը տեխնիկական էր: Թանաքը պատշաճ ձեւով չէին խառնել: Եվ ճիշտ չէ դիտորդների այն կարծիքը, թե թանաքը չի փորձարկվել: Թերեւս, մեր հիմնական թերացումն այն էր, որ օրենսդրորեն պետք է կարգավորեինք, որ թանաքով սրվակը պետք է պատշաճ ձեւով թափահարել, որպեսզի բոլոր քիմիական բաղադրիչները գործածելուց առաջ խառնվեն: Այդ թերությունը, կարծում եմ, որ մենք կվերացնենք կամ ԿԸՀ որոշման մակարդակով, կամ անգամ օրենսդրորեն:

– Իսկ հնարավո՞ր է, որ մինչեւ 2013թ. ընտրությունները օրենսդրական փոփոխություն կատարվի եւ քվեարկողների ցուցակները ընտրություններից հետո հրապարակվեն: Չէ՞ որ ընդդիմությունը հայտարարում է, թե հիմնական կեղծիքներից մեկը եղել է ավելի քան 500 հազար բացակայող ընտրողների փոխարեն քվեարկելը:

– Այս անգամ մենք կատարեցինք մի շարք աննախադեպ քայլեր, եւ դրանցից մեկն այն էր, որ ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցությանը հնարավորություն էր ընձեռում դիմել ԱԱԾ համակարգի օգնությանը: Այնտեղ առկա է մի համակարգ, որում ամրագրվում են սահմանային հատումները: Եթե անձը հատում է սահմանը Հայաստանից դուրս, ապա այդ համակարգում այդ տվյալն առկա է: Եթե նա հատում է սահմանից ներս, մտնում է Հայաստան, այդ տվյալները եւս առկա են: Եվ այդ համակարգը բաց եղավ այս ընտրությունների ժամանակ: Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ից եւ «Միավորված Հայերից» բացի, ընտրություններին մասնակցող մյուս 7 կուսակցությունները ցանկություն ունեցան օգտվել այդ համակարգի տվյալներից, որ նախապատրաստեին իրենց բողոքները, եթե այդպիսիք լինեին ընտրություններից հետո: Ավելին, այդ կուսակցություններն, իրենց ներկայացուցիչներն ԱԱԾ շենքում անցան ուսուցում, թե ինչպես օգտվեն համակարգից: Իրենք ուղղակիորեն ստանալու էին տվյալների բազան` առանց միջամտության: Համակարգը բաց էր 24 ժամ այնքան օր, քանի դեռ հնարավորություն կար ներկայացնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոք: Ի ուրախություն բոլորիս` որեւէ կուսակցության որեւէ ներկայացուցիչ այդ ընթացքում չօգտվեց համակարգից, ինչը նշանակում է, որ որեւէ անձի վերաբերյալ նրանք կասկած չունեին: Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակային լինելուն, ապա դրանք հասանելի են: Մենք ընդամենն ասում ենք, թե չենք հրապարակում ստորագրված ցուցակները: Սակայն յուրաքանչյուր վստահված անձի համար, թե ընտրությունների օրը, թե վերահաշվարկի ժամանակ, այդ ցուցակները հասանելի են: Օրենքում ամրագրված է, որ նրանք կարող են կատարել ինքնուրույն քաղվածքներ այդ ցուցակներից: Եթե դուք կասկած եւ ապացույցներ ունեք, որ այս տեղամասում տեղի է ունեցել ընտրախախտում, կարող եք ներկայացնել վերահաշվարկի դիմում, որի քննարկման ժամանակ բացվում են զմռսված փաստաթղթերը: Եվ յուրաքանչյուր վստահված անձ կարող է ինքնուրույն քաղվածքներ անել այդ ցուցակից, կարող է ցուցակը արտագրել: Այսքան հնարավորությունների դեպքում, եթե չկա բողոքելու գոնե մի դեպք, նշանակում է, որ նման երեւույթը մեզանում վերացվել է: Եվ դա ամենակարեւոր արդյունքներից մեկն է:

– ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարել Հոֆստրան, ընտրություններից հետո ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի կիրառումը մոնիտորինգի ենթարկող աշխատանքային խմբի վերջին նիստի ժամանակ, ընդունելով, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվել ցուցակների հրապարակմանը, ասաց, թե այդ առումով, այնուամենայնիվ, մտահոգություն կա:

– Կ.Հոֆստրային շատ հարգելով` պետք է ասեմ, որ ինքը, այնուամենայնիվ, պետք է իմանա իր հնարավորությունների սահմանը (եթե դու ճիշտ ես մեջբերել իր խոսքը): Ինքը փորձագետ չէ, սովորական բյուրոկրատ է այդ համակարգում: Իսկ բյուրոկրատների կողմից փորձագիտական եզրակացություններ անելը շատ վտանգավոր երեւույթ է: Կ.Հոֆստրան պետք է բարի լինի ու կարդա Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված փաստաթուղթը, որն անցել է ԵԽ ԽՎ, ԵԽ Նախարարների կոմիտեի քննարկումներով: Եվ եթե նա ցանկություն ունի աշխատել փորձագետ, ես նրան կառաջարկեի ոչ թե փորձարկումներ անել ՀՀ-ում եւ ոչ թե ՀՀ-ի համար սահմանել յուրահատուկ կանոններ, որոնք Եվրոպայում համարվում են անթույլատրելի, այլ գնալ ու փոխել համաեվրոպական կանոնները: Հայտարարել, որ Եվրոպայում եւս ստորագրված ցուցակների հրապարակումը դիտվի որպես նորմալ երեւույթ: Այդ դեպքում միայն ես կհամարեի, որ նա իրեն իրավունք կարող է վերապահել կարծիք արտահայտել ՀՀ-ի վերաբերյալ: Բանն այն է, որ այս ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով: Շատերի համար նույնիսկ անսպասելի էր, որ մենք պատրաստ ենք այսպիսի թափանցիկ մեխանիզմներ ներդնել: Եվ ներդրված թափանցիկ մեխանիզմներն ամբողջովին չեն օգտագործվել, որովհետեւ որեւէ մեկը ընթացքում խնդիր չի տեսել:

– Կարծիք կա, որ այս անգամ ընտրակեղծիքների ավելի պրոֆեսիոնալ մեխանիզմ է մշակվել: Բացի այդ, համատարած ընտրակաշառք է բաժանվել, որը դժվար է ապացուցել, քանի որ ոչ տվողն է բողոքում, ոչ էլ վերցնողը:

– Կարծում եմ, որ ընտրակաշառքի մասին լուրերը շատ ավելի չափազանցված են, քան իրականում այդ երեւույթն առկա է: Կարծում եմ, քանի որ բացակաների փոխարեն քվեարկության, ցուցակների ուռճացման հիմքերը վերացվեցին, եւ քանի որ դժգոհողները չստացան իրենց ակնկալածը, այլ ստացան այնքան ձայն, որքան իրականում ունեին, դրա համար էլ հիմա փնտրում են այլ մեղավորներ: Եվ հեշտ է մեղավոր համարել մի երեւույթ, որը շատ դժվար է ապացուցել, որի վերաբերյալ չեն կարող որեւէ փաստարկ ներկայացնել, եւ ոչ էլ մենք կարող ենք հակափաստարկ ներկայացնել, որովհետեւ, ընդհանուր առմամբ, խոսակցությունները հիմք չեն:

– Իսկ 2008թ. համեմատ 2012թ. ընտրացուցակներում ինչպե՞ս ավելացան մոտ 170.000 ընտրողները:

– Դա հասկանալու համար անհրաժեշտ է տարրական գիտելիքներ: Հենց այս պահին ես նամակ էի գրում ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Նիքոլսոնին` առաջարկելով վերցնել թուղթ ու գրիչը եւ կատարել տարրական թվաբանական հաշվարկ: Ի տարբերություն 2008թ.` 2012թ. ցուցակը ձեւավորվում է հետեւյալ ձեւով` բնականաբար, վերջին 5 տարիների մահացածները ցուցակներից դուրս են գալիս, ավելանում են նրանք, ովքեր 2008-2012թթ. դարձել են 18 տարեկան: Նրանք` ովքեր ծնվել են 1990-1994թթ.: Պաշտոնական տվյալներով` 1990թ. ՀՀ-ում ծնվել է 79.882 մարդ, 1991-ին` 77.825, 1992-ին` 70.581 մարդ, 1993-ին` 59.041, 1994-ին` 51.143 մարդ: Ի տարբերություն այս թվերի` 2007թ. ՀՀ-ում մահացել է 26.830 մարդ, 2008-ին` 27.412, 2009-ին` 27.560, 2010-ին` 27.921, 2011-ին` 28.030 մարդ: Եթե համեմատում ենք, ապա տեսնում ենք հետեւյալ պատկերը` 1990-1994թթ. ծնվել է 338.472 մարդ, 2007-2011թթ. մահացել է 137.753 հազար մարդ: Միայն այստեղ դրական տարբերությունը 200 հազարից ավելի է: Սա, իհարկե, միակ գործոնը չէ, թե ինչու ցուցակներում ավելացան ընտրողները:

– Բայց չէ՞ որ 1990-1994 թվականներին նախորդող հնգամյակում` 1985-1989թթ., նույնպես ծնելիության մակարդակը այդքան ու նույնիսկ ավելի բարձր է եղել: Այդ դեպքում ինչո՞ւ ծնելիության, եթե ոչ ավելի, ապա նույն մակարդակի դեպքում` 2008թ. ընտրողների քանակը 2012-ի համեմատ 170 հազարով պակաս էր:

– Չգիտեմ, չեմ վերլուծել, թե ինչքան է եղել նախկինում ծնունդը, եւ ինչքան` մահերը: Ես ընդամենը ուզում եմ ապացուցել մի պարզ բան, որ 2008 եւ 2012-ի աճը ունի բացարձակապես օբյեկտիվ հիմքեր: Օրինակ, 2003-ին մենք չենք ունեցել 27 հազար երկքաղաքացի, ունեցել ենք 2008-ից հետո: Նախկինում չենք ունեցել երկքաղաքացիության ինստիտուտ: Գործոնները մի քանիսն են, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր դերակատարումը: Մենք այստեղ չենք խոսում արտագաղթի մասին, որովհետեւ դա էլ նվազեցնում է, հակառակ դեպքում` կաճեր ոչ թե 170 հազարով, այլ, հավանաբար, 270 հազարով: Ուրեմն, մենք ունենք դրական եւ բացասական գործոններ: Միակ բանը, որ ես ուզում եմ ցույց տալ, այն է, որ ակնհայտ դրական գործոնը, նույնիսկ մի գործոնը այնքան մեծ է, որ այդ աճը բացատրելի է: