«Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքում»,- նշված է հեղինակավոր իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության` երեկ հրապարակված «Պետություններն անցումային շրջանում» վերնագրով հերթական զեկույցում: Դրանում ամփոփվում են Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ հետխորհրդային տարածքի 29 պետությունների` վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումները: «Սառը պատերազմից հետո մեծ ժողովրդավարական հաջողություն գրանցած երկրների երիտասարդ ժողովրդավարական համակարգերը այժմ լրջորեն խոցելի են»,- նշվում է այդ զեկույցում: «Եվրասիայի որեւէ երկրում չի հաջողվել փաստացի ազատվել կառավարման հին սովորություններից եւ դադարեցնել մենաշնորհները քաղաքական եւ տնտեսական իշխանության ոլորտներում, եւ դա դարձել է վերջին 2 տասնամյակի մեծագույն հիասթափություններից մեկը»,- արձանագրում են «Freedom House»-ի մասնագետները: Զեկույցում հիմնական շեշտադրումները կատարվել են ընտրական համակարգերի կենսագործունեության, մամուլի ազատության եւ քաղաքացիական հասարակության ոլորտների վրա, գնահատվել են նաեւ այդ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը: Զեկույցում երկրները գնահատվել են յոթ բալանոց սանդղակով, որտեղ մեկ միավորը համապատասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ յոթ միավորը նշանակում է, որ տվյալ պետությունում ավտորիտար կառավարում է: Ըստ այդմ, «Freedom House»-ի մասնագետները Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում գնահատել են 5.39 միավորով, ինչը գրեթե հավասար է նախորդ տարի տրված գնահատականին` 5.43: Այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որն այս զեկույցում դասվել է անցումային կամ «հիբրիդային» տիպի պետությունների շարքին: Ժողովրդավարության զարգացման եւ կայացման առումով Հայաստանից վատ վիճակում են միայն Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաեւ` Ռուսաստանն ու Բելառուսը: Նշված երկրները, ըստ «Freedom House»-ի զեկույցի, դասվում են ավտորիտար պետությունների շարքին: Առանձին ոլորտներին տրված գնահատականների շարքում` զեկույցի հեղինակները որոշակի բարելավումներ են արձանագրել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առումով: «Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը Հայաստանում եւ Վրաստանում կարող է դիտվել որպես դրական քայլ` ուղղված ստորին մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշված է զեկույցում: Մյուս ոլորտներում գրեթե բոլոր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ անփոփոխ են մնացել: Օրինակ, ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը, ըստ զեկույցի հեղինակների, կազմել է 5.75: Իսկ, օրինակ, ԶԼՄ-ների անկախության առումով Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ Տաջիկստանը: Ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է քաղաքացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի արձանագրած առաջընթացը համադրելի է Վրաստանի եւ բալկանյան մի շարք պետությունների հետ: