Մերժել են ու հրավիրել

07/06/2012

«Անկարան մերժել է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչը` նկատելով, որ այդ հարցում եղած հիմնական խոչընդոտը եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքիայի կեցվածքն այս հարցում պարզ է»,- երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet Daily News»-ը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին Երեւանում Թուրքիային կոչ էր արել նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ` նշելով, որ «գնդակը Թուրքիայի խաղադաշտում է»: Ի դեպ, սրան զուգահեռ` երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 26-ին հրավիրվել են Ստամբուլ` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հավաքին: Թուրքիան ստանձնում է այդ կազմակերպության նախագահությունը, եւ, քանի որ այս տարի նշվելու է այդ կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, հրավիրվել են ոչ միայն արտգործնախարարները, այլեւ նախագահները: Թուրքական մամուլը երեկ գրել է, որ պաշտոնական Անկարան հայկական կողմին հրավերն արդեն ուղարկել է եւ սպասում է արձագանքին եւ դրական պատասխանի ակնկալիք ունի: Թուրք պաշտոնյաները հույս են հայտնել, որ Հայաստանը չի մերժի հրավերը եւ համաժողովին կմասնակցի գոնե արտգործնախարարի մակարդակով: